Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայի հայերը վախեցած են

Նոյեմբեր 19,2009 00:00

Երեւանի պետական համալսարանի Հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեյթ Գունդակչյանը արդեն 9 տարի է՝ ինչ պարբերաբար այցելում է Թուրքիա, վերջին այցը անցած տարվա օգոստոսին է եղել, իսկ երեկ «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տիկին Գունդակչյանը հայտարարեց, որ այսօր միայն Ստամբուլում՝ Պոլսում, ըստ պատրիարքարանի տվյալների, ապրում է 60-70 հազար տեղաբնակ հայ, մի 30 հազար էլ՝ վերջին տարիներին գնացած, նրանք շատ լավ ինտեգրվել են միմյանց, Թուրքիայում հայի ինքնության պահպանմանը կարող է նպաստել ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումը, այլ՝ Հայաստանի հզորացումը: Թուրքահայերը, մասնավորաբար՝ համշենահայերը, մի ձեւ ունեն ինքնությունը պահպանելու համար՝ բացառել են խառը ամուսնությունները, ամուսնանում են միայն իրար հետ:
Ըստ տիկին Գունդակչյանի, նոր գնացած հայերը թուրքերեն եւ Թուրքիայի օրենքները չիմանալու արդյունքում ցածր վարձատրվող աշխատանքներ են անում՝ նաեւ տեղաբնակ հարուստ հայերի մոտ. ռեստորանում սպասք լվացող, հավաքարար եւ այլն: Կան նոր գնացած հայեր, որ արտադրություններ ունեն: Տեղաբնակ հայերը այս մարդկանց նորմալ են վերաբերվում, չեն հանդուրժում հայ մարմնավաճառներին: Սրանց մեջ էլ, ըստ տիկին Գունդակչյանի, քիչ չեն խաբվածները, թրաֆիքինգի զոհերը, ովքեր ամեն կիրակի հայկական եկեղեցի են գնում եւ մեղքերի թողություն խնդրում: Այսօր Թուրքիայում կա հայկական 43 գործող եկեղեցի, Պոլսում՝ 17 վարժարան, հիվանդանոց եւ նման համայնքային հաստատություններ: Ցավոք, վարժարաններ կան, բայց սաներ չկան: Սաների պակաս չունի միայն երկու վարժարան: Գործող եկեղեցիներից ոչ բոլորն են ամեն կիրակի պատարագ մատուցում, քանի որ գտնվում են բնակավայրում՝ ուր հայ չկա:
Թուրքիայի արեւմտյան եւ արեւելյան հատվածները խիստ տարբեր են, հայտարարեց տիկին Գունդակչյանը եւ հավելեց, պոլսահայերը վախեցած են ու հենց դրա արդյունքում ապրում են առանց խնդիրների: Իսկ ահա նոր գնացած, հավատափոխ կամ քրիստոնեությունը գաղտնի դավանող հայերը չեն վախենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել