Կամ այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել աթոռը՝ չփոխելով աշխատաոճը
Մի կողմից՝ զարմանալի է, թե ինչու է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի «ջիպն» այդքան աղմուկ հանում՝ չէ՞ որ մեր գրեթե բոլոր նախարարներն էլ, եւ անգամ շատ ավելի մանր չինովնիկները, ջիպերով են շրջում: Բայց մյուս կողմից՝ ֆինանսատնտեսական այս ճգնաժամի պայմաններում, բյուջե-2010-ի քննարկումների շրջանում (հիշեցնենք, որ հենց կրթության ոլորտի բյուջեն է ամենաշատը տուժել, եւ եկող տարի կտրուկ կրճատվել են ոչ միայն նախարարության ծախսերը, այլեւ դպրոցաշինության եւ դպրոցների վերականգնման համար գրեթե գումար չի նախատեսված), խիստ աչք է ծակում երիտասարդ նախարարի նոր ձեռքբերումը: Ի դեպ, պարոն նախարարը, որը մեր թերթի հրապարակման ետեւում «ինչ-որ պատվիրատուների ականջներ» է տեսնում, իր նոր մեքենայի մասին «Ա1+»-ին ասել է. «Մեքենան ձեռք է բերվել ոչ պետական միջոցների, ոչ պետբյուջեի հաշվին. այն ձեռք է բերել Կրթության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն, որի գործերն ընթանում են այնքան հաջողությամբ ու այնքան լավ, որ ունի շահույթ, եւ իր շահույթից գնել է այդ մեքենան եւ նվիրել կրթության եւ գիտության նախարարությանը. դա ոչ մեկի սեփականությունը չէ, դա պետական է: Մնացած շահարկումներն ուղղակի քաղաքական են»: Նաեւ հավելել է. «Վերջին ժամանակահատվածում նախարարությունում բավականին խորը եւ ցավոտ փոփոխություններ են իրականացվում, մերժվել են մի քանի խնդրանքներ, որոնք չէին կարող անհետեւանք մնալ ինձ համար, որովհետեւ այդ մերժվողները բավականին ազդեցիկ մարդիկ են, եւ եթե այդ իրականությանը չհամապատասխանող փաստերի տարածումը եւ նենգափոխումը շարունակվի, ապա ստիպված կլինեմ անուն առ անուն նշել բոլոր նրանց, ովքեր ինձ դիմել են, ինչի համար են դիմել, եւ ես ինչու չեմ արել»:
«Ահա եւ չարաբաստիկ ջիպը»:
Մինչ շարունակելը՝ պարոն նախարարին մի խնդրանք՝ հրապարակեք, խնդրում ենք, այդ բոլոր խնդրողների եւ մերժվողների (եթե կան չմերժվողներ՝ նաեւ նրանց) անունները: Հասարակությունն իրավունք ունի իմանալու: Եվ մատնանշեք, խնդրում ենք, թե մեր հրապարակած ո՞ր փաստերն են, որ իրականությանը չեն համապատասխանում, որպեսզի շտկենք: Գուցե սխալվել էինք, գրելով, որ ԿԱԻ-ն «փոխանցել է մեքենան ԿԳՆ-ին», քանի որ նախարարն իր խոսքում նշում է, որ ԿԱԻ-ն մեքենան «անհատույց տվել է»: Իսկ առայժմ, հարգելով պարոն նախարարի տարբեր ականջներ տեսնելու իրավունքը, մեջբերենք Կրթության ազգային ինստիտուտի 2008 թվականի գործունեության հաշվետվությունից հետեւյալ տողը. «Հրազդան, Աշտարակ, Արարատ, Մեծամոր քաղաքներում տեղակայված մասնաճյուղերի շենքային պայմանների անմխիթար վիճակը, աշխատանքային նորմալ պայմանների բացակայությունը հնարավորություն չեն տալիս նշված մասնաճյուղերում ապահովել տարվող աշխատանքների բարձր արդյունավետություն»: Ահա այսպիսի վիճակում է այն ՓԲԸ-ն, որի գործերն, ըստ նախարարի, ընթանում են այնքան հաջող եւ այնքան լավ, որ իր շահույթներից նախարարի համար ջիպ է առնում, երբ, ասենք, կարող էր այդ 4 մասնաճյուղերից որեւէ մեկի շենքային պայմանները բարելավել իր «շահույթներով»: Նաեւ հետաքրքիր է, թե այդ ինչ հաջողակ բիզնես է արել Կրթության ազգային ինստիտուտը, որի արդյունքում գոյացել է ավելորդ $70 հազար, որը վերածվել է ԿԳՆ-ին փոխանցված ջիպի:
Սակայն գանք նրան, թե ինչո՞ւ է Կրթության ազգային ինստիտուտը որոշել նման «նվեր-փոխանցում» անել: Ինչպես մեզ հաղորդեց երեկ խմբագրություն այցելած ԿԱԻ մի աշխատակից, որը, ինչպես եւ սպասվում էր, ցանկացավ գաղտնի մնալ, այս ամենն ունի հետաքրքիր նախապատմություն:
Պարզվում է, դեռ մայիսին, երբ Արմեն Աշոտյանը նոր էր դարձել կրթության եւ գիտության նախարար, թերթերից մեկում ծավալուն քննադատական հրապարակում էր եղել Կրթության ազգային ինստիտուտի մասին: Մասնավորապես, խոսք էր գնացել այդ հիմնարկում կադրային սխալ, անգամ՝ երբեմն հանցավոր ընտրության, ընկերա-բարեկամա-խնամիական հարաբերությունների, ԿԱԻ-ն, իր իսկ աշխատակիցների, խոստովանենք՝ կոպիտ բնութագրմամբ՝ «դաշնակցական որջ» դարձնելու մասին: Բացի այդ, մամուլում (այդ թվում՝ «Առավոտում») պարբերաբար հրապարակումներ էին լինում ԿԱԻ-ի կողմից զարմանալիորեն «դաբրո» ստացած անորակ դասագրքերի մասին, եւ կասկածներ էին հայտնվում, որ այդ «վայ-դասագրքերը» սույն ինստիտուտում երաշխավորվում էին համապատասխան վերաբերմունքի արդյունքում: Մի խոսքով՝ ոչ նախանձելի վիճակում գտնվող մի հիմնարկ, որտեղ աշխատում է ավելի քան 300 մարդ, ընդ որում՝ շատերը՝ կես դրույքով: Այս հիմնարկի հիմնական գործառույթը, բացի կասկածելի որակի դասագրքերը մեծ կյանք ճանապարհելուց, նաեւ ուսուցիչների վերապատրաստումներն են: Ճիշտ է, այսօր ինստիտուտը որոշակիորեն թեթեւացած է վերապատրաստման հոգսից, քանի որ որոշ գործառույթներ հանձնել է այլ մարմինների, սակայն եղած գործն էլ արվում է ոչ բարձր մակարդակով:
Կարճ ասած՝ մի հաստատություն, որը փակ բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետերը 100%-ով պետությունն է, եւ որը սնվում է դրամաշնորհներից եւ բյուջետային հատկացումներից: Ասենք, 2009թ. բյուջեի մեջ մենք գտանք ԿԱԻ-ին հատկացված 497 մլն 992 հազար դրամի չափով գումար՝ «կրթության բովանդակային եւ մեթոդական սպասարկում եւ հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում» տողով, եւ եւս 225 մլն 27 հազար դրամ՝ «նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման բարեփոխումներ» տողով:
Վերադառնանք մեր ինտրիգա-դետեկտիվային պատմությանը: Այսպես ուրեմն՝ այդ հրապարակումների արդյունքում ԿԱԻ-ի այն աշխատակիցները, որոնք պատահմամբ դաշնակցական չէին կամ չէին տեղավորվում ԿԱԻ-ի կադրային քաղաքականության տրամաբանության մեջ, անհամբեր սպասում էին, որ նորանշանակ, ընդ որում՝ հանրապետական նախարարը վերջապես կմաքրի այս հիմնարկը: Ըստ «Առավոտի» աղբյուրի, նախարարը, լսելով այս բողոքները, խոստացել էր՝ «ես կստուգեմ, եւ եթե լինի մեղք, կլինի նաեւ պատիժ»: Սակայն, շուտով, կրկին ըստ մեր անանուն աղբյուրի, որը, ի դեպ, ազնվորեն խոստովանեց, որ «վառված է ԿԱԻ ղեկավարությունից», պատիժների փոխարեն այլ բան է կատարվում: ԿԱԻ նախկին հանրապետական, ներկայումս (դեռեւս) դաշնակցական տնօրեն Նորայր Ղուկասյանը Արմեն Աշոտյանի ցանկալի մարդկանց աշխատանքի ընդունելու համար աշխատանքից ազատում է գլխավոր հաշվապահին, իջեցնում է եւս մի փոխտնօրենի հաստիք եւ հարմարեցնում մի բաժնի վարիչի տեղ: Սակայն այդ ամենը, հավանաբար, քիչ է լինում, եւ որպես վերջին շտրիխ, հիմնարկի սեփական եկամուտներից գումար է տրամադրում եւ ջիպ մեքենա գնում նախարարի համար: