Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԻ՞Ք

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"Այս համակարգի իրականացման շատ շերտեր դեռ խմորումների փուլում են

Ներառական կրթության կազմակերպման ծրագիր Հայաստանում սկսել է իրականացվել 2005-ից: Ներկայումս ՀՀ-ում գործող 49 հանրակրթական դպրոց իրականացնում է ներառական կրթություն: 2015-ին դրանց թիվը կհասնի 150-ի: Կրթության կազմակերպման այս ձեւը ներդրվեց հասարակության մեջ մի շարք կարծրատիպերի կոտրման ճանապարհով, մյուս կողմից՝ գտնվեցին մարդիկ, որոնք դեռ խմորումների փուլում գտնվող գործընթացում, առիթից օգտվելով, գնացին որոշ խախտումների: Ֆինանսական միջոցների, համապատասխան պայմանների բացակայություն պատճառաբանության անվան տակ մի շարք ուսումնական հաստատություններում ներառական կրթություն իրականացվեց ոչ պատշաճ մակարդակով, հաճախ այն երեխաները, որոնք առողջական խնդիրներով պայմանավորված ունեին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, կարծես դարձան մի շարք մարդկանց ձեռքին խաղալիք: Կամ հակառակը, կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը չարաշահվեց՝ այդ անվան տակ լրացուցիչ ծառայություններից օգտվելու համար:
Ներառական կրթության գործընթացը սկսում է երեխայի գնահատումից: Մինչեւ 2007-ի սեպտեմբերը՝ Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի (ԲՀՄ) ստեղծումը, որոշ առողջական խնդիրներ ունեցող երեխայի վկայագրումն իրականացնում էին երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնները՝ երեխայի էպիկրիզի հիման վրա, առանց անգամ երեխային տեսնելու: Բայց ԲՀՄ կենտրոնի հիմնադրումից հետո ծնողի ցանկությամբ երեխան կարող է գնահատվել, ստանալ կամ չստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի եզրակացություն, այնուհետեւ վկայագիր ստանալ մարզային համապատասխան կենտրոնից: Քանի որ կենտրոնը ստեղծվեց ներառական կրթության ներդրումից հետո, ապա մինչ այդ ներառական կրթության ծրագիր մտած երեխաները չգնահատվեցին: Կենտրոնը նախատեսում է գնահատել 2006-07-ին ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաներին: Մինչ այժմ գնահատվել է 4196 երեխա, որից 616-ը չի ստացել կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի եզրակացություն: Քանի որ հայ հասարակության մեջ դեռ ներառման գաղափարը լիովին չի մտել, շատ ծնողներ, պարզապես թաքցնելով իրենց երեխայի կարիքը, խուսափում են գնահատումից եւ բժշկի էպիկրիզի հիման վրա երեխային տանում են դպրոց՝ ներառելու, այդպես էլ չիմանալով՝ արդյոք իր երեխան կարիք ունի այդ ներառման, թե ոչ: ԲՀՄ կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանի կարծիքով՝ այդտեղ օրենքի թերացում չկա, քանի որ դա իրոք ծնողի իրավունքն է. «Իհարկե, գուցե որոշ ծնողների ձեռնտու է, որ երեխան դպրոցում անվճար ստանա լրացուցիչ պարապմունքներ, սնունդ, տրանսպորտային ծառայություններ, որոնք ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաներն են ստանում: Բայց եթե այդպիսի ծնողին դպրոցում հասցնեն այն գիտակցության, որ հասկանա եւ ընդունի, որ իր երեխան հաղթահարել է խնդիրը, չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք եւ պետք է դուրս մնա ներառումից, ապա ծնողների բողոքի ալիք չի բարձրանա»: Բայց դա երբեմն ձեռնտու է դպրոցներին, քանի որ հայտնի է, որ ներառական կրթություն ստացող երեխայի համար պետությունը տրամադրում է մոտ 200 հազար դրամ ավելի, քան մյուս աշակերտների դեպքում: Դա է պատճառը, որ խոսակցություններ կան, թե գնահատման կենտրոնը երբեմն գնում է գործարքների: Այս մասին Վ. Կատինյանն ասաց. «Որեւէ մեկը չի կարող ասել, որ կրթության առանձնահատուկ պայմանի կարիք չունեցող մի երեխա մտել է ներառվող երեխաների ցանկը: Եվ հետո՝ մեր մենտալիտետից ելնելով, ծնողը թույլ չի տա, որ իր երեխան պիտակավորվի որպես ներառված երեխա, անկախ նրանից՝ դա ֆինանսապես ձեռնտո՞ւ է, թե՝ ոչ»:
 Ներառական կրթության իրականացման գործընթացը ուշադրության է արժանացել նաեւ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից: Վերջին ուսումնասիրությունները ներառական կրթություն իրականացնող Երեւանի եւ մարզերի 17 ուսումնական հաստատություններում բացահայտել են մի շարք խախտումներ: «Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության մասին» զեկույցից պարզ է դառնում, որ այդ խախտումները կապված են կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի (ԲՀՄ) գնահատման եւ վկայագրման, նրանց համար անհատական ուսումնական պլանների կազմման հետ: Որոշ դպրոցներում ներառական կրթություն ստացող աշակերտների ֆինանսավորման համար հիմք է հանդիսացել ոչ թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթական կարիքի վերաբերյալ վկայագրերի թիվը, այլ, ըստ դպրոցի տնօրենների բանավոր բացատրության, իրենց իսկ դիտարկումների արդյունքում ստացված ընդհանուր թիվը (որոշ դեպքերում որպես հիմք ծառայել է բժշկական տեղեկանքը): Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների մի մասը գնահատված չէ ԲՀՄ կենտրոնի կողմից, կամ ԲՀՄ եզրակացության առկայության դեպքում՝ վկայագրված չէ: Որոշ դպրոցներում սահմանված չէ բազմամասնագիտական խմբի համակազմը: Ներառական կրթություն իրականացնող դեռեւս ոչ բոլոր դպրոցներն են լիարժեք ապահովված համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներով՝ հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, հոգեբան: Հատուկ մանկավարժի պարտականությունները հաճախ իրականացնում են միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչը, հոգեբան մանկավարժը, միջին մասնագիտական կրթությամբ դաստիարակը (նախադպրոցական հիմնարկներում): Լոգոպեդի պարտականությունները հաճախ իրականացնում են նախադպրոցական կրթության մեթոդիստը կամ բազմամասնագիտական համակազմում լոգոպեդ ընդգրկված չէ, չնայած որոշ դպրոցներում ներառված են խոսքի խանգարումով երեխաներ: Հոգեբանի պարտականությունները հաճախ իրականացնում են լոգոպեդը, նախադպրոցական կրթության մանկավարժը, կամ սոցիալական մանկավարժի պարտականություններն իրականացնում են եւ՛ սոցիոլոգները, եւ՛ ուսուցիչները, եւ՛ հոգեբանները: Մինչդեռ ԿԳՆ հատուկ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի փոխանցմամբ՝ հատուկ մանկավարժը կարող է իրականացնել լոգոպեդի գոծառույթները, հոգեբանը՝ սոցիալական մանկավարժի, բայց ոչ երբեք լոգոպեդի: Հիմնախնդիր է նաեւ անձնական ուսումնական պլանների (ԱՈՒՊ) կազմումը: Ըստ օրենքի՝ ներառական կրթություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար պիտի կազմվի անհատական պլան: Օրինակ՝ թիվ 114 դպրոցում, որտեղ ներառական կրթություն է ստանում 27 երեխա, եւս կան այդպիսի խնդիրներ: Տնօրեն Ռուզաննա Կոստանյանն այս մասին ասաց. «ԱՈՒՊ-ներում ուղղակի բաներ կային, որ լրացված չէին, դա բացթողում էր, որն արդեն ուղղվել է»: Տեսչության ուսումնասիրության արդյունքում պարզ էր դարձել, որ որոշ երեխաներ ներառվել էին առանց վկայագրերի: Այս առիթով էլ Ռ. Կոստանյանն ասաց. «Վկայագրերը գտնվում էին քաղաքապետարանում, ուսումնասիրությունների ընթացքում, դեռ գործընթացն ավարտված չէր: Բայց այժմ բոլոր երեխաներն ունեն վկայագրեր»: Թիվ 114 դպրոցը չունի թեքահարթակներ: Տնօրենի խոսքով՝ իրենք հենաշարժողական համակարգի խանգարումներ ունեցող աշակերտ չունեն, ունենալու դեպքում հարցը կլուծվի:
Թիվ 21 դպրոցում էլ երկու երեխա՝ ծնողի ցանկությամբ, ստանում է տնային ուսուցում: Տնօրեն Վաչագան Սարգսյանի խոսքով. «Մինչեւ դպրոց մտնելը թեքահարթակ կառուցված է, բայց հարկաբաժիններ տանող թեքահարթակներ չունենք եւ դա հազիվ թե լինի, քանի որ աստիճանավանդակի լայնությունը հնարավորություն չի տալիս: Հետեւաբար ներառական կրթություն պետք է կազմակերպվի այն դպրոցներում, որոնց ուսումնական պարապմունքները հնարավոր է անցկացնել 1-ին հարկում: Մեզ մոտ ուսումնական պարապմունքների իրականացումը սկսում է 2-րդ հարկից, ուղղակի հարցը ժամանակավորապես լուծված է այնքանով, որ մենք դեռ չունենք տեղաշարժվելու բարդություններ ունեցող երեխաներ»:
Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցում ներառական կրթություն է ստանում 40 աշակերտ, որոնց շարքում կան հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաներ: Բայց այս դպրոցը եւս չունի թեքահարթակ: Տնօրեն Մանյակ Ազիզյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «4-րդ եռամսյակում տնտեսած գումարների հաշվին պիտի կառուցենք թեքահարթակներ»:
Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում ներառական կրթություն է ստանում 48 երեխա: Դպրոցն առաջիններից է, որտեղ ներդրվել է ներառական կրթություն: Տնօրեն Սուսաննա Սարգսյանը նկատեց. «Ներառական կրթություն ստացող բոլոր երեխաներն էլ ունեն վկայագրեր: Վկայագրված են նույնիսկ այս տարի ընդունվածները: Սայլակով մի երեխա կա, որին ծնողը չի ուզում դպրոց բերել, բայց ամեն ինչ անում ենք նրան եւս ներառելու համար: Տեսչությանը հետաքրքրում էր՝ բուժական ֆիզկուլտուրա ունե՞նք, թե՝ ոչ: Ոչ մի դպրոց չունի բուժական ֆիզկուլտուրա. դա մասնագետներ, պայմաններ եւ հատուկ սարքավորումներ է պահանջում: Բայց ստիպում ենք պոլիկլինիկայի բժիշկը գա եւ ուսումնասիրի ծնողների բերած էպիկրիզները եւ ուղղորդի՝ երեխան իրավունք ունի՞ ֆիզկուլտուրա անելու, թե՝ ոչ: Իսկ բժշկական ծառայություններ չի կարող մատուցել ոչ մի դպրոց, մենք բժշկական հիմնարկ չենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել