Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի կարծիքով, իրենք առիթ չեն տվել,
որ ԲՀԿ-ն մանդատները վայր դնի:
«Ես երբեւէ չեմ լսել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ խնդրում տարաձայնություն ունենա մեր խմբակցության հետ: Տարաձայնությունը վերաբերում է միայն որոշակի քննարկվող հարցերի: Մասնավորապես, երեկվա նիստում ավագանու գործունեության կանոնակարգում փոփոխություն կատարելու հետ կապված՝ մեր խմբակցությունն ուներ իր կարծիքը, «Բարգավաճը»՝ իրենը: Չեմ կարծում, որ դա վիճելի խնդիր էր: Այնուամենայնիվ, ես երկու խմբակցությունների միջեւ որեւէ հակասություն չեմ տեսել»,- երեկ հրավիրած ասուլիսում Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանն այսպես մեկնաբանեց նախօրեին Երեւանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների եւ ՀՀԿ-ականների միջեւ տեղի ունեցած լուրջ հակասությունները: Հիշեցնենք, որ այդ նիստում որոշում էր կայացվել, որ քվորում ապահովելու համար բավարար է ավագանու 17 անդամների ներկայությունը՝ նախկին 33-ի փոխարեն, ինչն էլ հարուցել էր ավագանիում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դժգոհությունը։ Լրագրողների հարցին՝ եթե ձեր միջեւ որեւէ լուրջ տարաձայնություն չի եղել, ապա ինչո՞ւ է ԲՀԿ-ն ուզում ավագանիում իրենց մանդատները վայր դնել՝ պարոն Դումանյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է իր դերը որոշում ընդհանուր աշխատանքների մեջ: Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ունի այնքան հիմնավոր պատճառներ, որ մանդատները վայր դնի, քաղաքապետն էլ նման առիթ չի տվել: Ինչ վերաբերում է նրան, որ ամեն քննարկվող հարց պատճառ հանդիսանա, որ մանդատները վայր դնեն, կարծում եմ՝ մանդատները նրանց սեփականությունը չի, դա ժողովրդինն է, ուստի պետք է ԲՀԿ-ն նախ իրեն մանդատ տվածներին հիմնավորի, թե ինչու է ուզում վայր դնել դրանք: Մանդատ վայր դնել-չդնելը մեր քմահաճույքով չպիտի լինի: Մենք մանդատ ենք վերցրել՝ Երեւանի բնակչի համար աշխատելու»: Չնայած նախօրեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը հայտարարել էր, որ ավագանու գործունեության կանոնակարգում նման փոփոխություն մտցնելը քաղաքական միտում ունի, եւ եթե այդ որոշումն ընդունվի՝ իրենց համար անընդունելի կլինի հետագա միասին աշխատանքը, պարոն Դումանյանը վստահեցրեց, որ իրենք ԲՀԿ-ի հետ միշտ համերաշխ աշխատել եւ աշխատելու են. «Պայթյուն չի եղել, կարծում եմ՝ մի քիչ էլ մենք ենք ուզում պայթյուն տեսնել, երեւի մեր կյանքը տխուր է անցնում, ուզում ենք ավելի հետաքրքիր լինի: Ես նորմալ եմ համարում: Նույնիսկ մեր խմբակցության կազմում 35 հոգու մեջ կան մարդիկ, որոնք նույն հարցի հետ կապված տարբեր ձեւ են մտածում եւ պատահական չի, որ նիստերից առաջ նախ խմբակցությունով ենք մեր դիրքորոշումը հստակեցնում»:
ԲՀԿ-ի նման պահվածքն անմիջապես հաջորդեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին ու Ռոբերտ Քոչարյանի՝ նրան ուղղված պատասխան-արձագանքին: Քանի որ ԲՀԿ-ն հաճախ կապվում է Ռ. Քոչարյանի հետ՝ չե՞ք կարծում, որ դա հենց նրա կողմից հրահրվող ակցիա է՝ այս հարցին Դ. Դումանյանը պատասխանեց. «Տարբեր քաղաքական գործիչներ, որպեսզի խուսափեն հստակ պատասխանից, ասում են, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի: Սա որպես հերթապահ պատասխան: Բայց մյուս կողմից ասեմ, որ յուրաքանչյուր քայլ կարելի է իմաստավորել եւ ինչպես ցանկանաք՝ այնպես էլ մեկնաբանել: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն մեզ հետ կոալիցիոն գործընկեր է եւ մինչեւ մյուս խորհրդարանական ընտրություններ մենք կմնանք այդպիսի գործընկերներ: Այսօր մեր պետությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, եւ ժամանակը չի, որ կոալիցիոն գործընկերներն իրար հետ խնդիրներ ունենան»: