Չեն թույլատրում ճանապարհից օգտվել
1989թ. Ալեքսանդր Միրզոյանը ընտանիքով Բաքվից տեղափոխվել է Երեւան: Նա Առաքել Առաքելյանից գնել է Վարշավյան փողոցի 55/57 սեփական տունը: Գործարքը գրանցվել է Երեւանի 1-ին նոտարական գրասենյակում: Տան հետ միասին գնել է նաեւ Ա. Առաքելյանին պատկանող ավտոտնակը, որի նկատմամբ գործարք չի կնքել նոտարական գրասենյակի միջոցով, քանի որ այդ տարիներին ավտոտնակը որպես սեփականություն չէր ձեւակերպվում, բայց տան առուծախի առաջին իսկ օրվանից, արդեն 19 տարի, նա օգտվում է այդ ավտոտնակից: Միրզոյաններն օգտվել են նաեւ դեպի տուն եւ ավտոտնակ տանող 4,6 մ ճանապարհից:
Սակայն Վարշավյան փողոցի 55 տան բնակիչ Ագապի Մարսուբյանը, որն ունի ավտոտնակ եւ 5,5 մ ճանապարհ, չի թույլատրում Միրզոյաններին օգտվել իրենց ճանապարհից եւ ավտոտնակից, պնդելով, թե ավտոտնակը գտնվում է իր հողամասում եւ պատկանում է իրեն: Ա. Մարսուբյանը ավտոտնակը չվաճառելու վերաբերյալ բացատրագիր է խնդրել նախկին տանտիրոջից՝ Առաքել Առաքելյանից, որն այժմ ապրում է ԱՄՆ-ում: Սակայն Ա. Միրզոյանը պնդում է, որ բացատրագիրը ստորագրել է ոչ Առաքել Առաքելյանը: Բացի այդ, երկու տների հողամասերը ընդհանուր են օրենքով, երբեք չեն բաժանվել, ամեն կողմն ունի 400մ ավելի հողամաս, ունեն միահավասար իրավաբանական իրավունքներ: 1996թ., առանց Ա. Միրզոյանի համաձայնության, Ա. Մարսուբյանը ձեռք է բերել նոր պլան եւ վկայական, իսկ Ա. Միրզոյանը թեեւ մուծել է 5000 դրամ պետտուրքը, չի ստացել պլանը եւ վկայականը, քանի որ պահանջել են հարեւանի համաձայնությունը:
«Առավոտ» այցելած Ա. Միրզոյանը հայտնեց, որ բազմիցս դիմել է Անշարժ գույքի կադաստր, «Նոր Նորք» ՊՓԲԸ, Քանաքեռ-Զեյթուն համայնքների թաղապետարան՝ խնդրելով տրամադրել փաստաթղթեր, սակայն ստացել է մերժողական պատասխաններ: «Ինձնից թաքցվում են փաստաթղթերը, որ Վարշավյան 55/57 տները կառուցվել են 1947թ.-ին՝ 904.94 քմ ընդհանուր հողատարածքում, մինչեւ 1959թ.՝ թիվ 55 տան հատակագծի պատճենը, որը եղել է Առաքել Առաքելյանի հոր՝ Ներսես Մանուկի Առաքելյանի անունով, որ ամեն տուն ունի 400 քմ ավելի հողամաս եւ, վերջապես, ինձ չեն պատասխանում, թե ո՞ր օրենքի հիման վրա է 1996թ. Ագապի Մարսուբյանը ստացել տան նոր վկայականը»,- հարցնում է Ա. Միրզոյանը:
1996թ. Ա. Միրզոյանը դիմել է նախկին Խորհրդային շրջանի դատարան, որտեղ 2 տարի գործը ձգձգելուց հետո այն թողնվել է առանց քննության: 1998-ին դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատարան, դատավոր Ս. Հովսեփյանը բանավոր կարգադրել է Անշարժ գույքի կադաստրի եւ «Նոր Նորք» ՊՓԲԸ ներկայացուցիչներին՝ չափել եւ հավասար 2 մասի բաժանել հողամասը: Սակայն Ա. Միրզոյանը հավաստիացնում է, որ լիազորագրի բովանդակությունը փոփոխված էր, իսկ դատավորն այլեւս նրան չի ընդունել: Ա. Միրզոյանը կրկին դատարան է դիմել 2001 թ.-ին, սակայն այս անգամ էլ ձգձգելուց հետո գործը թողնվել է առանց քննության, քանի որ հայցվորը չի ներկայացել: «Ինչպե՞ս կարող էի չներկայանալ, երբ ես եմ դիմել դատարան»,- հարցնում է Ա. Միրզոյանը:
Հերթական դատական նիստը տեղի է ունեցել 2005թ.-ին, առանց մուտքերի առանձնացման պահանջով, իսկ հողատարածքի առանձնացման մասին հայցը մերժվել է: Դրան հաջորդել է բողոքը վերաքննիչ դատարան, սակայն պարզվել է, որ Միրզոյանի փաստաբանը, առանց Ա. Միրզոյանին տեղյակ պահելու, հայցադիմումից հանել է մուտքերի առանձնացման պահանջը, իսկ հետո, դարձյալ առանց իր գիտության, հետ վերցրել դիմումը:
2007թ. Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Ս. Արամյան) որոշել է Ա. Միրզոյանին թողնել Վարշավյան փողոցի կողմից «ա» մուտքը, ոտքի ճանապարհը եւ հողամասի կողմից «բ» մուտքը: «Ո՞րն է արդյոք լինելու իմ տան մուտքը, եթե հողամասի վերջից «բ» մուտքը ճանապարհ չունի, այդ տեղով անցնում է երկաթգիծը: Բացի այդ, ես գրանցված եմ Վարշավյան 57 տանը եւ օգտվել եմ այդ մուտքից, որը 1947թ.-ից եղել է, հիմա ինչպե՞ս կարող է 2 տան ճանապարհը ամբողջությամբ պատկանել 55 տանը»,- հարցնում է Միրզոյանը:
Որոշման մեջ նշված է նաեւ հետեւյալը. «Պարտավորեցնել Ա. Միրզոյանին քանդել Ա. Մարսուբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող աստիճանավանդակը, վտարել Ա. Միրզոյանին ավտոտնակից»:
2008թ. ապրիլի 29-ին հարկադիր կատարողները քանդել են Միրզոյանի տան աստիճանավանդակը եւ վտարել ավտոտնակից, իսկ երկու օր անց քանդել են տան աստիճանները, որը միակ մուտքն է 2 հարկերի համար:
80-ն անց Ա. Միրզոյանը պնդում է, որ թե առաջին, թե երկրորդ հարկի բնակարանների մուտքը Վարշավյան փողոցի կողմից է եւ պահանջում է վերակառուցել աստիճանավանդակը, ազատել ավտոտնակը եւ տան 4,6 մ ճանապարհը, այսինքն՝ թողնել նույնությամբ, ինչպես գնել է 1989թ.-ին: