Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

Նոյեմբեր 19,2009 00:00

Էստրադային երգի նորարար Ամիրխանյանը
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվեց ճանաչված կոմպոզիտոր, քաղաքական գործիչ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյակը:
1960-ականներին իր մեղեդային եւ ուրույն կառուցվածքով, նուրբ ու քնարական երգերով նշանավոր դարձած արվեստագետը խորհրդային էստրադային երգի նորարարներից եղավ, նպաստեց այն բանին, որ «թեթեւ» ժանրը բեռնավորվեց բովանդակային նոր դրսեւորումներով: «Աշնան մեղեդի», «Այնպես ուզում եմ», «Հայի աչեր», «Ո՞ւր եք, տղաներ» եւ այլ ստեղծագործություններ ճշմարիտ հիթեր դարձան՝ մեծ ճանաչում բերելով կոմպոզիտորին: Իսկ  Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգության հիման վրա ստեղծված համանուն մյուզիքլը ազգային երաժշտադրամատիկական արվեստում ժանրի առաջնեկն էր: Ռ. Ամիրխանյանը մեծ ավանդ ունի ազգային կինոերաժշտության ոլորտում, մասնավորաբար՝ «Պույ-պույ մկնիկը» եւ «Խոսող ձուկը» մուլտֆիլմերի համար գրած նրա երաժշտությունը դասական արժեք է:
Կոմպոզիտորը ստեղծել է նաեւ մեծակտավ ստեղծագործություն՝ շախմատային թեմայով, սակայն զարմանալի է, որ շախմատասեր ՀՀ նախագահի բարձր հովանավորությամբ այդ երկը առայսօր չի բեմադրվել:
Տեւական ժամանակ գլխավորելով Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը, Ամիրխանյանը նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր եղավ՝ իր մասնակցությունը բերելով օրենսդիր մարմնի աշխատանքներին: Ճիշտ է, մշակութային դաշտում նշանակալի փոփոխություններ չարձանագրվեցին, չընդունվեցին կարեւոր օրենքներ, բայց այն հանգամանքը, որ ԱԺ դահլիճում ամեն նիստին ներկա էր «Երազ իմ երկիր հայրենի» երգի հեղինակ կոմպոզիտորը, արդեն բավական էր մտածելու, որ արվեստի գործիչների պատվիրակը չի շփոթի կոճակների տեղը եւ կսեղմի այն, ինչն օգուտ է ժողովրդին:

Իր կերպարների նման անմիջական Սարգսյանը
«Մենք ենք մեր սարերում» Ռեւազի ոչխարները փնտրող «Նահապետի»  մռայլ, տխրադեմ հերոս, ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր եղած եւ ժամանակին իր հացադուլով աշխարհին զարմացրած, ապա արդեն նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրված դերասան Սոս Սարգսյանը, որին հայրենի իշխանությունները բազմիցս պարգեւատրել են շքանշաններով ու մեդալներով եւ պատիվ արել նրա անունով բացելու թատրոն, այսօր 80 տարեկան է:
Ազգային օպերային թատրոնում նոյեմբերի 30-ին նշվելու է ղարաբաղյան արմատներով, ծնունդով լոռեցի մեծ արվեստագետի հոբելյանը: Թեեւ դրամատիկական բեմում քիչ են եղել Ս. Սարգսյանի նշանավոր դերակատարումները, փոխարենը նա հայկական կինոյի կենդանի լեգենդներից է (նկարահանվել է 50-ից ավելի հայկական եւ արտերկրյա կինոստուդիաների ֆիլմերում): Կոմիտաս, Ձորի Միրո, Զամբախով, Սմբատ Ալիմյան, պատրիարք Պրոկովիչ («Մոսֆիլի» նկարահանած «Միխայիլ Լոմոնոսով»), Վենսան հայրիկ (Օդեսայի կինոստուդիայի՝ «Առանց ընտանիքի» ֆիլմում) եւ այլ կինոդերեր ստեղծած դերասանը, մշակույթի մարդկանց խոսքերով՝  միշտ էլ պահպանել է լոռեցու իր պարզությունն ու անմիջականությունը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը ազգային նկարագրի կրողն է դերասանական արվեստում: Չնայած այն բանին, որ բեմում նրա վերջին դերակատարումից (Լիր արքա, 2004թ.) բավական ժամանակ է անցել, սակայն նշանավոր դերասանը մնում է հասարակական կյանքի կենտրոնում, ղեկավարում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհուրդը, աջակցելով բուհին, իսկ իր անվամբ գործող «Համազգային» թատրոնը, շնորհիվ վարպետի, մշտապես բարձունքի վրա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել