Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը կկիրառի՞ Խրուշչովի փորձը

Նոյեմբեր 20,2009 00:00

Պատգամավորները քննարկեցին պետբյուջեն

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը 2010-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ մեր երկրի տնտեսության վիճակի պատճառը այնքան էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէ. «Բուն պատճառը Հայաստանում գոյություն ունեցած տնտեսական ճգնաժամն է, պարզապես համաշխարհային տնտեսական ճգնաժամը հնարավորություն տվեց մեղքը բարդել այդ միջազգային ճգնաժամի վրա, մինչդեռ դեռ անցած տարի արդեն երեւում էր, որ մենք լուրջ ճգնաժամի մեջ ենք»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հակառակն ասաց. «Կառավարության հակաճգնաժամային ծրագրով նախատեսված միջոցառումները միտված էին մեղմելու ճգնաժամի հետեւանքով առաջացած եւ տնտեսության առջեւ ծառացած ռիսկերը: Ճգնաժամի հաղթահարմանը միտված մի շարք միջոցառումներ սկսվել են դեռեւս 2008 թվականից եւ արտացոլված են տարբեր ծրագրերում եւ կրելու են շարունակական բնույթ»: Չմոռացավ հորդորել կառավարությանը՝ վերադարձնել սոցիալապես անապահովների ավանդները:
ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի գնահատմամբ. «Ավաղ, հուսադրող չեն կառավարության հակաճգնաժամային ծրագիրն ու միջոցառումների իրականացման ամփոփ հաշվետվությունը։ Այն պարզ պատճառով, որ միջոցառումների մի զգալի մասը նախատեսումների կամ կանխատեսումների շարքից է, որոնց սխալվելու հավանականությունն ու ռիսկայնությունը չափազանց բարձր է։ Այն, որ լավ կանխատեսողներ չենք, ապացուցելու կարիք չունի։ Իսկ խնդիրների մի մասը, ասենք՝ առողջապահության եւ կրթության կամ քաղաքաշինության բնագավառներում առկա արմատական հիմնախնդիրները, հանրային կյանքի բոլոր ոլորտներում սերտաճած կոռուպցիան ու հովանավորչությունը, վարչարարական տգիտությունը, մենաշնորհների դեմ իրական պայքարը ոչ այնքան ֆինանսական լուծումներ են պահանջում, որքան քաղաքական կամք ու համակարգային լուծումներ։ Տարիներ շարունակ միլիոնների գումարներ ենք ուղղորդել արդարադատության եւ կրթության համակարգերի բարեփոխումներին, բայց ըստ էության դրանք սոսկ ձեւին եւ ոչ թե բովանդակությանը ուղղված միջոցներ էին, եւ արդյունքում՝ ոչ կրթության որակն է հուսադրող, ոչ էլ արդարադատության մարմիններն են արդար»:
ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ հանրապետականը «ամենածանր իրավիճակներից կարողացել է երկիրը հանել եւ բերել երկնիշ տնտեսական աճի: Սա նաեւ գրավականն է այն բանի, որ այսօր մենք նույնպես կարողանալու ենք դիմակայել եւ մենք այն քաղաքական թիմն ենք, որը կարողանալու է նաեւ այս ճգնաժամային տարում դուրս գալ տնտեսության զարգացման ուղի»: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ «Հայաստանում բիզնեսով զբաղվում են ամբողջ բյուրոկրատիան, վարչական ապարատը, իրավապահ մարմինները, ոստիկանությունը, գեներալիտետի որոշ մասը, մաքսային եւ հարկային ծառայությունները, հարկերից խուսափող օլիգարխիան, կլանները, կրիմինալ տարրերը: Արդյոք վարչապետը պատրա՞ստ է պայքարել այդ բոլորի դեմ»: Հարցրեց, եւ պատասխանն էլ ինքն ասաց. «Երկրի վարչապետը կարող է հաջողություն ունենալ բացառապես մեկ դեպքում, եթե նա միանշանակ եւ լիարժեք ձեւով վայելի նախագահ Սարգսյանի աջակցությունը, իսկ նախագահ Սարգսյանը ունի Նիկիտա Խրուշչովի փորձը: Խրուշչովը, լինելով ստալինյան համակարգի ներկայացուցիչներից մեկը, իշխանության գալուց հետո «դեմոնտաժի» ենթարկեց այդ համակարգը: Սարգսյանը ունի այդ հնարավորությունը եւ այդ շանսը»:
Բյուջեի քվեարկությունը տեղի կունենա չորս օր հետո: «Ժառանգությունն» արդեն հայտարարեց, որ այս բյուջեին դեմ է քվեարկելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել