Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱՆ

Նոյեմբեր 20,2009 00:00

ՀՀ ոստիկանությունը երեկ «տաք հետքերով» ձերբակալել է նոյեմբերի 19-ին սպանված, «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության մեջ մեղադրվող անձին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ այս սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ու ձերբակալվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Վերջինս 2009թ. հունիսի 20-ին Սամվել Շաբոյանի եղբոր՝ Պերճիկ Շաբոյանի կողմից սպանված Մարզպետունի Պետրոսյանի եղբոր տղան է: Հասկանալի է, որ տեղի ունեցածի շարժառիթը վրեժխնդրությունն է եղել: Հիշեցնենք, որ Սամվել Շաբոյանը սպանվել էր նոյեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայում: Նրա «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայից ինքնաձիգի կրակահերթ էր բացվել: Արձակված գնդակները դիպել էին ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել էր: Զննությամբ ավտոմեքենայի հետեւի աջ դռան վրա հայտնաբերվել էր հրազենային կրակոցների 30 անցք: Դեպքի առնչությամբ ՀՀ ՔՕ 104 եւ 235 հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել