Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1 ՄԻԼԻԱՐԴ ՎՃԱՐՎԵԼ Է, 750 ՄԻԼԻՈՆ՝ ՆԵՐՎԵԼ

Նոյեմբեր 19,2009 00:00

Հուլիսի 22-ի՝ «Սկսել են արտոնություններից օգտվել», իսկ սեպտեմբերի 16-ի՝ «Արտոնյալների» քանակն աճում է» հրապարակումներով, հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության տրամադրած տվյալների վրա, տեղեկացրել ենք, որ ՀՀ մարզերի հողօգտագործողները սկսել են օգտվել «Հողի հարկի արտոնությունների մասին» օրենքից, ըստ որի, եթե ֆիզիկական անձը մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը վճարի համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի հարկի գումարները (մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ), ապա կազատվի մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից: Հուլիսի 1-ի դրությամբ, օրենքով սահմանված արտոնությունից օգտվել էր 19 674 քաղաքացի: Ամենաշատը Շիրակում՝ 6315, ամենաքիչը՝ Սյունիքում՝ 246: Իսկ սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ այդ արտոնությունից օգտվել է արդեն 44 067 քաղաքացի: Ամենաշատը՝ Լոռիում՝ 7 195 քաղաքացի, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 1 908 քաղաքացի: Ամենամեծ աճը Գեղարքունիքի մարզում էր. մինչեւ հուլիս՝ ընդամենը 816 քաղաքացի, սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 6468 քաղաքացի:
Նոյեմբերի 1-ի դրությամբ այս արտոնությունից օգտվել է 59 193 քաղաքացի, ամենաշատը՝ էլի Գեղարքունիքում՝ 9 540, ամենաքիչը՝ Կոտայքում՝ 3 069:
Այս ամենի արդյունքում տեղական բյուջեներ է մուտքագրվել 1,023 միլիարդ դրամ, ներվել՝ 750,5 միլիոնի տույժ եւ տուգանք: Մնացել է 15,59 միլիարդ դրամ պարտք: Եթե սա վճարվի մինչեւ այս տարվա վերջ՝ կներվի 9,7 միլիարդ դրամ տույժ եւ տուգանք:
Հիշեցնենք, որ անգամ պետական կառույցներն են ընդունում, որ մարզերի բնակչությունը շատ հաճախ տեղյակ չէ, որ կա նման արտոնություն կամ իրականացվում է իր օգտին որեւէ ծրագիր: ՀՀ ՏԿ նախարարության կոլեգիայի նիստում նախարար Արմեն Գեւորգյանը, իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեցին, որ գյուղապետերը այնքան են ոգեւորվել նախկին տարիների պարտքերը մարելու գործով, որ աչքաթող են արել այս տարվա վճարումների հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել