Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂՔ ԳՈՐԾՈՂԸ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"Փաստարկված քննադատություն՝ ԱԺ հանձնաժողովին

«Մարտի 1-ի» իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործողությունների բնույթը կանխատեսվել էր վաղօրոք՝ գործելու էին իշխանությունների դիրքերից: Այսպես, հայտնի զեկույցի նկարագրական մասում մարտիմեկյան իրադարձությունների դրդապատճառը վերագրել են նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական գործընթացներում արմատական ընդդիմության հակաքարոզչությանը, ՀՀ առաջին նախագահի կողմից իշխանությունների նկատմամբ հնչեցված վիրավորանքները եւ զրպարտանքները, սակայն իրական պատճառը նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելը եւ հակասահմանադրական եղանակով իշխանության գալն է:
Դիտարկենք արմատական հարցերը:
1. ԱԺ Հանձնախումբը եզրահանգել է, որ ընտրությունների օրը եւ դրան հաջորդած տասն օրերի ընթացքում ընդդիմության կազմակերպած հանրահավաքները եղել են չարտոնված, իսկ մարտի 1-ին Ազատության եւ Մյասնիկյան հրապարակներում ոստիկանների կողմից իրականացված գործողությունները ընդհանուր առմամբ եղել են իրավաչափ եւ համաչափ:
Ողջամիտ մարդկանց եւ հատկապես իրավաբանների համար զարմանալի է, երբ առանձին բարդություն ներկայացնող քրեական գործով, իրավական բնույթի հարցին, որը բացառապես մինչդատական վարույթը իրականացնող մարմնի իրավասությունն է, սպառիչ պատասխանել է քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու իրավունք չունեցող՝ լսումների, բանավեճերի, խորհրդակցությունների, տեղեկանքների արդյունքներով առաջնորդվող խորհրդակցական կարգավիճակով գործող ոմն հանձնախումբ (ի դեպ, դրանք որպես ապացույց՝ չթույլատրվող նյութեր են, Քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 3-րդ մասի համաձայն):
Երբ «7-ի գործով» մեղադրյալներին առանց իրավական հիմքերի մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ եւ 300 հոդվածի 1-ին մասերով, իրավական անգրագիտությունը եւ կեղծիքը կոծկելու համար ԱԺ-ն ապաքրեականացրեց հիշյալ հոդվածները, այնուհետեւ ՀՔԾ-ն մեղադրանքները կարճեց այդ պատճառաբանմամբ: Այժմ նույն ԱԺ-ն կանխակալ նախապայմաններ է ստեղծում կոծկելու մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում իշխանության ներկայացուցիչների անօրինական գործողությունները: Խնդրին այն է, որ եթե իրադարձությունների ընթացքում ոստիկանների գործողությունները ճանաչվեն ոչ իրավաչափ եւ անհամաչափ, վրա է հասնում անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակը, որի հանգամանքներում բացառվում է հավաքը անցկացնողների եւ մասնակցողների քրեական պատասխանատվության հարցը (Քրեական օրենսգրքի թիվ 42, 44 հոդված):
Եվ ընդհակառակը, եթե հավաք անցկացնողները եւ մասնակցողները իրադարձությունների ընթացքում կատարել են հանրորեն վտանգավոր արարք եւ այդ ընթացքում ոստիկանները վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով վնաս են պատճառել հանցավորին (ընդհուպ՝ սպանելը), վրա է հասնում հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու ինստիտուտը, որը նույնպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք է (Քրեական օրենսգրքի թիվ 43 հոդված): Հիշյալ ինստիտուտների մանրամասներին չեմ անդրադառնում, սակայն խնդիրն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունը հիշյալ առանցքային հարցի վերաբերյալ դեռեւս համապատասխան որոշում չի կայացրել եւ, որքան գիտենք, ոստիկանների գործողությունների մասը տրոհվել է քրեական գործից:
Նկատենք, որ սպանություններով եւ այլ վտանգավոր հետեւանքներով հագեցված իրադարձությունների պատասխանատուն, այսինքն՝ մեղք գործողը, դեռեւս անորոշ է, մինչդեռ իրադարձությունների առնչությամբ քրեական գործերով բազմաթիվ մարդիկ դատապարտվել են, իսկ այժմ կալանվել է Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանի եւ մյուսների նկատմամբ գործերը նախաքննության փուլում են: Տրամաբանական հարց է ծագում, որքանո՞վ են հիմնավոր դատապարտումները եւ ներկա մեղադրանքները: Այդ որոշումը պարտադիր էր իրադարձությունների առնչությամբ քրեական գործերով, հատկապես «7-ի գործով» նախաքննությունը ավարտման փուլում, սակայն ՀՔԾ-ն «բաց» է թողել:
Եթե օրենքի նման խախտումը նկատվեր իրավական ժողովրդավար երկրում, անկասկած, դատախազը գործով մեղադրական եզրակացությունը չէր հաստատի կամ իրավասությամբ կկայացներ համարժեք որոշում: Կասկածից վեր է, որ եզրահանգմանը կհաջորդի տարանջատված մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՔԾ-ի որոշումը՝ փաստարկելով իրավաչափ եւ համաչափ բառակապակցությունը:
Առաջադրենք իրական փաստերը:
ա. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու եւ մասնակցելու իրավունք (ՀՀ սահմանադրության 29 հոդված, 1966թ. դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայի 6-րդ հոդված):
բ. Մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանության ուժերը խաղաղ հավաքը արգելել են հարկադրաբար, բռնության գործադրմամբ, իսկ դրա անմիջական շարունակությունը հանդիսացող Մյասնիկյան հրապարակում կիրառել զենք, գնդակահարել մասնակիցներին, սպանել եւ խեղանդամ դարձրել բազմաթիվ մարդկանց: Հիշյալ գործողությունները հակասում են ՀՀ սահմանադրությանը, Միջազգային կոնվենցիային եւ «Ոստիկանության մասին» գործող օրենքին (Ազատության հրապարակում տեղանքի հետազոտմամբ զենքի հայտնաբերումը վիճահարույց է, քանզի սկզբնաղբյուրը պարզված չէ, նախկինում էլ անհնազանդների գրպանը հաշիշ էին գցում եւ դատապարտում):
2. Երկրորդ հարցը զոհերի մահվան հանգամանքների ճշտումն է:
Հանձնախումբը եզրահանգել է. «Քրեական հետապնդում իրականացնողները գործի հանգամանքների բացահայտմանը ուղղված հնարավոր բոլոր գործողությունները կատարել են» (զեկույցի 5-րդ գլուխ):
Նկատենք, որ մինչդատական վարույթի հսկողությունը մեղադրանքի կողմի՝ դատախազի լիազորությունն է եւ հիշյալ սպառիչ եզրահանգումը կարող էր անել միայն դատախազը (Քրեական դատավարական օրենսգրքի 53 հոդված), մինչդեռ, երբ քրեական հետապնդում իրականացնող մարմինները դեռեւս չեն բացահայտել սպանությունները կատարողներին, հրազենով հարյուրավոր մարդկանց առողջությանը միջին ծանրության եւ ծանր վնաս պատճառողներին (ի դեպ, դրանց գերակշիռ մասը սպանության հանցափորձեր են), ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով հրկիզողներին, կողոպտողներին եւ ջարդարարներին, չեմ կարծում՝ որեւէ տրամաբանող դատախազ նման անհեթեթության գնար: Հանգամանքները, այդ թվում՝ մահվան, ճշտվում են քննչական գործողությունների եւ անցկացրած փորձաքննությունների արդյունքներով ձեռք բերված փաստական տվյալներով (Քրեական դատավարական օրենսգրքի 104 հոդված): Անհրաժեշտ է նկատել, որ քննարկվող հարցերին ասոցացված են նաեւ հետեւյալ հանգուցային հանգամանքները.
ա. խաղաղ հավաքի մասնակցողների նկատմամբ բռնություն գործադրելու եւ նրանց գնդակահարելու պատասխանատուների պարզաբանումը (հրաման արձակող, կարգադրող, օրինակ՝ նախկին ոստիկանապետ եւ այլք),
բ. իրադարձությունների առնչությամբ տեղի ունեցած հանցավոր դեպքերի օրենքով նախատեսված գրանցման ճշտությունը (ի դեպ, զոհերի թիվը վիճարկելի է՝ խոզի խոճկորի ծնոտը եւ այլն, դեռեւս անհայտ է՝ իրադարձությունների ժամանակ կատարված արարքներից քանիսն է գրանցվել կամ թաքցվել: Բարեբախտաբար, նոր ոստիկանապետը սկզբունքային է այս խնդրում):
Հիշյալ հանգամանքները բաց են, մինչդեռ թվաբանությունը կարող էին լուծել կազմում ընդգրկված մաթեմատիկոսի, բիզնեսմենի եւ այլոց միջոցով՝ իրավական խնդիրները թողնելով արհեստավարժ եւ գիտնական իրավաբաններին:
Գուցե նրանք մոռացել են բանաձեւը, իսկ իշխանությունների աչքի փուշ Նիկոլ Փաշինյանին շեշտադրելը չեն մոռացել. «Նիկոլ Փաշինյանը կոչ է արել միջոցառման մասնակիցներին՝ զինվել երկաթյա ձողերով, փայտե մահակներով, քարերով եւ ինչով պատահի՝ ինքնապաշտպանություն կազմակերպելու համար»: Միտվածությունը պարզ է, հակված են ամրապնդել Նիկոլի մեղքը, մինչդեռ անհրաժեշտ պաշտպանությունը յուրաքանչյուր մարդու սուբյեկտիվ իրավունքն է, նաեւ դրա իրացումը հանցագործության դեմ պայքարի միջոց է: Եթե առկա են մարդկանց կյանքի եւ առողջության դեմ ոտնձգությունները կամ իրական սպառնալիքը՝ ինքնապաշտպանությունը իրավաչափ գործողություն է (բռնություն, սառը զենքի, հրազենի, հարմարեցված գործիքների օգտագործում): Ինքնապաշտպանության կոչը ստեղծված հիշյալ վիճակի պարտադրված թելադրանքն է եւ կապ չունի զանգվածային անկարգությունները կազմակերպելու եւ հրահրելու դիտավորության հետ: Ներքին անկայունությունը եւ հանրության երկփեղկվածությունը սպառնում է երկրի անվտանգությանը: Ափսոս, որ կողմերին հաշտեցնելու առիթը բաց թողնվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել