Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար, կառավարության որոշմամբ, «Նորաշեն» ընկերությանը կտրամադրվի $500 հազարի բյուջետային երաշխիք: Այս որոշման առնչությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. «Սա այն որոշումներից է, որն արժանանում է մեր ընդդիմախոսների քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը օժանդակում է կառուցապատողներին: Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են: Փորձ է կատարվում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, որ մենք հարյուրավոր միլիոնի հասնող դոլարներ ենք տալիս կառուցապատողներին: Մինչդեռ այս պահի դրությամբ երաշխիք ենք տվել ընդամենը 3,5 միլիարդ դրամի, որը չնչին գումար է, տվել ենք բավական խիստ պայմաններով, որ պատրաստվածության 50 %-ից ավելի աստիճան պետք է լինի: Դա նշանակում է՝ մենք երաշխավորված ենք լինում, որ տրամադրելով այս գումարը, շինարարական այդ օբյեկտները հասցվելու են ավարտին: Մյուս կողմից՝ մենք շուրջ 12 մլրդ դրամ ենք հատկացրել հիփոթեքային վարկավորման համար, որպեսզի խթանենք պահանջարկը: Եթե մենք հիփոթեքային շուկայի զարգացմանը նպաստում ենք 12 միլիարդով, բնականաբար, պետք է լինեն նաեւ բնակարաններ, որոնք մեր քաղաքացիները կարողանան ձեռք բերել: Եվ այս տրամադրված գումարն էլ իրականում չնչին է եւ չի համապատասխանում այն քննադատության փաստարկներին, թե դրանով մենք փոշիացնում ենք մեր վարկային միջոցները, որ ստացել ենք ՌԴ-ից: Իրականությանը բացարձակապես չհամապատասխանող մեղադրանքներ են հնչում կառավարության հասցեին»: