Ըստ էության՝ այսպես է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը բացատրում, թե ինչու վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձավ ՀՀԿ-ական:
– 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի ՀՀԿ-ական թեկնածուներից նախընտրեց անկուսակցական Տիգրան Սարգսյանին, թերեւս փորձելով ցույց տալ, թե չի առաջնորդվում կուսակցական մոտեցումներով: Այժմ Տիգրան Սարգսյանն էլ դարձավ ՀՀԿ-ական, ինչպես եւ Հայաստանում առանցքային այլ պաշտոնները զբաղեցնողները: Արդյոք այսպիսով իշխանությունը չդարձա՞վ ավելի մոնոլիտ ու միակենտրոն:
– Պետական բյուջեի քննարկումները ցույց տվեցին, որ կառավարությունը լուրջ խնդիրներ ունի խորհրդարանի ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ իշխանամետ պատգամավորների հետ: Շատ հաճախ քննարկումների ընթացքում քաղաքական մեծամասնության պատգամավորները շատ ավելի կտրուկ, սուր եւ ըստ իս՝ արդարացի քննադատության էին ենթարկում վարչապետին, քան ընդդիմադիր շատ պատգամավորներ: Հասկանալով, որ գոյություն ունի օբյեկտիվ դժգոհություն կառավարության անդամների, այդ թվում նաեւ՝ վարչապետի գործունեությունից, հասունանում էր կառավարության հրաժարականի շուրջ ավելի առարկայական խոսակցությունը: Ես կարծում եմ, որ այս քայլով ՀՀ վարչապետն, անշուշտ՝ ՀՀԿ ղեկավարության համաձայնությամբ, մտնելով այդ կուսակցության շարքերը՝ ուղղակի փորձեց ապահովագրել գործադիր իշխանությունը հնարավոր ճնշումներից եւ որոշ չափով նաեւ երկարացրեց կառավարության կյանքը՝ հեռացնելով հրաժարականի պահանջը:
– Սակայն եթե հաշվի առնենք Տիգրան Թորոսյանի նախադեպը՝ քաղաքական մեծամասնությանը մաս կազմելը երաշխիք չէ հրաժարականից խուսափելու համար: Վստա՞հ եք, թե վարչապետի ՀՀԿ-ականացումը միայն նման «տանիք» կամ քաղաքական հենարան ձեռք բերելու նպատակ է հետապնդել:
– Իհարկե, հեռանկարում դա իրենից ոչ մի երաշխիք չի ներկայացնում, բայց այս պահի համար դա մարտավարական լուծում էր, որն ընտրվեց վարչապետի եւ ՀՀԿ ղեկավարության կողմից: Հեռանկարում դա բոլորովին էլ չի նշանակում, թե ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանը հավերժ մնալու է վարչապետ:
– Այնուամենայնիվ, առավել ԲՀԿ-ական պատգամավորներն էին քննադատում կառավարությանը եւ ոչ՝ ՀՀԿ-ականները: Ի՞նչ հիմք ունեք պնդելու, թե արդեն հասունացել էր կառավարության հրաժարականի հրամայականը:
– Ո՛չ, դժգոհություններ շատ են արտահայտվել նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից: Եվ դրանք արտահայտվել են մասնավորապես մշտական հանձնաժողովներում քննարկումների ժամանակ: Հատկապես ԱԺ գործարար դաշտի ներկայացուցիչ պատգամավորները կամ տնտեսության խնդիրներով ավելի շահագրգիռ քաղաքական մեծամասնության անդամները միշտ քննադատել են կառավարության տնտեսական քաղաքականությունը:
– Նման տեսակետ է հնչել, թե ՀՀԿ-ի պատգամավորները ճիշտ են՝ իրենք հաղթած կուսակցություն են, բայց գործադիր իշխանությունը տվել են անկուսակցականի։ Եվ եթե ամբողջ պատասխանատվությունն իրենցն է՝ այդ պաշտոնում պետք է լիներ մարդ, որը հանդես է գալիս կուսակցության անունից։ Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ն այսպիսով ստանձնում է կառավարության տնտեսական քաղաքականության ողջ պատասխանատվությունը:
– Շատ նորմալ է: Այդ առումով խնդիր չեմ տեսնում: Այո՛, թող Հանրապետական կուսակցությունը ստանձնի ամբողջական պատասխանատվությունը, քանի որ կար նաեւ այսպիսի միտում, թե գիտեք՝ մենք բերել ենք պրոֆեսիոնալների թիմ, եւ եթե ձախողվեն, ուրեմն՝ լավ չեն աշխատել. ու մենք կարող ենք փոխել այդ թիմը: Այսօր վարչապետը դառնում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական դաշտի խոշորագույն ֆիգուր: Եվ իշխանական կուսակցությունը փաստորեն ամբողջությամբ պատասխանատվություն է կրելու վարչապետի ոչ միայն կատարած քայլերի, այլ նաեւ իր արտասանած յուրաքանչյուր բառի համար: Այդ թվում՝ այն արտահայտությունների, որոնք կարծես թե այնքան էլ չեն տեղավորվում ՀՀԿ գաղափարախոսական շրջանակներում: Օրինակ՝ նրա պնդումը, թե մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում են ոչ թե Լեռնային Ղարաբաղի եւ ցեղասպանության ճանաչման խնդիրները, այլ սոցիալական արդարությունը: Մեկ այլ օրինակ՝ «Հայրենատիրության օր» նշելու վերաբերյալ մեր առաջարկին համաձայն են ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ, սակայն այդ նախաձեռնությունը բացասական եզրակացության է արժանացել կառավարության եւ վարչապետի կողմից:
Ի վերջո, եթե մարդիկ մտնում են որեւէ կուսակցության մեջ՝ նախ եւ առաջ, իրենց գաղափարական համոզմունքներով պետք է համապատասխանեն այդ կուսակցության գաղափարախոսությանը: Եվ այս առումով՝ որոշակի հակասություններ մենք գուցե թե կտեսնենք նաեւ հետագայում:
– Այսուհանդերձ՝ արդյոք այսպիսով նաեւ չդրսեւորվե՞ց տնտեսական քաղաքականության նկատմամբ կուսակցական վերահսկողությունն եւ ազդեցությունը մեծացնելու միտումը:
– Իսկ գուցե հակառա՞կը: Իսկ գուցե կա մի վերնախավ, որը փաստացի պատասխանատու է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական որոշումների կայացման համար: Եվ այսօր այդ վերնախավի անդամ ՀՀ վարչապետին ՀՀԿ անդամ դարձնելով՝ այդ վերնախավն իր հնարավորություններն է՛լ ավելի է մեծացնում: Եվ այստեղ հարց է, թե Հանրապետակա՞ն կուսակցությունն իր կազմում ներառեց վարչապետին, թե՞ հակառակը՝ այդ վերնախավը վերահսկողության է՛լ ավելի լուրջ լծակներ կունենա ՀՀԿ-ի եւ քաղաքական առկա մեծամասնության նկատմամբ:
Եվ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրման քաղաքական հետեւանքը նաեւ այն կլինի, որ վարչապետի բոլոր մեղքերը կվերագրվեն առանց այդ էլ ոչ քիչ մեղքեր ունեցող Հանրապետական կուսակցությանը: