Բազմակնությունը խրախուսող կրոնական աղանդի 12 անդամներ կանգնել են ամերիկյան դատարանի առաջ: Դատական քննությունը վերաբերում է աղանդի անդամների ծնողական իրավունքների պահպանմանը: Կես տարի առաջ ոստիկանները «ռեյդ» էին կատարել աղանդին պատկանող ագարակում, որտեղից դուրս է բերվել եւ մանկատուն տարվել 400 երեխա:
Ինչպես նշում է միջազգային մամուլը, այդ դատավարությունը կդառնա ամերիկյան եւ հնարավոր է նաեւ համաշխարհային պատմության մեջ խոշորագույնը՝ ծնողական իրավունքներից զրկելու կամ դրանք պահպանելու առումով: Ձերբակալված 12 մարդիկ իրենց հերթին մեղադրվում են անչափահասների հետ սեռական կապի մեջ, ինչը թույլատրվում է կրոնական աղանդի ավանդույթներով:
Դատարանի առաջ կանգնած, օրինակ, 38-ամյա Ռայմոնդ Ջեսոփը կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման, եթե մեղավոր ճանաչվի անչափահասի հետ սեռական կապում:
Բոլոր կասկածյալները մորմոնական խոշորագույն կազմակերպության՝ «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի ֆունդամենտալիստական եկեղեցու» անդամներ են:
qahana.am-ը նշում է, որ մորմոնները մեղադրվում են անչափահասների հետ ունեցած սեռական կապի, բազմակնության եւ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:
Մորմոնների աղանդի հետեւորդների մեծամասնությունն ապրում է Յուտայի եւ Արիզոնայի նահանգներում, որտեղ օրենքներն ավելի լոյալ են վերաբերվում նրանց սովորույթներին: