Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"Բայց ակումբային բիզնես չկա

Վաղը ակումբային կյանքի սիրահարների համար վերջապես պարզ կդառնան «Գեոմետրիա Արմենիա» ընկերության նախաձեռնած «Geometria Awards 2009» ակումբային մրցանակաբաշխության հաղթող ակումբների ու վերջինների հետ պարբերաբար առնչվող «ակումբամոլների» անունները՝ «Best Club 2009», «Best DJ 2009», «Clubber 2009», «Clubbergirl 2009», «Best Party 2009», «Best event’s partner 2009» եւ այլ նոմինացիաներում:
Ըստ միջոցառման կազմակերպիչ, «Geometria.ru» նախագծի տնօրեն, «Geometria Armenia» ընկերության ներկայացուցիչ Արթուր Կարապետյանի, ակումբների միջեւ կայանալիք այս մրցանակաբաշխությունը Հայաստանում անց է կացվում երկրորդ անգամ: Խոսելով մրցանակաբաշխության մասին, կազմակերպիչը մանրամասնեց. «Սա հայկական նախագիծ չէ, այն ռուսական «Geometria.ru» ընկերության ակումբային նախագծերից մեկն է: Իսկ «Geometria Armenia»-ն «Geometri.ru» ընկերության հայաստանյան մասնաճյուղն  է: Նշեմ, որ առաջին եւ փորձնական մրցանակաբաշխությունը կայացել է 2008 թվին: Իսկ այս տարի այն ավելի լայն մասշտաբով ենք անցկացնում: Ավելացրել ենք անվանակարգերը, մասնակից ակումբների թիվը: Մրցակցությունը անցկացվելու է չորս լավագույն ակումբների միջեւ, քանի որ միայն այդ չորսն են համապատասխանում միջազգային ստանդարտներին եւ ոչնչով չեն զիջում ռուսական եւ արտասահմանյան ակումբներին՝ իրենց տեխնիկայով, ներքին հարդարանքով, կազմակերպվելիք միջոցառումներով, հաճախորդների քանակով, նվագող DJ-ներով: Ակումբային դեմքերն ու բրենդներն էլ մրցելու են  20 անվանակարգերում»:
«Առավոտի» հետ զրույցում Ա. Կարապետյանն  ասաց, որ այդ ամենն արվում է Հայաստանում ակումբային բիզնեսը՝ clubbing-ը զարգացնելու նպատակով. «Հայկական ակումբային կյանքը եռում է: Բայց, ցավոք, ակումբային բիզնես չկա: Ճիշտ է, լավ ակումբներ կան, բայց հայերը չեն կարողանում բիզես անել: Դրա վառ ապացույցը ակումբների միջեւ մրցակցության պակասն է: Ակումբային կյանքը Հայաստանում արդեն շատ է զարգացել: Նախկինի համեմատությամբ այսօր այս ոլորտի փոփոխությունները շատ մեծ են: Ոլորտում ամեն ինչն է զարգացել, հատկապես DJ-ների առումով. այժմ մեր DJ-ների առնվազն  20%-ին հանգիստ կարող ենք տանել ցանկացած արտասահմանյան երկիր մեր պետությունը ներկայացնելու, ու վստահ եմ, որ գլուխներս կախ չենք վերադառնա: Զարգացել, փոխվել է նաեւ ակումբ հաճախող հասարակությունը: Հայ տղաների 90%-ն արդեն չի գնում ակումբ «աղջիկ կպցնելու», այլ հաճախում է զուտ հանգիստ վայելելու համար»:
Ակումբների հաճախորդների թվի մասին էլ մեր զրուցակիցն ասաց, որ շատ հաճախորդներ ունենալը պայմանավորված է տվյալ ակումբի վարկանիշով, իսկ դա էլ կախված է ակումբի DJ-ից եւ կազմակերպված party-ներից. «Այսօր շատ են կազմակերպում փակ միջոցառումներ, որն ավելի կայուն է՝ այցելու ապահովելու առումով: Օրինակ, մեր մրցանակաբաշխությունը կորպորատիվ միջոցառում է, այդ պատճառով էլ մենք եւս այն անցկացնելու ենք փակ, որին մասնակցելու համար նախատեսել եմ 300-500 հոգու»:
Անդրադառնալով անվանակարգերին, մեր զրուցակիցը նկատեց. «Առանձնահատուկ ուշադրության է արժանի հատկապես «Լավագույն DJ» անվանակարգը: Այժմ Հայաստանում DJ-ությունը մեծ մասսայականություն է վայելում, այդ պատճառով էլ «Լավագույն DJ» անվանակարգում մրցակիցները չափազանց շատ են»:
Հայաստանյան ակումբների մրցակցություն չունենալու պատճառն էլ, ըստ Ա. Կարապետյանի, մասսան է. «Սա նշանակում է, որ հայ հասարակության շատ քիչ տոկոսն է ընդունում ակումբ հասկացությունը, քանի որ միշտ նույն դեմքերն են հաճախում ակումբներ»:  Ակումբային մրցանակաբաշխությունների անհրաժեշտության մասով էլ հավելեց. «Սա ակումբներին նախ ներկայանալու հնարավորություն է տալիս, եւ հետո մրցանակաբաշխությունները ակումբների տնօրեններին  կստիպեն ավելի լուրջ վերաբերվել ակումբային բիզնեսին, քանի որ իրականում հնարավոր է այս ոլորտում մեծ գումարներ աշխատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել