Բնակիչները խոստանում են կտրուկ միջոցների դիմել, ջարդել ու փշրել ամեն ինչ, եթե կառավարությունն իրենց խնդրին լուծում չտա
«Թալեաթ փաշայի հետնորդնե՛ր, խուժաննե՛ր, ավազակնե՛ր»,- երեկ կառավարության շենքի մոտ այսպիսի վանկարկումներով Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի մոտ 50-60 բնակիչ բողոքի ցույց էր անում՝ կառավարությունից պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ու ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) արգելել իրենց համայնքից ավազի ապօրինի արդյունահանումը: «Բետարտշին» ՍՊԸ-ն, որի համասեփականատերն է Հ. Հակոբյանը, արդեն 3 օր է՝ շնաբուծականից հատուկ պատրաստված շներ է բերել ու, բնակիչների պատմելով՝ «քսի է տալիս եղեգնուտցիների վրա»՝ թույլ չտալով, որ վերջիններս մոտենան իրենց արոտավայրերին: Այդ արոտավայրերում ավազի հսկայական հանքեր կան, որոնք, ըստ բնակիչների, «Ճոյտն» առանց որեւէ լիցենզիայի շահագործում է ու տոննաներով ավազ է տեղափոխում: «Այս անգամ չեն կարող մեր գլխի տակ փափուկ բարձ դնեն ու ուղարկեն, մենք պահանջում ենք, որ այսօր եւեթ մեզ հետ գան Արմավիր ու տարածքից վտարեն ապօրինի զավթողներին, հակառակ դեպքում՝ մենք ինքներս համայնքի ողջ բնակիչներով կբարիկադավորենք «Բետարտշին» ՍՊԸ-ի կողմից ապօրինի շահագործվող ավազի լվացման եւ տեսակավորման արտադրամասը եւ կտրուկ միջոցների կդիմենք, քցոցի է՝ դե քցոցին հիմա կտեսնեն, կջարդենք ամեն ինչ, բայց թույլ չենք տա, որ մեզ էշի տեղ դնեն: Երբ գյուղում թաղում է լինում կամ մի դեպք է պատահում, սրանք, օգտվելով առիթից, որ գյուղացիները զբաղված են, արագ «կամազները» բերում են ու ավազը գողանում»,- բողոքում էին բնակիչներ Վրեժ Մանուկյանն ու Ազիզ Ամոյանը: Եղեգնուտցիներն արդեն 3 տարի է՝ այս խնդրով դիմում են կառավարություն, նախագահի վերահսկողական ծառայություն, Ազգային ժողով, սակայն, ըստ ցուցարարների, բացի դատարկ խոստումներից, որեւէ քայլ չի ձեռնարկվում: Եղեգնուտի համայնքապետն էլ իր հերթին է ամեն ամիս հաշվետվություն ներկայացնում, որ այս տարածքն ապօրինի են տնօրինում, սակայն մարզպետարանը նրա ոչ մի բողոքին չի արձագանքում:
Գյուղացիները նաեւ պահանջում էին «Բետարտշինից»՝ վճարել իրենց աշխատավարձի պարտքը: Ընկերությունը համայնքի բազմաթիվ բնակիչների 7-8 ամիս աշխատացրել է՝ խոստանալով ամսական վճարել 70 հազար դրամ, սակայն ոչ մի լումա էլ չի վճարել: Քանի որ ընկերությունն աշխատողներին չի գրանցել, նրանց հետ աշխատանքային պայմանագիր չի կնքել, որպեսզի սոցվճար չտա, ուստի աշխատողները չեն կարողանում դատարանի միջոցով ստանալ իրենց հասանելիք աշխատավարձի պարտքը:
Երեկվա բողոքի հետ կապված՝ կառավարությունից խոստացել են խոսել շնաբուծականի պետի հետ ու չթողնել, որ այդ տարածքի համար շներ տրամադրեն: Երբ բնակիչները դժգոհել են, որ հարցը միայն շներին հանելով չի լուծվի՝ կառավարությունից խոստացել են հանձնաժողով կազմել ու խնդրին լուծում տալ: