Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց ԳԹԿ-ի կազմակերպած «Պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման հիմնախնդիրները» խորհրդաժողովը, որին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի եւ ԼՂՀ կրթության վարչությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ, կրթության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Առաջին բանախոսը ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էր, որը նախորդ տարի հրավիրված խորհրդաժողովում հանդես էր եկել առաջարկով, ինչն այսօր արդեն իրողություն է՝ ԳԹԿ-ն անկախ մարմին է: Տիկին Բախշյանը նկատեց, որ այդ առաջարկը նախեւառաջ բխում էր օրենքից (Հանրակրթության մասին օրենքի 34-րդ կետ), ապա, համեմատելով պետական ավարտական եւ միասնական քննությունները, դրանց կազմակերպման որակը, պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատությունների՝ քննություններում ցուցաբերած արդյունքները, պնդեց. ԳԹԿ-ն պետք է վեր հանի եւ հրապարակի ընթացիկ արտաքին գնահատման, պետական ավարտական եւ միասնական քննությունների արդյունքները, մատնանշի կրթական գործընթացում գրանցված թերացումները: ԳԹԿ վերլուծական բաժնի պետ Արտակ Մարտիրոսյանը (լուսանկարում) ներկայացրեց 2009 թ. մարտին տեղի ունեցած ընթացիկ քննությունների, 2009-ի պետական ավարտական քննությունների վերլուծությունները, իսկ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը  հանդես եկավ «Հանրապետության մի շարք դպրոցներում 2009թ. իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին» զեկույցով, նշեց, որ ՀՀ-ում 3 տարի է՝ պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական նոր համակարգով: Եվ 3-րդ տարին է, համաձայն սովորողի գիտելիքների գնահատման հայեցակարգի՝ ԳԹԿ-ն այդ քննությունների ավարտից հետո աշնանը ուսումնասիրություններ է իրականացնում հանրապետության դպրոցներում: Կ. Նասիբյանն ասաց, որ այս տարի չեն հայտնաբերվել այնպիսի արտառոց խախտումներ եւ թերություններ, ինչպիսիք՝ նախորդ տարիներին, սակայն թերություններն ու խախտումները չեն վերացել՝ ուղղակի ձեւափոխվել են: Այս տարի ուսումնասիրություններն իրականացվել են հոկտեմբերի 8-30-ը: Ուսումնասիրվել են 204 ուսումնական հաստատություններում կազմակերպված եւ անցկացված պետական ավարտական քննությունների ընթացքն ու արդյունքները: Ի հայտ եկած թերությունները,  սխալները հանձնաժողովը պայմանականորեն բաժանել է 4 խմբի՝ ընթացակարգային խախտումներ եւ բացթողումներ, քննական գրավոր աշխատանքի փաստաթղթային մասի՝ պատասխանների ձեւաթղթի վրա կատարված սխալներ, քննական աշխատանքի արդյունքի սխալ փոխանցում դասամատյան (ատեստատ) եւ վերջինը՝ քննակարգի խախտում, որը դուրս էր ԳԹԿ ուսումնասիրության շրջանակներից, բայց հայտնաբերված փաստը արժանի է բարձրաձայնման: ԳԹԿ կադրերի գծով եւ իրավաբանական բաժնի պետ Էդուարդ Սանթրոսյանը կարեւորեց աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման անհրաժեշտությունը: Ի տարբերություն ամփոփիչ գնահատման, որն ունի ամրագրող բնույթ, ընթացիկ գնահատումը ունի ուսուցողական բնույթ, հետեւաբար մեծ է ընթացիկ գնահատման միջոցով կրթական գործընթացի վրա ազդեցություն ունենալու հավանականությունը:
Խորհրդաժողովում առաջարկ հնչեց ընդհանրապես կամ ժամանակավորապես հրաժարվել ավարտական եւ պետական քննություններից, փոխարենը ստուգել առաջադիմությունը ընթացիկ արտաքին գնահատումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել