Տեղի ունեցավ «Լոռվա ձոր» հայրենակցական միության ժողովը, որի ժամանակ հաշվետվություն ներկայացվեց 2 տարվա ընթացքում կատարածի մասին: Ընդգծվեց, որ գործունեության առանցքում եղել են հայրենի եզերքը եւ այնտեղ ապրող մարդկանց հուզող եւ անհանգստացնող խնդիրները, դրանց նկատմամբ Երեւանում ապրող իրենց հայրենակիցների հոգատարությունն ու ջերմ վերաբերմունքը՝ քննարկումների, բազմաբնույթ միջոցառումների, կոնկրետ քայլերի, աջակցության եւ օգնության տեսքով: Հայրենակցական միության հաջորդ կարեւոր ուղղությունը Մեծ Լոռեցու՝ Հ. Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներն էին, որոնց մեկնարկը տրվեց այս տարվա փետրվարի 18-ին Թբիլիսիում՝ Խոջիվանքի պանթեոնում գտնվող բանաստեղծի գերեզմանի մոտ, եւ ավարտվեց հոկտեմբերի 10-ին նրա ծննդավայրում՝ Դսեղում՝ «Թումանյանական օրվա» հանդիսույթով: Իսկ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ էին միջոցառումները. մասնավորապես Թումանյանական ոգեկոչումներ՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի բացումը Հյուսիսային համալսարանում, «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ 13 անուն գրքի հրատարակություն: Ժողովականները, նշելով այս եւ նման միջոցառումները, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանին շնորհակալություն հայտնեցին կազմակերպության արդյունավետ գործունեության համար: Հաշվետու ժողովը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ ընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանին, ով մեր թղթակցին փոխանցեց հետեւյալը. «Մենք կշարունակենք վերջին երկու տարվա ընթացքում ձեւավորված ավանդույթները, մեր գործունեության կենտրոնում ունենալով հայրենի Լոռվա ձորը՝ իր ամենատարբեր խնդիրներով եւ ուրախություններով: Ապրելով մայրաքաղաքում՝ ոչ միայն ականջալուր պիտի լինենք նրանց դժվարություններին, այլեւ փորձենք թեթեւացնել նրանց հոգսերը, բարոյապես նեցուկ լինել: Քայլեր կարվեն, որ աշխուժանա մշակութային կյանքը, իսկ մայրաքաղաք եւ հեռու-մոտիկ բնակավայրեր երկկողմանի կապը թույլ կտա ամուր պահել նվիրումը հայրենի եզերքին: Լոռվա ձորի՝ արտասահմանում եւ մեր երկրի տարածաշրջաններում ստեղծվող մասնաճյուղերը թույլ կտան գործել միասնաբար եւ ավելի հասցեական: Գաղտնիք չէ, որ փոքր հայրենիքի շենացումը հզորություն ու զարգացում է բերում երկրին, հույս եւ հավատ՝ բնակչությանը»: