Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՃ ԿԱ, ՄԵՂԱՎՈՐԸ՝ ՉԿԱ

Նոյեմբեր 20,2009 00:00

\"\"Թե ներկրողները եւ թե վերավաճառողները հավաստիացնում են, որ ապրանքների թանկացման մեղավորը իրենք չեն

Վերջին շրջանում պարենային ու ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված գնաճի մեղավորները, ըստ մանրածախ առեւտրի կետերի սեփականատերերի, ապրանք մատակարարող ընկերություններն են: Ներմուծող տնտեսվարողներն էլ թանկացումները պայմանավորում են մաքսատուրքերի փոփոխությամբ, դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, ոմանք էլ՝ միջազգային շուկայում գների փոփոխությամբ:
«Առավոտի» հրապարակումներում արդեն անդրադարձել ենք, որ ընդամենը մի քանի օրվա մեջ ալյուրի 1 կգ-ը թանկացել է 20-30 դրամով, վառելիքը եւս՝ 20 դրամով, իսկ կարագի 1 կգ-ն՝ մոտ 200 դրամով: Ամենամեծ գնաճն արձանագրվել է դեղերի շուկայում, որոշ դեղեր թանկացել են անգամ 1000-2000 դրամով:
«Առավոտը»  զրուցեց մի քանի խոշոր ներկրողների հետ՝ պարզելու, թե ո՞րն է գնաճի իրական պատճառը:
Ցորեն ներկրող «Մանանա գրեյն» ընկերության ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը վստահեցրեց, որ իրենց մոտ գների փոփոխություն, եթե նույնիսկ արձանագրվել է, ապա դա այնքան չնչին է, որ չէր կարող հասնել 20 կամ 30 դրամի: Ըստ պարոն Նիկողոսյանի՝ «Գործարաններն ալյուրը չեն թանկացրել: Գները թեթեւակի տատանվում են՝ պայմանավորված դոլարի թանկացումով: Քանի որ ներկրվող ապրանքը գնվում է դոլարով, բանկերը կատարում են համապատասխան կոնվերսացիա, որի արդյունքում փոփոխություն է լինում: Օրինակ՝ եթե 1 տոննա ապրանք ենք գնում դոլարով ու դրա փոխարժեքը դարձել է մոտ 389 դրամ, եւ, ասենք, նախորդ երկու շաբաթները եղել է 375-376 դրամ, այս փոխարժեքի մեջ հնարավոր է, որ ապրանքի  գործարանային գնի բարձրացում նկատվի: Եղած թանկացումն էլ չնչին գումար է: Դա 1 պարկի՝ 50 կիլոգրամի վրա կարող է լինել 100-120 դրամի տարբերություն, իսկ եթե 120 դրամը բաժանենք 50 կիլոգրամի, դա թիվ չէ: Գործարանային գներով՝ 1 կիլոգրամ ալյուրը 2,4- 3 դրամով կարող է թանկանա»: Իսկ ինչ վերաբերում է խանութներում ալյուրի գների 20-30 դրամով թանկացումներին, պարոն Նիկողոսյանի համար նորություն էր: Նշենք, որ ի տարբերություն ալյուրի, հացի գները մնացել են անփոփոխ, ինչը պարոն Նիկողոսյանն այսպես մեկնաբանեց. «Նախագահը ժամանակին առաջադրանք էր դրել, որ հացի գները չթանկանան,  այդպես էլ աշխատում ենք ու պահպանում գները: Բացի այդ, հացի արտադրամասերը գործարք են կապում ալյուր արտադրողների հետ, դրա  համար էլ հացի գները չեն թանկացրել: Մաքսային եւ հարկային մարմինների  հետ ոչ մի խնդիր չկա»:
Ցորենի ներմուծմամբ եւ ալյուրի արտադրությամբ զբաղվող մեկ այլ խոշոր ընկերության՝ «Մանչո գրուպի» տնօրեն Վանիկ Մոսոյանն էլ վստահեցրեց, որ իրենց մոտ գների փոփոխություն չի արձանագրվել. «Մեծածախ շուկայում ալյուրի գները նույնն են մնացել: Մի քանի ամիս է՝ ալյուրի գներում ոչ մի կոպեկի տեղաշարժ չի եղել: Բարձր տեսակի ալյուրի 1 պարկը 7800 -8400 դրամ է: Միաjն դոլար-դրամ փոխարժեքի փոփոխությամբ կարող է մի փոքր գինը փոխվել, որովհետեւ ցորենը դոլարով ենք գնում»: Մանրածախ շուկայում ալյուրի թանկացումը պարոն Մոսոյանն այսպես բացատրեց. «Հնարավոր է՝ պարկերով գնում են, հետո  բաժանեն կիլոգրամների ու ինչ-որ մանր ծախսեր անեն, ինչի արդյունքում խանութներում թանկանա ապրանքը»:
Ի տարբերություն ալյուրի, որտեղ, ըստ ներկրողների, էական գնաճ չկա, բենզինի թանկացումը ներկրողները պայմանավորեցին միջազգային գների աճով: «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ բենզինի գները բարձրացել են մոտ 1-1,5 ամիս առաջ՝ 1 լիտրը 10 դրամով, իսկ վերջերս էլ՝ եւս 10 դրամով, այսինքն՝ վերջին ամսում շուրջ 20 դրամով: Պարոն Էլչյանի խոսքերով՝ միջազգային շուկայում վառելիքը վերջին 1, 5 ամսվա ընթացքում մոտ 16%-ով թանկացել է. «Փոխարժեքի փոփոխությունը գների բարձրացման հետ կապ չունի: Միջազգային գները բավականին բարձր են: Մենք այսօր արդեն շատ խիստ պայմաններում ենք աշխատում, բավականին երկար ժամանակ է՝ առանց եկամուտի ենք աշխատում: Պատահում է՝ 15-20 օր վնասով ենք աշխատում, բայց դա չի նշանակում, որ ամբողջ տարին ենք վնասով աշխատել: Այսօրվա միջազգային գները թույլ չեն տալիս եկամուտով աշխատել: Դեռ չենք ուզում թանկացնել մեր ապրանքը, ուղղակի սպասում ենք, թե ինչ կլինի միջազգային շուկայում: Եթե տեսնենք, որ էլի միջազգային գները բարձրացել են, ուրեմն մենք էլ կբարձրացնենք, եթե՝ ոչ, ապա, ոչինչ, մի քիչ կհամբերենք, մինչեւ տեսնենք ինչ է լինում»:
Նկատի ունենալով, որ առջեւում Ամանոր է, անշուշտ, որոշ գործարարներ այս առիթը եւս բաց չեն թողնի՝ ապրանքների գները բարձրացնելու եւ հավելյալ եկամուտ ստանալու համար: Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդը եւս կանխատեսել էր, որ «առաջիկա  6 ամիսներին գնաճի տեմպը որոշակիորեն կարագանա»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել