Լրահոս
Օրվա լրահոսը

SMS-ՆԵՐ՝ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ, ԿՈՎԵՐ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Նոյեմբեր 20,2009 00:00

«Ձեզ էլ, մեզ էլ հայտնի է այն պատճառը, որ մեր նախարարը հրաժարական է տվել իր առողջական խնդիրների պատճառով: Այլ բան ասել չեմ կարող»,- երեկ այսպես պատասխանեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, իր նախկին վերադաս՝ նախարար Գեւորգ Պետրոսյանի հրաժարականի մասին հարցին: Ասուլիսի ժամանակ տիկին Բաղդասարյանը հայտնեց, որ իրենց բյուջեն պլանավորելիս հաշվի են առել նաեւ դոնոր կազմակերպությունների օգնությունները. «Սակայն ճգնաժամի պատճառով դոնոր կազմակերպությունները չեն կարողանում օգնել, մենք էլ բյուջեի վերաբաշխում ենք արել եւ մի փոքր կրճատման ենք գնացել: Ընդհանուր առմամբ հաշմանդամների համար նախատեսվող բյուջեն չի նվազել»: Այս ասուլիսը նվիրված էր հաշմանդամության 1-ամսյակին, որի շրջանակներում նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախարարության եւ հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ների կողմից բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու: Օրինակ՝ ֆրանսիական «Աղավնի» կազմակերպության հետ համատեղ՝ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը իրականացնում է «Կովեր՝ հաշմանդամներին» ծրագիրը: Այս մասին հայտնեց այս միության նախագահ Հակոբ Աբրահամյանը: Նա նշեց, որ ծրագրի ընթացքում սոցիալապես անապահով 4 ընտանիքի, որոնց  անդամներից մեկը հաշմանդամ է, տրամադրվել են կովեր: Սակայն կովերը տրամադրվել են պայմանով՝ հաջորդ տարի այդ կովերի հորթերին պետք է տրամադրեն Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությանը, որպեսզի այդ հորթերը միությունը տրամադրի այլ նմանատիպ ընտանիքների: Իսկ «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանն ասաց, որ իրենք բջջային հեռախոսներով տեքստային հաղորդագություններ (SMS) են ուղարկելու պոտենցիալ գործատուներին. «Հիմա աշխատանք ունեցող հաշմանդամները մի քանի տասնյակ են, իսկ մենք 100 հազարից ավելի ենք»: Նշենք, որ Հայաստանում այժմ կա 177 հազար հաշմանդամ, որոնց թիվը գնալով ավելանում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել