Արվեստի բուհերում ֆիզկուլտուրա առարկան
երկրորդական է, որոշ բուհերում էլ փակվում են ֆիզիկական դաստիարակության ամբիոններ:
Հին հույները կարծում էին, որ բանահյուսությունը զարգացնում է միտքը, երաժշտությունը՝ փխրեցնում հոգին, իսկ այդ ամենից հետո պետք է «կրթել» նաեւ մարմինը: Այն, ինչ անհրաժեշտ էր հին հունական հասարակությանը, պարզվում է՝ 21-րդ դարի հայաստանյան պայմաններում այնքան էլ հեշտ իրագործելի չէ:
Այս անգամ «Առավոտի» դիտակետում հայտնվել են ՀՀ այնպիսի պետական բուհեր, որոնք իրականացնում են մի քանի հիմնական ոլորտների ուղղությամբ մասնագիտական կրթություն՝ Երեւանի պետական բժշկական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարաններ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ:
Խնդիրը ոչ միայն նյութատեխնիկական բազայի անկատարությունն է, շենքային պայմանները, այլեւ առարկայի նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությունը: Այստեղ նույնիսկ չեն գործում ֆիզիկական դաստիարակության ամբիոններ: Տեղի մասնագետներից շատերը կարծում են, որ արվեստի բնագավառի ուսանողների համար ֆիզդաստիարակությունը երկրորդական բնույթ ունի: Այս խնդիրների մասին զրուցեցինք Կոնսերվատորիայի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Արամայիս Նիկոյանի հետ: Հենց այս ամբիոնին են կցված ֆիզիկական կուլտուրա առարկան դասավանդող դասախոսները: Պարոն Նիկոյանը նշեց, որ ֆիզիկական կուլտուրա առարկան իրենց բուհում իրականացվում է կամընտրական հիմունքներով եւ հավելեց. «Մենք ընդամենը կարողացել ենք պայմանագիր կնքել Պոլիտեխնիկի եւ Երիտասարդական պալատի լողավազանների հետ, որպեսզի մեր ուսանողները ցանկության դեպքում կարողանան օգտվել դրանցից: ԽՍՀՄ-ի տարիներին մեր բուհն ուներ կահավորված մարզադահլիճ, որն այժմ վերածվել է համերգային դահլիճի: Այժմ Կոնսերվատորիան չունի մարզադահլիճ, պայմանագիր կա Վարզգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հետ, որ այն ուսանողները, ովքեր ուզում են վազքով զբաղվել՝ օգտվեն այնտեղի պայմաններից: Մյուս կողմից էլ՝ մեր բուհն արվեստի բուհ է, եւ, օրինակ, ջութակահարի համար այնքան էլ առաջնային չէ սպորտով զբաղվելը, մատների պահպանման խնդիր կա եւ այլ նրբություններ»: Սակայն հայտնի պատմություն կա՝ կապված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ: Նա ժամանակին մի ծնողի հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար, որ իր ջութակահար դուստրը զբաղվի վոլեյբոլով, պատասխանել է, որ, ընդհակառակը, դա օգտակար է:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւս չկա ֆիզիկական դաստիարակության ամբիոն: Առարկային վերաբերող հարցերով զբաղվում է բեմական խոսքի, շարժման եւ մեներգի ամբիոնը: Ավագ կարգավար Մարինե Մխիթարյանի խոսքով, իրենց բուհում ֆիզկուլտուրա առարկան պարտադիր է 1-ին եւ 2-րդ կուրսերում: Այս բուհը եւս չի փայլում առարկայի համար նախատեսված պայմաններով. մարզադահլիճն ընդամենը բավարար մակարդակի վրա է, նյութատեխնիկական բազան լիովին համալրված չէ: Բուհում այս առարկայի նկատմամբ պահանջկոտություն չկա: Պատճառը նույնն է: Մ. Մխիթարյանը ասաց. «Մենք ունենք պարարվեստի ռեժիսուրայի կուրս, որտեղ հիմնականում պարողներ են: Նրանց ինչի՞ն է պետք ֆիզիկական կուլտուրա առարկան, եթե առանց այդ էլ ամբողջ օրը մարզվում են: Դասավանդվում է նաեւ բեմ-շարժում առարկան, այսինքն՝ մեր դերասաններին միշտ էլ շարժում ենք, եթե նույնիսկ ֆիզկուլտուրա առարկան էլ չլինի: Մեզ մոտ դասավանդվում է բեմական մարտ առարկան, որի շրջանակներում ուսանողները սովորում են սուսերամարտ, փայտերով մարտ եւ այլն»:
Բժշկական համալսարանը, չնայած արվեստի բուհերի շարքին չի դասվում, բայց ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման առումով չի զիջում նրանց: Եթե անցյալ տարի այս բուհում գործում էր առանձին ամբիոն, ապա այս տարվանից, ինչպես մի շարք ամբիոններ, այնպես էլ այս ամբիոնը միավորվել է: Բուհում այժմ գործում է սպորտային բժշկության եւ սպորտի ամբիոն, որի վարչական աշխատանքների պատասխանատու Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ բուհում ֆիզկուլտուրան դասավանդվում է միայն առաջին կուրսում, մարզադահլիճը դեռ վերանորոգված չէ, սեկցիոն պարապմունքների համար վարձակալում է Պոլիտեխնիկի լողավազանը: Հարցին, թե ինչո՞ւ են ուսումնական հաստատություններից շատերում մի տեսակ մատների արանքով նայում ֆիզիկական կուլտուրա առարկային, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Լուրջ խնդիր է եւ պայմանավորված է մի շարք գործոններով: Դա գալիս է մանկությունից, ազգի մենտալիտետից, մեր կուլտուրայից, կառավարության մոտեցումից եւ այլ հարցերից»:
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Խաչատուր Թեւոսյանի փոխանցմամբ՝ բուհում ֆիզկուլտուրա առարկան դասավանդվում է շաբաթը երկու անգամ՝ մինչեւ 3-րդ կուրս: Նա ասաց, որ նյութատեխնիկական բազան բավարար չափով թարմացվել է, մարզադահլիճի վիճակը վատ չէ: Խոսելով ավելի բարեկարգ մարզադահլիճ ունենալու մասին՝ Խ. Թեւոսյանը փաստեց. «Այսօր քաղաքում նորմալ մարզադահլիճ կառուցելը դժվար է, դա կապված է լուրջ ֆինանսական ներդրումների հետ: Բայց մեր բուհում ֆիզկուլտուրայի նկատմամբ կա պահանջկոտ վերաբերմունք՝ սկսած ռեկտորից: 2-րդ կուրսում մեր ուսանողները պարտադիր լող են անցնում, դրա համար վարձակալել ենք Երիտասարդական պալատի լողավազանը»:
Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մարզադահլիճն էլ գտնվում է Նոր Նորքի մասնաշենքում: Բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը տեղեկացրեց. «Նյութատեխնիկական բազան համալրվում է ամեն տարի: Հիմա կատարվում են վերանորոգման աշխատանքներ, լողախցիկներ ենք կառուցելու եւ մինչեւ փետրվար կունենանք համալրված մարզասրահներ: Նույն տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշների՝ թեթեւ կոնստրուկցիաներով մեծ մարզադահլիճ: Վարձակալել ենք լողավազաններ, որպեսզի ուսանողները անվճար զբաղվեն լողով, նաեւ՝ Աբովյանի քաղաքային մարզադաշտը, որտեղ ուսանողներին ավտոբուսներով տանում ենք մարզվելու: Շուտով շահագործման կհանձնենք մեր շախմատի ակումբը»: Հ. Թոքմաջյանը պատմեց, որ ռեկտորների խորհրդում իրենք առաջարկել են կառուցել մեծ մարզակենտրոն՝ քաղաքապետարանից հողատարածք ստանալով, որը կլինի ընդհանուր բոլոր բուհերի համար: Ռեկտորը մանրամասնեց. «Ցավոք, լուրջ արձագանք չստացանք: Այնինչ, դա իրագործելի էր. նախագծումը, շինարարական աշխատանքների վերահսկումը մենք կիրականացնեինք, Պոլիտեխնիկը կաջակցեր իր բնագավառներին վերաբերող հարցերում…»: Դառնալով ֆիզկուլտուրա առարկային ոչ լուրջ վերաբերվելու համատարած խնդրին, Հ. Թոքմաջյանը նկատեց. «Ադմինիստրատիվ մեթոդներով դրա դեմն առնել հնարավոր չէ: Ասենք, բացակայությունների պատճառով ուսանողին հեռացնես, «անբավարար» նշանակես եւ այլն: Դա լուծում չէ: Պետք է բացատրշխատանք տանել, հասնել նրան, որ ուսանողը գիտակցի, որ սպորտը օրվա պարտադիր բաղկացուցիչ մաս պիտի լինի: Մյուս կողմից էլ դրա իրագործման համար հանրապետությունում պիտի ստեղծվեն բոլորին մատչելի մարզաբազաներ: Ցավոք, այսօր սպորտով զբաղվելը հասանելի չէ բոլորին, քանի որ հիմնական մարզադաշտերը սեփականաշնորհվել են ժամանակին, վարձակալության գինն էլ շատ բարձր է: Ուստի ստիպված ենք Աբովյանում մարզադաշտ վարձակալել, քանի որ Երեւանում չկա մատչելի գներով համապատասխան դաշտ, որտեղ ուսանողները մարզվեն»: