Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

Նոյեմբեր 20,2009 00:00

Վստահ է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը

– Արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում կանգառային վիճակում է, եւ մեր հասարակության եւ քաղաքական դաշտի համար պարզ չի, թե ինչ է կատարվում Թուրքիայի խորհրդարանում, ե՞րբ են իրենց դիրքորոշումը ներկայացնելու: ՀՀ իշխանությունները արդյոք սրտատրո՞փ են սպասում վավերացմանը, թե՞ արդեն դուք էլ եք անտարբեր դարձել:
– Դեպքերի զարգացումն այնպիսին էր, որ տրամաբանական է սպասել, որ վավերացման ուղղությամբ քայլեր կատարի Թուրքիան: Մի պարզ պատճառով՝ մինչ այդ գործընթացում խոչընդոտներ առաջացրել է թուրքական կողմը: Այն քաղաքական կոնսուլտացիաները, որ սկսվեցին օգոստոսի 30-ից, պետք է ավելի վաղ սկսվեին, ապրիլի սկզբին: Դա այդ ժամանակ տեղի չունեցավ, որովհետեւ թուրքական կողմը ետ կանգնեց իր հանձնառություններից: Նմանատիպ երեւույթ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում ստորագրման ժամանակ, երբ նախատեսված արարողությունը ձգձգվեց, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը փորձեց իր նախատեսված ելույթում ներկայացնել արձանագրությունների տառին, ոգուն եւ նպատակներին հակասող մեկնաբանություններ: Արձանագրությունները ներկայացված են Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը եւ ներկա փուլում քննարկվում են արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հայաստանը եւս սկսել է արձանագրությունների ներպետական համաձայնեցման գործընթացը:
– Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը չի՞ ապացուցում, որ Թուրքիան վստահելի գործընկեր չէ քաղաքականության եւ դիվանագիտության մեջ, եւ բոլոր այն ջանքերը, որ ՀՀ իշխանությունները գործադրեցին, անգամ ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ պատրաստ են առանց նախապայմանների, առանց ցեղասպանության կամ Ղարաբաղի հիշատակման մեզ՝ «ցեղասպանած»-ների հետ հարաբերություններ սկսել, մի տեսակ հօդս ցնդեցին:
– Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելը միշտ էլ եղել է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը: Նպատակը ոչ թե աշխարհին ինչ-որ բան ցույց տալն է, այլ Հայաստանի շահերից բխող քաղաքականության իրականացումը: Թուրքիայից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները, որոնք հակասում են արձանագրություններին եւ պայմանավորվածություններին, կարող են վտանգել կարգավորման գործընթացը: Սակայն ավելի կարեւոր է, թե ինչ է արվում, քան՝ ինչ է ասվում: Արձանագրությունների նպատակն է մասնավորապես դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ հայ-թուրքական սահմանի բացում: Ժամանակին Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ փակեց սահմանը՝ ելնելով իր դաշնակից Ադրբեջանի շահերից: Նպատակը երկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թուլացումն էր՝ շրջափակման եւ մեկուսացման պայմաններում եւ ԼՂ հարցում Ադրբեջանին ձեռնտու միակողմանի զիջումների կորզումը: Այդպիսի քաղաքականությունը չհանգեցրեց իրենց կողմից սպասվելիք արդյունքի, ինչի վկայությունն են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկը եւ արձանագրությունների ստորագրումը՝ չնայած պարբերաբար հնչեցվող արձանագրություններին հակասող հայտարարություններին:
– Բայց կարծես սահմանը բացելու որեւէ քայլ, որեւէ շարժ այս պահին չի նկատվում, կարծես այդ ուղղությամբ ոչինչ չկա:
– Չի էլ կարող լինել: Ըստ արձանագրությունների՝ սահմանը բացվելու է փաստաթղթերի վավերացումից եւ ուժի մեջ մտնելուց երկու ամիս անց:
– Իսկ այդ ժամկետները մինչեւ ո՞ւր կարող են ձգվել, մեր հասարակությունը, սահմաններում ապրող մարդիկ կամ մեր գործարարները ե՞րբ կարող են ակնկալել, որ սահմանը բացվում է:
– Երկու տարի առաջ ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ հնարավոր է այսպիսի զարգացում: Տեղի է ունեցել ինչ-որ առումով հեղափոխական փոփոխություն: Այդ փոփոխության նպատակներին հասնելը պահանջում է ստորագրված փաստաթղթերի վավերացում: Վավերացման գործընթացը ժամկետի տեսակետից պարունակում է անորոշություն, քանի որ պառլամենտներին չի կարելի թելադրել ժամկետ: Սա այն դեպքն է, երբ գործում է ողջամտության ժամկետը:
– Որը խիստ հարաբերական է:
– Իհարկե, հարաբերական է, եթե հարաբերական չլիներ, այդ բառը չէին էլ գործածի:
– Մենք սիրում ենք ասել, որ գերտերությունները լուրջ ազդեցություն ունեն, շահագրգիռ են եւ այլն, միաժամանակ հասկանում ենք, որ Թուրքիան եւս պետք է շահագրգիռ լինի, եթե մտադիր է ԵՄ անդամ դառնալ: Ուրեմն, չե՞ք կարծում, որ նույն գերտերությունները պետք է այս երկրի առաջ լուրջ հարց դնեն՝ բացել իրենց իսկ փակած սահմանը: Ինչո՞ւ հարցը այդ երկրի առաջ չի դրվում ավելի խիստ, որովհետեւ Հայաստանը կարծես իր քայլը կատարել է:
– Ինչ-որ առումով աննախադեպ է, որ ուժային կենտրոնները միակարծիք են եւ արտահայտում են իրենց շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Մյուս կողմից՝ որեւէ պետությանը իր կամքին եւ շահերին դեմ քայլեր պարտադրելը լինում է բացառիկ դեպքերում, եւ սա այդ դեպքը չէ: Հայաստանը նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ելնելով ոչ թե այլ պետություններին հաճոյանալու կամ նրանց թելադրանքով առաջնորդվելու մոտեցումից, այլ սեփական շահերից: Կարծում եմ՝ նույն մոտեցումով է առաջնորդվում նաեւ Թուրքիան, եւ դա Թուրքիայի համար ոչ միայն Եվրամիությանը հնարավոր անդամակցության հեռանկարն է:
– Մեր պետության շահը այս ամբողջ պատմությունից ո՞րն է:
– Վավերացման դեպքում Հայաստանի համար շահեկան են հաղորդակցման ուղիների դիվերսիֆիկացիան, արտահանվող եւ ներմուծվող ապրանքների համար ավելի շահեկան պայմանների ստեղծումը, տարածաշրջանում կայունության եւ իրադարձությունների զարգացման կանխատեսելիության ավելացումը: Արձանագրությունների վավերացումով սկիզբ կդրվի երկխոսությանը՝ ուղղված ապագայում հարեւան երկրների միջեւ փոխվստահության մթնոլորտի եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Այդ հեռանկարին հասնելը ենթադրում է, որ ինչպես մեր երկրի նախագահն է ասել՝ Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ: Ցեղասպանության ճանաչման գործընթացը ենթադրում է, որ Թուրքիան պետք է ընդունի ցեղասպանությունը: Թուրքական հասարակության ներսում արդեն սկսվել են ցեղասպանության շուրջ քննարկումներ:
– Սակայն, համաձայնեք, Թուրքիան երբեք չի ճանաչի ցեղասպանությունը, որովհետեւ այդպիսով կընդունի, որ իր ժողովուրդը ցեղասպան է:
– Կարծում եմ՝ ճիշտ հակառակը: Քանի դեռ ժամանակակից Թուրքիան չի ճանաչում Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը, ցեղասպանի խարանն ավելի շատ է կպչում իր ժողովրդին: Չէ՞ որ ցեղասպանությունը, ըստ միջազգային իրավունքի, պետության քաղաքականությունն է, այլ ոչ թե՝ ժողովրդինը: Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը չի հանդիսանում Հայաստանի կողմից առաջադրված նախապայման հարաբերությունների կարգավորման համար, սակայն ճանաչումն էապես կնպաստի ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեռքբերմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել