Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով Արմավիրի մարզի ոստիկանները: Վկա ոստիկանները իրարամերժ ցուցմունքներ տվեցին: Մասնավորապես, վկա Թոռնիկ Պողոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին տեսել է, թե նա ինչպես է ռուսական դեսպանատան մոտից իջնում դեպի Մյասնիկյանի հրապարակ: Իսկ մեկ այլ վկա՝ Կարեն Մկրտչյանն էլ տեսել է, թե ինչպես են Նիկոլին Հանրապետության հրապարակի կողմից ուսերին դրած բերում Մյասնիկյան հրապարակ:
Բարձրագույն կրթությամբ ոստիկան Զավեն Օհանյանը նախ ասաց, որ մարտի 1-ին զրահամեքենա կար տարածքում, վրան՝ «լուկ», ապա՝ ջրցան մեքենա: Սակայն հետագայում, պաշտպանական կողմի ճշտող հարցին, ի վերջո ի՞նչ մեքենա է, վկան չկարողացավ տարբերակել: Այս ոստիկանները բերվել են Մյասնիկյանի հրապարակ՝ ռետինե մահակներով, սաղավարտներով ու վահաններով: Սակայն, ինչպես ասացին, նրանք մտել են քաղաքապետարանի շենք ու այնտեղից հետեւել, թե, օրինակ, ինչպես է Նիկոլն ասում. «Ոչ մի տեղ չգնաք, բարիկադներ պատրաստեք»: