Կարծում է մարզի հոգեւոր թեմի առաջնորդը
Մի քանի օրից կլրանա Շիրակի մարզի ամենահամարձակ ու սկզբունքային «պաշտոնյայի»՝ հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի պաշտոնավարման 10 տարին: Թեեւ անցած տարի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ջանք-եռանդ չխնայեց նրան գահընկեց անելու համար, անգամ գաղտնի ստորագրահավաք կազմակերպեց, սակայն քաղաքապետի դավադրությունները ի չիք դարձրին շիրակցիները՝ պահանջելով չփոխել թեմի առաջնորդին: Պատճառն այն էր, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը միակ պաշտոնյան էր, որը նեղ օրերին կանգնեց քաղբանտարկյալների համար հացադուլի նստած քաղաքացիների կողքին, պաշտպանեց հալածվող ԳԱԼԱ հեռուստաընկերությանն ու չվախեցավ իր կարծիքը այս կամ այն հարցի շուրջ բարձրաձայնելուց: «Առավոտը» սրբազանից հետաքրքրվեց՝ դժվար չէ՞, արդյոք, պաշտոնավարել այսքան ինտրիգային, սոցիալապես խիստ անապահով եւ երբեմն նաեւ կրիմինալ մարզում. «Մեր մարզն այնքան էլ կրիմինալ չէ, իսկ ինտրիգային՝ այո, ինտրիգներ կան, դժվար մարզ է, դժվար թեմ է, ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, այլեւ թեմի ժողովուրդը բարդ ժողովուրդ է, որովհետեւ հիմնականում գաղթական է, իսկ գաղթականը վիրավոր ժողովուրդ է: Ես այստեղ կուզենայի փոխել բարոյական մթնոլորտը. այստեղ կասկածամտություն ու միմյանց նկատմամբ անվստահություն կա, չարություն կա: Կարող եմ ասել, որ Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ լինելը դժվար է, երեւի թե դժվարագույններից է, գուցե եւ ուրիշ առաջնորդներ չհամաձայնեն, բայց իրոք Շիրակի թեմն ունի իր բարդությունները, որոնք ուրիշ թեմերում չկան»: Թե այժմ ի՞նչ հարաբերությունների մեջ են սրբազանն ու քաղաքապետը, այս մասին Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այլեւս չցանկացավ խոսել, սակայն, անդրադառնալով հոգեւոր թեմ–պետական կառույցներ հարաբերություններին, ասաց. «Մենք բոլոր կառույցների հետ միշտ էլ համերաշխ աշխատել ենք, բնականաբար եթե որեւէ կառույցի հետ գործնական հարաբերությունների մեջ ես, անշուշտ՝ այնտեղ խնդիրներ էլ են ծագում, երբեմն վեճ էլ է լինում, բայց դա չի նշանակում, որ չի կարող լուծվել փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Այնպես որ, այս 10 տարվա ընթացքում հիմնականում մենք դժգոհ չենք որեւէ մի կառույցի հետ հարաբերություններից: Մանավանդ՝ մարզային իշխանությունների հետ ոչ մի խնդիր չենք ունեցել, մարզպետ է փոխվել, բայց որեւէ մարզպետի հետ որեւէ խնդիր չենք ունեցել, 10-ից ավելի փոխմարզպետներ են փոխվել, ոստիկանապետեր ու դատախազներ են փոխվել, ոչ մեկի հետ խնդիր չունենք: Մարզային մակարդակի որեւէ պաշտոնյայի հետ խնդիր չենք ունեցել, ցավոք՝ ունենում ենք խնդիրներ երբեմն ամենաներքեւի օղակներում, որոնք իրենց ավելի բարձր են կարծում, քան վերեւի մարդիկ: Գյուղապետեր կան, որոնք իրենց ավելի ամբարտավան են պահում, քան վարչապետը կպահեր, քան հանրապետության նախագահը: Հանրապետության նախագահի ու վարչապետի կողմից՝ եւ նախկին, եւ ներկայիս, երբեք որեւէ թեմի առաջնորդի նկատմամբ ամբարտավան վերաբերմունք չի եղել, բայց շատ հնարավոր է, որ գնաս կորած-մոլորած մի գյուղ, եւ ինչ-որ մի անգրագետ կամ կիսագրագետ գյուղապետ փողոցային պահվածքով իրեն ամբարտավան պահի թեմի առաջնորդի նկատմամբ՝ կարծելով, թե ինքն ավելին է, քան թեմի առաջնորդը: Բայց մենք վարչական կամ ուրիշ միջոցների չենք դիմում նրանց սաստելու համար, հայրաբար խրատում ենք, որպեսզի կրթվի, հասկանա, թեեւ կան մարդիկ, որոնք անուղղելի են, Աստված իրենց հետ»: Թեմի առաջնորդը գյուղապետերին ու շիրակցի մեծահարուստներին քննադատեց նաեւ եկեղեցաշինության գործում անչափ պասիվ լինելու համար. «Մատները մատներին չեն խփում՝ պատճառ բերելով սոցիալ-տնտեսական վատ վիճակը, բայց եթե գյուղը կանգնի՝ գերան կկոտրի, ես համոզված եմ, որ մեծ գյուղերում հնարավոր է գյուղական ուժերով եկեղեցիները կարգի բերել, բայց այդ հասկացությունը մեր ժողովրդի միջից վերացել է, որովհետեւ ժողովուրդը մտածում է, որ ինքը եկեղեցուց միայն պիտի պահանջի: Թեեւ կամաց-կամաց այս հոգեվիճակը փոխվում է, մեր թեմի տարածքում կառուցված եկեղեցիների հիմնական բարերարները տեղացիներ են, եւ սա շատ դրական է, որովհետեւ ես ի սկզբանե՝ 10 տարի առաջ ասել եմ, որ հույսս դնում եմ տեղացիների վրա, չեմ փորձելու ամեն անգամ, ամեն պարագայում ու ամեն գնով օժանդակություն խնդրել արտասահմանից: Նստել ու սպասել, որ դրսից օգնություն կլինի, սա մեր մեթոդը չէ: Ընդհանրապես, առավել մեծահարուստները ավելի քիչ են մոտենում՝ ցույց չտալու համար, որ իրենք հարուստ են, ուրիշ տեղերում հարուստը ուզում է ցույց տալ, որ ինքը հարուստ է, եկեղեցի է սարքում, այս կամ այն բանն է անում, բայց Շիրակում հարուստները ընդհակառակը՝ ուզում են թաքցրած լինել, սա երեւի հետերկրաշարժյան սինդրոմից է գալիս, որ հանկարծ չլինի թե որեւէ մեկը մտածի, որ իրենք լավ վիճակում են, երկրաշարժի գոտի է, այստեղ որեւէ մեկը լավ լինել չի կարող, հետեւաբար ինքն էլ լավ չի»:
Իսկ թեմի առաջնորդին այս 10 տարվա ընթացքում հաջողվե՞լ է հավատքի բերել խորհրդային տարիներին անհավատ դարձած ժողովրդին՝ մեր հարցին սրբազանը պատասխանեց. «Շիրակը, մանավանդ Գյումրին երբեք էլ անաստված տարածաշրջան չի եղել, թեեւ անհավատություն եղել է, բայց եթե որեւէ վայրում հավատքը պահպանվել է՝ ամենից շատ Շիրակում է պահպանվել, բայց, անշուշտ, կա անհավատություն, որի դեմ մենք աշխատել, աշխատում ու շարունակելու ենք աշխատել, քանի դեռ կա մեկը, որ անհավատ է: Անշուշտ, այդ ամենը չի լինում ոչ բռնությամբ, ոչ էլ կաշառքով, այլ լինում է պարզ քարոզչությամբ, համոզումով, սիրով: Ես կարող եմ ասել, որ վերջին 10 տարիների ընթացքում հավատքն ամենուրեք աճել է, եկեղեցու նկատմամբ հարգանքը մեծացել է, եկեղեցի հաճախողների, մկրտվողների եւ եկեղեցում պսակվողների թիվն ավելացել է: Մենք ունենք միայն աճ, բայց սա երբեք էլ չի գոհացնում, որովհետեւ ես ուզում են 100%-անոց չափանիշի հասնել: Իսկ գյուղական վայրերը 10 տարի առաջ լրիվ բարձիթողի վիճակում էին՝ լքված, մոռացված, ոչ մի գյուղական եկեղեցի չէր գործում կամ գործում էր անունով, բայց այսօր միայն 8 հոգեւորական ունենք, որոնք ծառայում են 116 գյուղական համայնքներում, բնականաբար՝ այս թիվը բավարար չէ, բայց զրոյից շատ մեծ թիվ է, 10 տարի առաջ զրո էր»: