Միջնաբերդը արեւելքից:
Եթե անհնար էր գտնել ու զրույցի նպատակով հանդիպել ավտովաճառքի հրապարակ-շուկաների տերերի հետ, ապա ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ զրուցելը, չնայած նրանց ծանրաբեռնվածությանը, դժվարություն չէր ներկայացնում: Տեսնում էի, թե նրանցից ինչքան ջանք ու եռանդ էր պահանջվում հասկացնել վաճառքի հանված մեքենաների տերերին, որ քաղաքի թաղամասերն իրար կապող ճանապարհը պետք է բաց լինի: Այստեղ էլ հանդիպեցի ճանապարհային պարեկության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանին, որից էլ տեղեկացա, որ Երեւան քաղաքում առ այսօր կա շուրջ 150 հազար տրանսպորտային միջոց: Նախանցյալ տարի արտասահմանից ներմուծվել է 37 000, 2008 թվականին՝ 34 720 ավտոմեքենա:
– Հարեւան Թուրքիայի հետ սահմանի բացումով զգալի կավելանա արտասահմանյան մեքենաների ներհոսը հանրապետություն,- ասացի ես,- դա նշանակում է, որ հինգ տարի հետո քաղաքի փողոցներում լուրջ խցանումներ կառաջանան, ու այս բնագավառում է, որ մենք կհասնենք աշխարհի խոշոր մեգապոլիսներին:
– Համաձայն եմ,- ասաց պարեկային գնդի հրամանատարը,- առաջին հերթին անհրաժեշտ է Երեւանը շրջանցող օղակային ճանապարհ կառուցել: Իրենց երեխաներին ավտոմեքենաներով դպրոց բերող ծնողների պատճառով առավոտյան ու ճաշին Աբովյան, Մոսկովյան, Տերյան ու Նալբանդյան փողոցներում լուրջ խցանումներ են առաջանում:
– Ի՞նչ եք կարծում, երթեւեկության կանոնների հիմնական խախտողները շքեղ համարանիշներ ունեցող թանկարժեք մեքենաների տերերը չե՞ն:
– Ես հակառակ կարծիքի եմ: Նրանք հիմա քիչ են խախտում: Իսկ ահա խախտումներ կատարում են տաքսիների ու երթուղային տաքսիների վարորդները: 90%-ը մասնագետ վարորդներ չեն: Ում ասես՝ տաքսու վարորդ են ընդունում:
-Իսկ ես կարծում եմ, որ ամենահանդուգն խախտումներ կատարում են թանկարժեք մեքենաների վարորդները, -առարկեցի ես,- ու տեսուչները անպայման կանգնեցնում են նրանց, բայց երեւի ամեն ինչ ավարտվում է բանավոր զրույցով: Իսկ տաքսիստների խնդրում լիովին համաձայն եմ ձեզ հետ:
– Հսկել, որ պատահական մարդկանց վարորդ չվերցնեն՝ անհնար է,- ասաց ոստիկանության գնդապետը,- վարորդական քննություններն այսուհետեւ համակարգիչներով են իրականացվելու: Սա երեւի կնպաստի նրանց գիտելիքները բարձրացնելուն:
-Բայց խախտում են ոչ թե երթեւեկության կանոնները չիմանալու, այլ՝ այդպիսի մտածելակերպ ունենալու պատճառով,- առարկեցի ես:
– Մտածելակերպը հասարակության ընդհանուր մակարդակի, գիտակցության հետ է կապված: Ես լավատես եմ, հավատում եմ, որ ամեն ինչ կարգի կբերվի: Իհարկե, երթեւեկության տեսանկյունից քաղաքի առանձին հատվածներ վերակառուցման կարիք ունեն։
Շուկան լուսանկարելու համար որոշեցի բարձրանալ մոտակա շենքի երրորդ հարկի պատշգամբը: Շենքի մուտքի ձախ կողմում Արամայիս Ավետիսյանի (Արմո) քանդակն է ու նրա սիրելի արտահայտությունը. «Ինձ համար լավը այն է, երբ շատերի համար է լավ,
Ինչի՞ս էն պետք համբավ շինծու եւ անպտուղ գանձեր անբավ,
Թե որ պիտի թոշնեն վարդեր կոկոն պուրպուր՝ դեռ չբացված,
Չխռովվի անդորրն հոգում, չմորմոքա, խայտամ անցավ»:
Ես վերհիշեցի Արմոյի հետ իմ հանդիպումը: Նա 1990-ին մի անգամ ինձ իր մոտ հրավիրեց եւ արցախյան պայքարի համար առաջարկեց 5000 ռուբլի: Մի քանի օր հետո ես այն փոխանցեցի արցախյան շարժման ակտիվ գործիչներից մեկին՝ Արկադի Կարապետյանին՝ զենք գնելու նպատակով: Իսկ եռահարկ այս շինությունն ինձ հիշեցրեց Արմոյի մոտ մի հետաքրքիր հանդիպում՝ ժամանակի ամենահեղինակավոր անձանցից մեկի՝ օրենքով գող Սվոյ Ռաֆի (Ռաֆիկ Բաղդասարյան) հետ: Երբ Արմոն ծանոթացրեց, ես առանձին հետաքրքրություն չցուցաբերեցի, քանի որ այդ աշխարհից գաղափար չունեի: Հացկերույթի ժամանակ նա երկար ու մանրամասն խոսեց արցախյան ճակատում իմ լրագրողական գործունեության մասին: Հետո մոտեցավ ինձ եւ ասաց.
– Ես տեսնում եմ, որ դու մեր աշխարհի մասին չգիտես ոչինչ: Հասկանալի է, քանի որ դու Ղարաբաղով ես զբաղված: Ձեր աշխարհում պատերազմ է, մեր աշխարհում՝ խաղաղություն: Բայց ես ամբողջ հոգով ձեզ հետ եմ եւ կցանկանայի օգնել: Ասա. ի՞նչ կարող եմ անել:
– Մի քիչ ապրանք ունենք Արցախ տեղափոխելու համար,- ասացի ես.- բայց ճանապարհները փակ են:
– Խնդիր չկա,- ասաց նա,- Կիրովաբադի իմ տղաներին կասեմ՝ կտեղափոխեն: Դու ինձ պետք է ասես, թե սահմանին որտե՞ղ, ինչքա՞ն մեքենաներ լինեն, կբեռնեք, կհասցնեն Լեռային Ղարաբաղի սահմանը, կբեռնաթափեն: Թե ինչ է պարունակությունը, դա նրանց չի վերաբերում: Օրն ու ժամը ասա՝ մնացածը իմ գործն է:
Ես այս մասին հիշում եմ, քանի որ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ արցախյան ազգային ազատագրական շարժումը միավորել էր հայ ժողովրդի բոլոր շերտերն ու խավերը: Այսօր կրկին կարիք ունենք նման համազգային մի շարժման, որը կրկին ի մի բերեր հայությանը, նոր ոգի ու շունչ հաղորդեր մեր ամբողջականությանը՝ հանուն համընդհանուր բարգավաճման ու զարգացման, դուրս բերելու երկիրն ու հասարակությունը կոռուպցիայի ու աղքատության ճիրաններից:
Արմոյի եռահարկ շենքի պատշգամբից լուսանկարեցի ավտոշուկայից ու Արինբերդից տեսարաններ եւ քայլեցի դեպի Էրեբունու միջնաբերդը:
Իմ առջեւ, բարձունքին, շուրջ երեքհազարամյա Էրեբունի բերդաքաղաքի՝ թանգարանի վերածված միջնաբերդն է: Վերջին անգամ թանգարանի տարածք եմ այցելել երեք տարի առաջ, Երեւանի պետհամալսարանի ժուռնալիստ ուսանողների հետ, որոնց հետ «Փորագրիչները» վերնագրով ուսուցողական վավերագրական ֆիլմ էի նկարահանում: Ֆիլմը աշակերտական եւ ուսանողական նստարաններին, սեղաններին, գրատախտակներին իրենց անունները փորագրողների, հուշարձաններին, հասարակական շինությունների պատերին գրող-մրոտողների մասին է: Բայց այս ամենը չի վերջանում նստարանի կամ հուշարձանի փչացումով: Այն, ի վերջո, մտածելակերպ է դառնում. «փորագրող» պատանին հետագայում պատասխանատու անձ է դառնում, լիարժեք դաստիարակության բացակայության պատճառով, հին սովորության համաձայն, ամեն քայլափոխի խախտում է հասարակական կարգ ու կանոնը, օրենքները: Այստեղից էլ սկիզբ է առնում կոռուպցիան, բյուրոկրատիզմը, երկրի, հասարակության շահերի նկատմամբ անձնական շահի գերադասումը: Հիշեցի Էրեբունու Խալդի տաճարի՝ հայ ժողովրդի հնագույն սրբություններից մեկի պատերին որմնանկարների վրա արված գրությունները: Այն զարմանք ու ցասում էր առաջացրել ուսանողների մեջ, ու նրանք որոշեցին անխնա պայքարել այս երեւույթի դեմ, խանգարել, որ օրենքի, հասարակական կարգի խախտումը մտածելակերպ դառնա:
Դեռ խորհրդային տարիներից մի կերպ մնացած ասֆալտե ճանապարհը կեռմանով տանում էր վեր՝ Էրեբունու միջնաբերդ: Թանգարանի տարածքում գտնվող աջ կողմի բարձունքին նոր գերեզմաններ երեւացին: Իսկ բլուրը դեռ պեղված չէ: Ոչ ոք չգիտե, թե ինչ գաղտնիք ունի այն իր հողածածկույթի տակ: Իսկ եթե նոր հանգստարանում, ասենք, երեք մետր խորության տակ հնագիտական արժեք ներկայացնող շինություն կա, ի՞նչ պետք է անեն: Ճամփեզրին աճած փշատենին ասես բուն չունի, հիմքից ճյուղերը փռել է ասֆալտին: Միջնաբերդ տանող ամայի ու տատասկապատ լանջը, ինչպես երեւում է, վաղուց ջուր չի տեսել: Այս ամայության մեջ երբեմնի կանաչ կյանքի միակ վկան հինգհազարամյա գիհին է՝ Էրեբունու շինարարության ու հազարումի պատմական իրադարձությունների միակ կենդանի վկան: Այն իր փշատերեւ ճյուղերը փարթամորեն տարածել է 60 սմ հաստության բնի չորսբոլորը: Գիհու ծառը բլրի լանջին երբեմնի գիհու անտառի գոյության վկայությունն է: Հավանաբար, այն բնամթերք է ծառայել միջնաբերդի շինարարության համար:
Զբոսաշրջիկների հսկա ավտոբուսը հռնդալով վեր բարձրացավ: Քիչ անց այն, լցված զբոսաշրջիկներով, ետ դարձավ:
Միջնաբերդի հարավ-արեւելյան մուտքից առաջին շինությունը, որը դիմավորում է այցելուին, փայտե սյունաշարով Արինբերդի պահակատունն է: Օտար ճանապարհորդը, եթե հանկարծ հայտնվի այստեղ, ապա երբեք չի իմանա, թե որտեղ է գտնվում: Ոչ մի ցուցանակ, ոչ մի նշան: Իսկ էրեբունյան մթնոլորտը հենց առաջին քայլից պետք է գերի մարդկանց: Այստեղ էլ հանդիպեցի թանգարանի այցելուներին՝ Գինարփի Սիմոնյանին ու եկատերինբուրգցի Նաստյա Տեպլոուխովային, որը վերջերս էր հարս եկել Երեւան: Նրանք խնդրեցին իրենց իսկ խցիկով լուսանկարել իրենց:
– Նաստյան սիրահարված է Հայաստանին,- ասաց Գինարփին:
– Իսկ ի՞նչ է նշանակում ձեր ազգանունը,- դիմեցի հայերի ռուս հարսին:
– Բարի, թեթեւ լսողության, բարեգործության մասին է վկայում:
Շտապում էի վայրկյան առաջ տեսնել Խալդի տաճարի պատերը: Միջնաբերդի գլխավոր շինության առաջ գերաններ էին թափված: Պատերին նույն «փորագրողների» հետքերն են: Ավելացել է սպիտակ ներկով արված շրջանաձեւ ինչ-որ նշան: Որմնանկարները համարյա չեն նշմարվում: Շատ տեղերում ծեփը թափվել է քարերի հարվածներից: Ինչպես երեւում է, այն լիովին այցելուների կամքին է թողնված: Հավանաբար, հենց Էրեբունիի ներքին փոփոխություններով էլ պետք է դատենք, թե ինչ աստիճանի վրա է գտնվում հասարակական գիտակցությունը Հայաստանում: Օտար մարդկանց մոտ հայը հպարտանում է իր քաղաքի պատմությամբ, մշակույթի գործիչներով, եւ ահա այդ նույն մարդը կամ նրա որդին ավերում է սրբավայրը: Ուրեմն նա օտարի մոտ իր ժողովրդի անցյալով, մշակույթի անհատներով, սնափառությամբ ուզում է փայլել, առավել երեւալ, քան կա իրականում: Իսկ իրական դեմքը երեքհազարամյա տաճարի՝ նրա իսկ ձեռքով ավերված պատերն են:
Մտովի սկսեցի խոսել Երեւանի քաղաքապետի, ՀՀ մշակույթի նախարարի հետ։ Ուրախալի էր տեսնել Էրեբունու 2791-ամյակի ճոխ տոնակատարությանը ժողովրդի, հատկապես երիտասարդության մասնակցությունը, սակայն ճիշտ կլիներ, եթե տոնակատարություններին Երեւանի հիմնադրամից ծախսվող գումարների գոնե 5%-ը հատկացվեր հինավուրց բերդի վերականգնմանն ու պահպանմանը։ Դա ավելի արդարացի կլիներ, ինչը տարիներ շարունակ աչքաթող է արվել։
Արինբերդի բարձունքից իմ առջեւ տարածված է Երեւանը: Իմ ճամփորդության քարտեզային հոծ գիծը համընկեցնում եմ իրական քաղաքի հետ: Ներքեւում ջարդած ապակիներով ու բարձիթողի վիճակում գտնվող տուֆակերտ շինություններ են երեւում: Հավանաբար, այն երբեմնի տրիկոտաժի ֆաբրիկան է: Ինչո՞ւ այն չի գործում: Ի՞նչ է, մարդիկ այլեւս տրիկոտաժե գործվածքով շորեր չե՞ն հագնում: Խնդիրը նրա արտադրանքի իրացման հետ է կապված: Այն իրացվում էր ողջ ԽՍՀՄ-ի տարածքում: Եթե չկա ԽՍՀՄ-ը, ուրեմն չկան եւ այդ համակարգի ձեռնարկությունները: 90-ականների սեփականացման համակարգը թույլ չտվեց, որ գործեն այդ ձեռնարկությունները: Նորաթուխ ղեկավարները ավերում էին խորհրդային կարգերը հիշեցնող բոլոր ձեռնարկությունները: Ուշադիր զննեցի։ Տրիկոտաժի ֆաբրիկան ավելի հեռու էր։ Ուրեմն այն «Հաստոցնորմալ» գործարանն է, որը հեղույս ու պտուտակ էր մատակարարում խորհրդային երկրով մեկ սփռված հաստոցաշինական ձեռնարկություններին։ Այս ձեռնարկության շինություններից հետո շրջանցում եմ քաղաքային պանթեոնը, ապա հայտնվում լճակի մոտ, պարզում նրա ճակատագիրը, անցնում Սարի թաղի փողոցներով ու բնակարաններով, հատում-անցնում Նար-Դոսի փողոցը, մտնում Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, շուկայի վերածված «Ռոսիա» կինոթատրոնը, Մամուլի շենքը, թեթեւակի կշեղվեմ նախանշած ուղուց, կփորձեմ մտնել քաղաքապետարան… Իհարկե, այդ ընթացքում կհանդիպեմ հարյուրավոր մարդկանց, կզրուցեմ նրանց հետ…
Արդեն պատկերացնում եմ, որ այս նույն տեղից 2791 տարի առաջ սեպագիր արձանագրությունը տեղադրելուց հետո նույն ուղղությամբ հայացք է ձգել եւ Արգիշտին: Միջնաբերդի շուրջը փռված էր Յերի Ավանը (Երեւան): Սակայն թագավորի հայացքը դեպի հեռուն էր ձգվում, դեպի հյուսիս-արեւելք, որտեղից հարձակվում էին հյուսիսային ավարառու ցեղերը: Ինքը չի կարող գնալ ու խորտակել նրանց ուժը, քանի որ հարավի հոգսերը պակաս չեն: Ասորեստանը կրկին պատերազմով է սպառնում: Շտապել է պետք: Ուշացնի՝ երկիրը ավերված կտեսնի:
Ես իրավունք չունեմ Արգիշտիի նման թագավորական հայացք ձգել դեպի աշխարհի չորս կողմերը, դեպի Բաքու կամ Անկարա, որտեղ երեւի նոր դավեր են նյութվում հայերի նկատմամբ։ Բայց հայացքս, Արագածի վրայով անցնելով, հասնում է հայրենի Մռավի լեռները, նրա անտառապատ լանջերով իջնում հարթավայր, իմ մանկության ու պատանեկության Մարգուշեւան, Մարաղա, որոնք հիմնահատակ ավերվել են ադրբեջանցիների կողմից, իսկ բնակիչներին մորթել են ու այրել խարույկի վրա։ Հիշում եմ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քոկսը, տեսնելով ածխացած դիերը, չկարողացավ զսպել արցունքները… Ես դժվարությամբ պոկվեցի ծննդավայրից ու վերադարձա իմ վաղեմի երազանքին՝ ճամփորդել ՀՀ բնակավայրերով, ցույց տալ երկրի իրական վիճակը։ Սակայն ես Երեւանի փոխարեն, Մեղրիից սկսած, մտովի ճամփորդում էի Հայաստանի բնակավայրերով, «Առավոտի» ընթերցողներին պատմում երկրի բնակավայրերում տիրող իրական վիճակի մասին։ Ցավոք, թերթը նյութական դժվարությունների պատճառով չկարողացավ օգնել ինձ իրականացնելու վաղեմի իմ այս երազանքը, իսկ համապատասխան հովանավոր գտնել, որը կօգներ այս գործում, հնարավորություն չունեի։