Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ բեմադրիչները բանավիճեցին

Նոյեմբեր 19,2009 00:00

«Մենք չունենք թատերագիտական դպրոց: Թատերագիտությամբ ով ասես զբաղվում է՝ բանասեր, չստացված ռեժիսոր, չստացված դերասան, եւ բոլորին թվում է՝ այդ դաշտը խոպան է, ու իրենք այդ բնագավառում գիտակներ են: Եթե թատերագետները չեն զբաղվում թատերագիտությամբ, ինչի՞ համար են թատերագիտական կուրսերը»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում հարց տվեց բեմադրիչ Կարեն Խաչատրյանը՝ խոստովանելով, որ այս ամենը հասկացավ Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ փառատոնին մասնակցելուց հետո: Կ. Խաչատրյանը, փառատոնին իր ներկայացրած բեմադրության օրինակով, աբսուրդ համարեց փառատոնի շրջանակներում կազմակերպված քննարկումները: Նրա կարծիքով, քննադատներն անտեսում են կարեւոր հանգամանք, որ ռեժիսորի ստեղծագործությունը պետք է ազատ լինի ու այդ աշխատանքն է թատրոնում հենց դոմինանտ. «Ինձ կոնկրետ ոչինչ չեն տվել քննարկումները, ես ուրախ եմ այն մարդկանց համար, որոնք հնարավորություն ունեցան դրսեւորվելու»:
Ըստ բանախոսի, «թատերագետները» ռեժիսորի աշխատանքը գնահատում են իրենց կաղապարված դիտակետից. «Փոխանակ մտնեն ռեժիսորի դատի մեջ եւ այդտեղից նայեն՝ ռեժիսորն ի՞նչ մտահղացումներ ունի, ի՞նչ թատերագիտական խնդիրներ է իր առաջ դրել, նրանք իրենց կաղապարված մտքերի մեջ դիտում են եւ գնահատում»: Բեմադրիչ Լուսինե Երնջակյանը չհամաձայնեց գործընկերոջ կարծիքին. «Կարենը մի քիչ ծայրահեղ է, միգուցե Կարենի ընկալմամբ՝ քննարկումներին մասնակցող թատերագետները արհեստավարժ չէին, բայց, համենայնդեպս, փառատոնի շրջանակներում քննարկումներին մասնակցողները մասնագիտությամբ քննադատներ էին ու այդ ոլորտում են աշխատում»:
Լ. Երնջակյանի համոզմամբ, փառատոնը նոր տաղանդներ բացահայտելու լավ հնարավորություն է. «Փառատոնն այս տարի առանձնանում էր նոր անունների մասնակցությամբ, նրանցից շատերն առաջին լուրջ բեմադրություններն էին ներկայացնում: Փառատոնի մյուս առանձնահատկությունն էլ ներկայացումներից հետո մասնագետների փոքր կազմով քննարկումներն էին, ինչը նպաստավոր է ու միշտ սթափ լինելու նպատակ ունի: Հատկապես մեզ՝ բեմադրիչներիս համար փառատոնի նման ձեւաչափը խիստ օգտակար է»: Լ. Երնջակյանը համոզված է, հանդիսատեսի համար նույնպես փառատոնը մեկ առիթ է թատրոն այցելելու եւ դիտելու երիտասարդ բեմադրիչների գործերը. «Կարծում եմ՝ այն խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք, երիտասարդությանն ավելի հետաքրքիր են, քան տարեցներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել