Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրադարձել եմ թերություններին

Նոյեմբեր 19,2009 00:00

Հարգելի տիկին Իսրայելյան, երկար մտածելուց հետո որոշեցի արձագանքել: Մասամբ կիսելով ՀՌԱՀ թափուր պաշտոնի համար ԱԺ կազմակերպած մրցույթի առիթով Ձեր մտավախությունը  («Չառաջադրվեցին մարդիկ, ովքեր կփոխեին ՀՌԱՀ-ը», «Առավոտ». 13.11. 09), այդուհանդերձ, չեմ կարող համաձայնել հոդվածում տեղ գտած որոշ առանցքային հարցերի շուրջ: Հայտերի ծրարները բացելուց հետո Ձեր խորը հիասթափությունն եք արտահայտում՝ «հայտ ներկայացրածների անուններին ծանոթանալով՝ պարզ դարձավ որ նրանց մեջ չկա որեւէ մեկը, որն այս տարիների ընթացքում մշտապես անդրադարձել է հեռուստաեթերի որակի խնդիրներին, առկա խախտումներին, ի ցույց է դրել, որ գիտի տվյալ ոլորտի օրենսդրությունը»: Նախ՝ ոլորտի օրենսդրությանը տիրապետելը կերեւա միայն գրավոր քննությունից հետո: Տեղեկացնեմ Ձեզ, որ հիշատակած խնդիրներին ու ավելին՝ բաց ֆիլմերի ցուցադրությանը, հեռուստալեզվին, ոչ հայեցի շեշտադրությանն ու մեր հոգեկերտվածքին անհարիր հաղորդումներին վաղուց եմ անդրադարձել 1999-2001թթ. իմ տարբեր հրապարակումներում, մասնավորապես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ինչո՞ւ հիմա չեմ գրում՝… անհնարին է դիտել հայկական հեռուստաեթերը, հետեւաբար ոչինչ չի կարելի գրել: Ժամանակին, երբ հայրենասիրությունից դրդված դիտում էի ամենալայն սփռում ունեցող’ պետական բյուջեից սնվող, հանրային հեռուստաընկերության հաղորդումները, ծավալուն հոդված ներկայացրի մի շարք թերթերի խմբագիրներին (կարող եմ տրամադրել նաեւ Ձեզ): Մեկն ասաց, թե իր համար ավելի կարեւոր է «մասնագիտական համերաշխություն» հասկացությունը, մյուսն էլ, թե մեծ հաճույքով կտպագրի, բայց չի կարող, երրորդն էլ, թե կրճատումներով կտպագրի: Վերջինիս հետ ինքս չհամաձայնեցի:
Ինչո՞ւ որոշեցի հայտ ներկայացնել… Կուզենայի դիտել հայկական եթերը, բնագավառի աղաղակող հետընթացը հնարավորինս կանխել, եթերը մաքրել ոչինչ չասող հաղորդումներից, ավելորդաբանությունից, կոծկված գովազդից… ինչի հետեւից էլ փորձում եմ գնալ, եթե…
Մեզանում տեղ գտած աղաղակող անարդարություններին, թերություններին մշտապես եմ անդրադարձել (դրանց մի մասն էլ տպագրվել են ձեր թերթում): Քննադատական հոդվածներ գրել եմ, գրում եմ ու կգրեմ: Ինչ վերաբերում է «չկար որեւէ թեկնածու, որին երաշխավորած լիներ Երեւանի մամուլի ակումբը, Հետաքննող լրագրողների ընկերությունը կամ Մամուլի ազգային ակումբը» մտքին, ասեմ, որ ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանն ի սկզբանե հայտնեց, որ սկզբունքորեն ոչ մեկի չի երաշխավորելու, քանզի գործընթացի նկատմամբ հավատն է խաթարվել:
Լավ կլիներ, եթե Ձեր հոդվածում խոսեիք նաեւ մրցութային հանձնաժողովի կազմած հարցաշարի մասին: Մասնավորապես, ինչպե՞ս պետք է քննություն հանձնողը տարբերակի դատավորների պաշտոնավարման ժամկետի մասին հարցը որտեղից է վերցրած՝ ՀՀ սահմանադրությունից, թե՞ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կովենցիայից, եթե պատասխանում միաժամանակ գրված լինեն 65 եւ 70 թվերը:
 Լիահույս եմ, որ հավատարիմ մնալով ժողովրդավարական սկզբունքներին՝ Ձեր թերթը կհրապարակի իմ արձագանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել