Նոյեմբերի 12-ին Ստեփան Զորյանի՝ Վանաձորում գտնվող տուն-թանգարանում կազմակերպվել էր «Աշուն է, անձրեւ…» միջոցառում՝ Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի ու տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ գրողի 120-ամյակի տոնակատարությունների շրջանակներում: Այն վարում էր Վանաձորի թիվ 13 միջնակարգ դպրոցի ասմունքի խմբակի ղեկավար Իվան Անտոնյանը: Միջոցառումը բացվեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանի՝ աշնան թեմայով գրված մի բանաստեղծությամբ: «Տարվա բոլոր եղանակներին էլ հաճելի է այս հարկի տակ միջոցառումներ կազմակերպել»,- ասաց Լ. Անթառանյանը՝ Ստ. Զորյանի հայտնի խնձորի այգում ողջունելով ներկաներին:
«Այստեղ աշնան օրերն էլ են գարնան ու ամռան օրերի պես ջերմագին»,- նկատի ունենալով թանգարանի եւ այգու տրամադրող մթնոլորտը՝ ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:
Իրենց թեմատիկ եւ ոչ թեմատիկ ստեղծագործությունները կարդացին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը, արձակագիրներ Վալտեր Թորոսյանը, Նարինե Կռոյանը, թարգմանչուհի Նինա Ջաղինյանը, ասմունքի հանրապետական փառատոնի երիտասարդ դափնեկիր Դավիթ Հովհաննիսյանը, ուրիշներ:
Ներկաներին ողջունեցին երգիչներ Ստեփան Դալլաքյանն ու Մհեր Մելիքյանը: Թարգմանչուհի Նինա Ջաղինյանը սեփական թարգմանությամբ ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Ֆրեզնոյան մի առակ» ստեղծագործությունը, որտեղ տեղ գտած երկխոսությունները ներկայացրել էր Բիթլիսի բարբառով. «Այս ստեղծագործության մեջ Սարոյանի՝ նոր Ֆրեզնոյում հաստատված միջին տարիքի կերպարները հազիվ թե կարողանային խոսել արեւելահայերեն կամ սովորած լինեին անգլերեն հաղորդակցվել, ուստի կարծում եմ՝ ճիշտ էր նրանց ներկայացնել հայրենիքի բարբառով, ինչը ես արել եմ»:
Նշենք, որ Սարոյանի «Ֆրեզնոյան մի առակ» ստեղծագործությունը չի թարգմանվել ոչ մի լեզվով. Ն. Ջաղինյանի թարգմանությունը առաջինն էր նաեւ հայերեն: