Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արաբկիրի զինկոմիսարիատը դեռ զարմացնում է

Նոյեմբեր 19,2009 00:00

Այս տարվա մարտի 25-ին կանչով Արաբկիրի զինկոմիսարիատ է ներկայանում շրջանավարտ Մհեր Մկրտչյանը: Նախնական բժշկական հետազոտության արդյունքում զինակոչիկի մոտ հայտնաբերվում է ողնաշարի գոտկային հատվածի սկոլիոզ: Զորակոչիկին ուղարկում են Վնասվածքաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոն, որտեղ հաստատվում է առաջին նախնական հետազոտման արդյունքը. սկոլիոզ 2-րդ աստիճանի, ծռման չափը՝ 28 աստիճան:
Բուժհետազոտման երկու փաստաթղթերն ուղարկվում են Արաբկիրի զինկոմիսարիատ, սակայն զինկոմ Ա. Ուլիխանյանը գտնում է, որ Մհեր Մկրտչյանը լիովին առողջ է եւ պիտանի զինվորական ծառայության համար:
Հիշեցնեմ, որ այս զինկոմը գարնանային զորակոչին Սլավոնական համալսարանի ուսանող Ա. Մալխասյանին էլ պիտանի ճանաչեց զինծառայության համար եւ ծառայության 7-րդ օրը հիվանդ երեխան Ղարաբաղի զինմասում մահացավ…
Զինկոմը այս էլ որերորդ անգամ կասկածի տակ է դնում բժշկական մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունները: Եվ որեւէ մեկը չի հարցնում, եթե զինկոմը կարող է ախտորոշել, ապա այդ դեպքում ինչի՞ համար են պետական բյուջեի հաշվին գործող բժշկական հանձնաժողովները:
Մհեր Մկրտչյանի մոր՝ Ֆլորա Մկրտչյանի տեղեկացմամբ, տղան այս անգամ ներկայանում է Հանրապետական բժշկական հանձնաժողով, որտեղից նրան ուղարկում են «Էրեբունի» ԲԿ՝ կրկնակի հետազոտման:
«Էրեբունիում» որդուս ռենտգեն հետազոտման ներկայացրին պառկած վիճակով, որի արդյունքում ստացան ողնաշարի գոտկային հատվածի 1-ին աստիճանի սկոլիոզ, ծռման 18 աստիճանով»,- ասում է Ֆ.Մկրտչյանը:
Վնասվածքաբանության օրթոպեդիայի գիտական կենտրոնի եւ «Էրեբունի» ԲԿ-ի երկու հակադիր եզրակացությունները «Առավոտի» տրամադրության տակ են:
Զորակոչիկի հաշմանդամ հայրը այս իրարամերժ եզրակացությունները պարզաբանելու նպատակով հանդիպում է «Էրեբունի» ԲԿ գլխավոր բժշկի հետ: Վերջինս, ըստ զինակոչիկի հոր, բղավում է եւ ռենտգեն նկարները շպրտում է հոր երեսին, կոպտորեն դուրս հանելով նրան իր աշխատասենյակից, կարծես թե զինվորի հայրն իր անձնական ռենտգեն սարքի միջոցով է «նկարել» նմանօրինակ պատասխաններ:
Զինակոչիկի ծնողների համար նույնպես կարեւոր էր ունենալ ճիշտ ախտորոշումը: Նրանք կրկին դիմում են Վնասվածքաբանության ազգային կենտրոն: Սակայն այստեղ տեղեկացնում են, որ իրենք իրավասու չեն միջամտել եւ պատճառաբանել ծագած այդ հակասությունները:
Տարօրինակ բան. զորակոչիկին նորից տանում են «Էրեբունի» ԲԿ եւ այս անգամ ճիշտ դիրքով ռենտգեն հետազոտման ենթարկելով՝ ախտորոշվում է 2-րդ աստիճանի սկոլիոզ եւ 28 աստիճան ծռման անկյուն:
Արաբկիրի զինկոմը հիմա էլ կասկածի տակ է դնում «Էրեբունի» բուժհաստատության պատասխանը եւ զորակոչիկին ուղարկում է Մուրացանի փողոցում գտնվող զինվորական հոսպիտալ, որը, ըստ էության, հետազոտություն իրականացնող բուժհաստատություն չէ:
Այստեղ «ստացան» 18 աստիճանի ծռման անկյունով 1-ին աստիճանի սկոլիոզ, իսկ կրկնակի հետազոտման արդյունքում «ստացվեց» 2-րդ աստիճանի սկոլիոզ եւ 28 աստիճանի ծռման անկյուն:
Զորակոչիկին այսքանից հետո պիտանի են ճանաչել զինվորական ծառայության համար եւ երեկ կանչել են հավաքակայան: Մ. Մկրտչյանի ծնողները դիմել են հանրապետության գլխավոր դատախազին, առողջապահության եւ պաշտպանության նախարարներին, զինդատախազին: Նշենք միայն, որ ծնողների բողոքները զորակոչը հսկող հասարակական խորհրդի անդամներին ու նախարարին տեղ չեն հասնում, ավելին, զինվորականները սպառնում են՝ եթե չի գնում բանակ, տարեք դատեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել