Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ ԿՅԱՆՔԸ

Նոյեմբեր 19,2009 00:00

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը անտեսե՞լ է դատարանի որոշումը

Երեկվա «Առավոտում» տեղեկացրել ենք, որ Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքի հարավային տեղամասում մարդ է զոհվել:
Արդեն հայտնի է վթարից զոհվածի անունը՝ 43-ամյա Արա Պողոսյանն է: Դեպքից անմիջապես հետո կյանքին սպառնացող բազմաթիվ վնասվածքներով նրան Կապանի բժշկական կենտրոն տեղափոխելուց մի քանի օր անց՝ նոյեմբերի 16-ի երեկոյան նա մահացել է: Հարազատները մտադիր էին նրան մայրաքաղաքի հիվանդանոց տեղափոխել՝ հույս ունենալով, որ այնտեղ կհաջողվի կյանքը փրկել: Սակայն Արա Պողոսյանի մահը ավելի վաղ է վրա հասել: Ինչպես պատմում են դժբախտ պատահարի զոհ դարձած Արա Պողոսյանի գործընկերները, նրան հարվածել է էլեկտրաքարշի վագոնիկը:
Արա Պողոսյանի հետ տեղի ունեցած պատահարի առնչությամբ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի մասնագետները աշխատանքներ են տանում Կապանում: Տեխնիկական քննման հանձնաժողովի ուսումնասիրություններից կպարզվի, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը:
Երեկ տեղեկացրել ենք նաեւ, որ Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն նույնպես հետաքրքրված է եւ իր ուսումնասիրություններն է իրականացնում: Հիշեցնենք, որ այս հ/կ-ն պաշտպանում է շահումյանցիների շահերը, ովքեր դատարան հայց էին ներկայացրել «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության դեմ՝ մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը վերացնելու, վտանգավոր գործունեությունները կանխելու եւ պատճառված վնասները հատուցելու պահանջով: Հայցի մասին՝ առաջիկայում:
Տեղեկացրել ենք, որ չնայած դատարանը մերժել էր հ/կ-ի հայցը, բայց միաժամանակ ընկերությանը պարտավորեցրել էր ձեռնարկել միջոցառումներ՝ Շահումյան հանքավայրի մի մասում՝ Կապան քաղաքի Շահումյան բանավանի տարածքում իրականացվող ստորգետնյա եւ վերգետնյա հանքարդյունահանման գործունեությամբ բնակիչների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար: Արա Պողոսյանի հետ դեպքը տեղի է ունեցել հենց այն վայրում, ուր, ըստ դատարանի որոշման, ընկերությունը պարտավոր էր կանխարգելիչ եւ անվտանգության ապահովման միջոցառումներ իրականացնել:
Երեկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ընկերությունը ցավում է տեղի ունեցածի համար: Ընկերությունը նաեւ տեղեկացնում է, որ դեպքի վայրը մեկուսացվել է եւ ընկերության անվտանգության ու բուժօգնության բաժնի աշխատակիցները Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ քննում են պատահարի պատճառները: Հետաքննության ավարտից հետո մանրամասները կներկայացվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել