Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍ Է ՏՐՎԵԼ

Նոյեմբեր 20,2009 00:00

\"\"Սերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը

Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը երեկ յուրովի են մեկնաբանել նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն ու ՀՀ ԱԺ նախկին նախագահ, իսկ այսօր անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
Արամ Մանուկյանը, որը երեկ հյուրընկալվել էր «Դուպլեքս» ակումբում, բացատրել է, թե իրականում ինչ է նկատի ունեցել Տեր-Պետրոսյանը, երբ իր ելույթում հիշատակել է XVII դարում Թուրքիայում գործունեություն ծավալած հոգեւորական Եղիազար Այնթապցու պատմությունը եւ զուգահեռ անցկացրել Սերժ Սարգսյանի ու նրա վարած քաղաքականության հետ: «Ամեն ինչ շատ պարզ է, տողատակերում բան մի փնտրեք: Դա նշանակում է՝ եղբա՛յր, արի վերցրու քո իշխանությունը, բայց երբեք պատմական անցյալի առումով կորուստներ մի՛ տուր եւ մի՛ վաճառիր Հայաստանը օտարին: Շատ տխուր, բայց պարզ մոտեցում է: Տեր-Պետրոսյանն այնքան լայնախոհ է, որ համաձայն է կուլ գնալ այս իշխանությանը, միայն թե երկիրը չկորցնենք, միայն թե արցախյան պատերազմում տված 5500 զոհի արյան գնով ձեռք բերված Ղարաբաղը չկորցնենք, միայն թե 1,5 մլն զոհի ուրացումը չտեսնենք»,- «Panorama.am»-ի փոխանցմամբ՝ ասել է Ա. Մանուկյանը: Իսկ «tert.am»-ի փոխանցմամբ էլ՝ նաեւ հավելել է, թե Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին վերջին շանսն է տվել:
Նույն աղբյուրի մատուցմամբ, Ա. Մանուկյանը հույս է հայտնել, թե ժողովուրդը չի դադարի պահանջել նախագահի հրաժարականը, քանի որ անլուծելի են մնում այնպիսի սկզբունքային հարցեր, ինչպիսիք են խոսքի ազատությունը, քաղբանտարկյալների հարցը, 2008թ. մարտի 1-ի դեպքերի անկողմնակալ հետաքննումը: Միաժամանակ նա հակադարձել է Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցչի՝ Կարապետ Ռուբինյանի դիտարկմանը, թե ՀԱԿ-ը դադարեցրել է պայքարը: «Կոնգրեսը չի դադարել պայքարել, առավել եւս՝ հիմա, երբ ընթանում է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործի դատավարությունը»,- ասել է բանախոսը՝ նաեւ վկայակոչելով դատախազության շենքի դիմաց պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաներն ու Սարյանի արձանի մոտ ամենօրյա քաղաքական զբոսանքները: Նա նաեւ համաձայնել է Տեր-Պետրոսյանի այն դիտարկման հետ, թե հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ այսօր Հայաստանում երկու խիստ հակադիր կարծիքներ կան, մեկն՝ ընդդիմության, մյուսը՝ իշխանություններինը։
Իհարկե, այս վերջին հայտարարության հետ այնքան էլ համաձայն չէ ՀՀ խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը: «News.am»-ին տված հարցազրույցում նա այդ մոտեցումը համարել է Տեր-Պետրոսյանի ելույթում եղած, Թորոսյանի ձեւակերպմամբ՝ բազմաթիվ հակասական դրույթների ու մի շարք թերությունների օրինակ: «Արձանագրություններին դեմ տեսակետները երկու խմբի դասակարգելը աղավաղում է իրականությունը եւ հետապնդում է սոսկ հատվածական՝ Կոնգրեսի շահերից բխող նպատակներ: Սակայն նման ելույթներին ամբողջական գնահատական տալու համար պատշաճ է ավելի մանրամասն եւ առանձին անդրադարձ»,- ասել է ԱԺ նախկին խոսնակը:
Պատասխանելով այն հարցին, թե՝ Տեր-Պետրոսյանի ելույթից հետո շատերը եզրակացրին, որ նա հեռանում է քաղաքականությունից, Տ. Թորոսյանն ասել է, որ ինքը նման տպավորություն չի ստացել. «Ցավոք, Հայաստանում կան մասնագիտություն չունեցող մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ ստանձնել են ֆուտբոլային հանդիսատեսի դեր եւ տնայնագործական մակարդակով զբաղվում են «վերլուծություններով» ու խորհուրդներով: Հավանաբար, ոգեւորվել են ֆուտբոլային դիվանագիտությունից եւ որոշել ողջ քաղաքական դաշտը վերածել ֆուտբոլայինի: Իհարկե, չպետք է անտեսել նաեւ Հայաստանում ոչ պակաս տարածում ստացած պարզունակ պատվերների միջոցով, իբր, հասարակական կարծիք ստեղծելու փորձերը: Վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանալու որեւէ մտադրություն չունի: Ըստ այդ ելույթի, կարելի է ենթադրել, որ անցած մոտ երկու տարվա գործունեությունը հանգեցրել է որոշ հետեւությունների, եւ այժմ փորձ է արվում սրբագրել սխալներն ու բացթողումները եւ այլ ուղիով հասնել այն նպատակին, որը ՀԱԿ-ը հետապնդում է»:
Ի դեպ, նա անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հանրապետական դառնալու փաստին: «Մեկ անձի կուսակցական դառնալը, անկախ նրանից՝ նա վարչապետ է, թե այլ պաշտոնյա, ոչինչ չի փոխում ո՛չ այդ կուսակցության մեջ, ո՛չ էլ առավել եւս՝ երկրի կյանքում, հատկապես հաշվի առնելով, թե ինչ վիճակում է գտնվում երկրի բազմակուսակցական համակարգը: Այն կարծես ձեւավորվել է որպես Ռուսաստանի նախկին վարչապետ Չեռնոմիրդինի հետեւյալ խոսքերի վառ ապացույց. ամեն անգամ ցանկանում ենք ստեղծել նոր կուսակցություն, բայց էլի ստացվում է կոմունիստական՝ իր ամենավատ դրսեւորումներով: Ցավոք, Հայաստանում բազմակուսակցական համակարգը ոչ միայն չկայացավ, այլեւ այլասերվեց, եւ այսօր շատ կուսակցությունների համար հստակ ծրագիր, գաղափարախոսություն, սկզբունքներ, արժեքներ գրեթե գոյություն չունեն, փոխարենը՝ անձի պաշտամունքի զավեշտալի դրսեւորումներ, որոնց կնախանձեր անգամ Բրեժնեւը»,- արձանագրել է ԱԺ նախկին խոսնակ Թորոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել