Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՎԻԿՆ ՈՒ ՍՅՈՒԶԻՆ

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"\"\"

Մեր անվանի մարզիկները լրատվամիջոցների ուշադրությանն արժանանում են միայն իրենց հերթական պատասխանատու մրցելույթի նախօրեին, իսկ լավագույն դեպքում՝ դրանից մի քանի օր առաջ: Բացառություն չեն նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոններ Վախթանգ Դարչինյանն ու Սյուզի Կենտիկյանը:
«Առավոտը», որ պարբերաբար մարզասերներին տեղեկացնում է նրանց առօրյային, օրերս հերթական հեռախոսազրույցն ունեցավ չեմպիոնների, նրանց մարզիչների եւ հարազատների հետ:
Վիկը ներկայումս Ավստրալիայում նախապատրաստվում է դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայի Ռանչո Միրաժ քաղաքի «Agua Caliente Casino»-ում կայանալիք իր հերթական մենամարտին: Այդ օրը WBC/WBA գոտիների համար 53,525 կգ քաշային կարգում նրա մրցակիցը լինելու է մեքսիկացի Թոմաս Ռոհասը: Պրոֆեսիոնալ ռինգում նրանց մարզական կենսագրությունն այսպիսին է.
Վիկ Դարչինյան՝ 35 մենամարտ, 32 հաղթանակ (26-ը՝ նոկաուտով), 2 պարտություն (1-ը՝ նոկաուտով), 1 ոչ-ոքի:
Թոմաս Ռոհաս Գոմես՝ 44 մենամարտ, 32 հաղթանակ (22-ը՝ նոկաուտով), 11 պարտություն (1-ը՝ նոկաուտով), 1 ոչ-ոքի:
Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ Վախթանգն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, կլիմայափոխման նպատակով ԱՄՆ կմեկնի մինչեւ այս ամսվա վերջ՝ մարտից մոտ երկու շաբաթ առաջ եւ այնտեղ կանցկացնի մարզումների վճռական փուլը: Նա, ինչպես միշտ, տրամադրված է վճռականությամբ, չի կասկածում իր հաղթանակին եւ անելու է ամեն բան՝ նպատակին հասնելու համար:
Կապվեցինք նաեւ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի հետ եւ տեղեկացանք, որ նա այս անգամ էլ Ամերիկայում գտնվելու է իր սանի կողքին: Պարոն Բադալյանը տեղեկացրեց նաեւ, որ մասնագիտական աշխատանքային պարտականությունների կատարման պատճառով ինքը Վիկին միանալ կկարողանա նոյեմբերի 27-ից հետո: Բայց նաեւ հավաստիացրեց, որ ինքը լավ է ճանաչում իր աշակերտին ու մնացած կարճ ժամանակի ընթացքում կանի հնարավոր ամեն բան, որպեսզի Վիկն այդ մենամարտին ներկայանա լիարժեք պատրաստ:
Սյուզի Կենտիկյանի հետ հեռախոսակապը մի քիչ դժվար հաստատվեց: Հերթական հաղթանակից հետո, որում նա հաղթեց թրքուհի մրցակցին, փխրուն «Մարդասպան թագուհու» տրամադրությունը բարձր էր: Հիմա նա շարունակում է պարապմունքները՝ անհրաժեշտ մարզավիճակ պահպանելու համար:
– Հայրենիքից ստացած տպավորություններդ դեռ թա՞րմ են:
– Իհարկե: Գերմանիայում բոլորին պատմում եմ, թե որքան լավն է իմ Հայաստանը:
– Ե՞րբ ես կրկին գալու:
– Ուզում եմ շուտ գալ: Բայց դա կլինի, հավանաբար, եկող տարվա մարտին կամ ապրիլին, որովհետեւ հաջորդ մենամարտս, որքան ինձ տեղեկացրել են, մարտ ամսին է նշանակվելու: Պիտի պատրաստ լինեմ ցանկացած պահի մարզումներս վերսկսել:
– Մրցակցիդ անունը հայտնի՞ է:
– Դեռ ոչ: Բայց հաստատ գիտեմ, որ կրկին չեմպիոն կամ առաջին համար է լինելու:
– Ռինգի մականունդ ստացել ես նրա համար, որ մրցակիցներիդ մեծ մասին հաղթել ես նոկաուտով: Վերջին մարտերին դա, կարծես, չի ստացվում: Ինչո՞ւ:
– Որովհետեւ հիմա «կռվում» եմ միայն չեմպիոնների հետ՝ տարբեր վարկածների եւ տարբեր քաշային կարգերի: Եթե նրանք ինձնից լավը չեն, չի նշանակում, թե վատն են: Օրինակ,  վերջինը՝ Յուլիա Սահինը: Նա ինձնից մեկ աստիճան բարձր քաշային կարգ էր ներկայացնում: Բացի դա, նաեւ արեւելյան մարտարվեստներից աշխարհի չեմպիոն է եղել: Ընդունեք, որ այդպիսի մրցակցին նոկաուտ անելը հեշտ չէր: Չնայած այդ օրը ռինգ մտնելուց առաջ մի տարօինակ զգացում ունեի ու չկարողացա ինձ լիովին դրսեւորել:
– Երեւանում ուր գնում էիր՝ «Առավոտը» միշտ քո կողքին էր: Հիմա էլ հայաստանցի մարզասերները մշտապես հետաքրքրվում են քեզնով:
– Մի անգամ արդեն ասել եմ, որ ինձ համար անակնկալ էր, որ Հայաստանում մարդիկ ինձ ճանաչում են: Դա ինձ շատ է ոգեւորել: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր փողոցում ճանաչում էին ինձ, մոտենում, զրուցում, նոր հաղթանակներ էին մաղթում: Շնորհակալ եմ բոլոր այն պաշտոնյաներից, որոնք ընդունեցին ինձ: Եվ, իհարկե, «Առավոտից», որ ինձ Երեւանում գտնվելու ժամանակ ոչ մի րոպե մենակ չթողեց: Շատ եմ ցանկանում հաջորդ մենամարտում էլ հաղթել ու հաղթանակած գալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել