Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանի մասին ոչինչ չգիտենք»

Նոյեմբեր 19,2009 00:00

«Արաքսի ձախ ափին» հայ-թուրքական համատեղ ֆիլմի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց թուրք-հայկական գործարարական զարգացման խորհրդի համանախագահ Սերդար Դինլերը:

«Մենք Հայաստանի մասին ոչինչ չգիտենք, մեզ ժամանակ տվեք ուսումնասիրելու պատմությունը»,- օրերս Մոսկվայի տանը կայացած «Արաքսի ձախ ափին» հայ-թուրքական համատեղ ֆիլմի շնորհանդեսի ժամանակ այսպես արտահայտվեց թուրք գործարար, ֆիլմի համահեղինակ Սերդար Դինլերը:
Ֆիլմը ստեղծվել է թուրք-հայկական գործարարական զարգացման խորհրդի, Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Հայաստանում ու Թուրքիայում՝ ԱՄՆ դեսպանատների աջակցությամբ:
«Արաքսի ձախ ափին» նկարը պատմում է երկու պետությունների կենցաղի, մշակույթի, միմյանց նկատմամբ վերաբերմունքի եւ հնարավոր համագործակցության մասին:
Ֆիլմում թուրքական կազմակերպություններից մեկը հայկական կողմին Արաքս գետի վրա ջրամբարի կառուցման համատեղ ծրագրի առաջարկ է անում, որի արդյունքում Արազ անունով թուրք երիտասարդի եւ հայուհի Թամարի միջեւ նամակագրական կապ է ստեղծվում: Թուրք գործարար Արազը պարզում է իր անվան հայկական արմատները, տեղեկանում Հայաստանի պատմությանը, մշակույթին, հայ գործընկերուհու խնդրանքով էլ Անկարայի փողոցներում հարցումների շնորհիվ անցորդներից հետաքրքրվում հայերի եւ Հայաստանի նկատմամբ թուրք հասարակության վերաբերմունքի մասին:
Ըստ ֆիլմի հայկական կողմի նախաձեռնող, Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանի, ֆիլմը փորձ է ներկայացնել Արաքսի երկու ափերին բնակվող ժողովուրդների հիմնախնդիրները:
Ֆիլմում հնչում է հայկական երգ՝ թուրք դերակատարի կողմից, կադրերում երեւացող թուրքական դրոշը շնորհանդեսին ներկաների մեջ բողոքի ալիք առաջացրեց:
«Արաքսի ձախ ափին» կինոնկարի հայկական կողմի ռեժիսոր, սցենարիստ Գեւորգ Նազարյանի խոսքով՝ ֆիլմը քաղաքական աստառ չունի. «Ոմանք մտահոգվում են, թե ինչու ֆիլմում կա Թուրքիայի զինանշանը: Սա համատեղ ֆիլմ է` մենք ցույց ենք տալիս մեր պետությունն իր զինանշանով ու դրոշով, նրանք էլ իրենցն են ցույց տալիս: Մենք իրավունք չունենք բռնանալու ուրիշի կամքի վրա, ասելով՝ սա մի ցույց տվեք…»:
Թուրք գործարար Ս. Դինլերը լրագրողների հետ զրույցում նշեց. «Թուրք-հայկական հարաբերությունները կարող են զարգանալ լավ առումով: Թուրք հասարակությունն ավելի քիչ է ճանաչում հայերին: Թուրքիայի բնակչության 90%-ը տեղյակ չէ իրական պրոբլեմի մասին: Առաջին գիրքը, որ մեզանում տպագրվել է հայ- թուրքական կոնֆլիկտի մասին՝ 1992 թվականին է եղել: Հայաստանի մասին իմացանք նաեւ ձեր երկրի անկախության ճանաչումից հետո: Գուցե հայերդ ներողամիտ լինեք եւ հնարավորություն տաք ավելի մոտիկից ճանաչել Հայաստանը… Վերջերս մեծ կոնֆերանս եղավ Թուրքիայի համալսարաններից մեկում, որտեղ արծածվեցին հայ-թուրքական խնդիրները՝ սկսած Ադանայի ժամանակաշրջանից: Մենք հիմա սովորում ենք, դեռ ուսումնասիրում»:
Թուրք գործարարը ընդգծեց նաեւ, որ հայ-թուրքական կոնֆլիկտ ասելով՝ հասկանում է փակ սահմաններ, ոչ դիպլոմատիկ եւ դիվանագիտական հարաբերություններ, կրթական, մշակութային եւ այլ փոխանակումների չգոյություն:
Թուրքիայի կրթության նախարարության վերջերս հրատարակած քարտեզի մասին, որտեղից հանված է Հայաստանի Հանրապետությունը, Ս. Դինլերը մեկնաբանեց. «Ես տեղյակ չեմ դրանից, բայց կարծում եմ` դա նախարարի որոշում չի եղել եւ ոչ էլ քաղաքական աստառ ունի: Գուցե տեխնիկական առումով է այդ վրիպումը տեղի ունեցել, մանավանդ այսօրվա Թուրքիայի մեծագույն քաղաքականությունն է՝ նվազագույնի հասցնել բոլոր հարեւան երկրների հետ խնդիրները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել