Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդուրժենք, որ հանդուրժեն

Նոյեմբեր 20,2009 00:00

Անցորդներին նվիրեցին հանդուրժողականության բանալիները

«Մարդիկ համբերատարությունը միշտ շփոթում են հանդուրժողականության հետ, հանդուրժողականությունը երկխոսությունն է, խաղաղությունն ու համագործակցությունն է մարդկանց միջեւ, անձին ընդունելն ու հարգելն է: Մեր երկրում, եթե այն հաստատվի, կարծում եմ՝ մեր շրջապատում խաղաղությունն անխուսափելի կլինի, եւ կկարողանանք կառուցողական կյանք ապրել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ապագան քոնն է» հ/կ նախագահ Նարինե Սարգսյանը: Նրա նախաձեռնությամբ, հանդուրժողականության միջազգային օրվա առիթով երեկ կազմակերպվել էր «Հանդուրժողականության բանալիների տոնավաճառը» միջոցառումը: Տիկին Սարգսյանի խոսքով, միջոցառումը «Հանդուրժողականություն մշակութային երկխոսության միջոցով» ծրագրի ամփոփումն էր. «Այս ծրագրի շրջանակներում կազմել էինք մոտ 90 երիտասարդներից բաղկացած խումբ, որոնք մեկ ամիս շարունակ մասնակցեցին հանդուրժողականության դասընթացներին, մշակութային տարբեր դասերի, այնուհետեւ մասնակիցներն իրենց սովորածը տարածում են բուհերում եւ դպրոցներում»: Ծրագրում ընդգրկված երկու մշակութային հասարակական կազմակերպություններ՝ «Հույսի ակունք»-ը եւ «Ծիծեռնակ»-ը, հանդուրժողականության դասընթացներ են կազմակերպել նաեւ մարզերի բնակիչների համար: «Հանդուրժողականության բանալիների տոնավաճառը» համախմբել էր հայ եւ օտարազգի երիտասարդների, որոնք միջոցառման շրջանակում ներկայացրին ազգային խորհրդանիշներ: «Առավոտի» հետ զրույցում հրեական փոքրամասնությունը ներկայացնող Հասմիկ Առաքելյանն ասաց. «Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրը հանդուրժողականությունը պետք է իր մեջ գտնի, ոչ թե ակնկալի դիմացինից: Այն ամենը, ինչ ցանկանում ենք, որ մեզ անեն, նույնը մենք պետք է անենք ուրիշին: Հանդուրժենք, որ մեզ հանդուրժեն»: Միջոցառման հյուրերը, ծանոթանալով ազգային խորհրդանիշներին, մասնակցեցին խմբային աշխատանքների՝ պատրաստելով տարբեր հուշանվերներ: Միջոցառման մասնակիցները իրենց պատրաստած հուշանվերները նվիրեցին փողոցում պատահական անցորդներին՝ որպես հանդուրժողականության կոչ եւ ուղերձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել