Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՉԷՐ, ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ԷՐ

Նոյեմբեր 19,2009 00:00

«Առավոտում» տպագրված «Խաղահրապարակը ավերել է, որ խանութ կառուցի» (12.11.09թ.) հոդվածի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից օրերս պարզաբանեցին, որ Վարդաշեն վարչական տարածքի Գ. Մահարու փողոցի 39/1 հասցեում նախատեսված է բնակելի տան կառուցում, այլ ոչ թե խանութի: Ըստ քաղաքապետարանի լրատվական ծառայության՝ այս տարածքի քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը: Այս բնակելի շենքը նախագծված է 2 հարկից, ինչպես նաեւ ունենալու է մանսարդային հարկ՝ կառուցապատողին՝ Մանյա Խաչատրյանին սեփական իրավունքով պատկանող հողատարածքի սահմաններում: Ըստ նույն աղբյուրի, այս շինհրապարակի հարեւանությամբ գտնվող թիվ 39 եւ 39ա բազմաբնակարան շենքերից կառույցը գտնվում է նորմատիվ հեռավորությունների վրա, այսինքն՝ նվազագույնը 20 մետր: Բացի այդ, սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել նոտարական գրասենյակում Հովհաննես Ամիրխանյանի եւ Մանյա Խաչատրյանի միջեւ կնքված առքուվաճառքի պայմանագիրը:
Նշենք, որ մեր հոդվածում գրել էինք, որ այս տարածքը նախկինում խաղահրապարակ էր, որը միակ տեղն էր, որտեղ կարող էին խաղալ այս շենքերի երեխաները: Անդրադարձել էինք նաեւ նրան, որ տարածքի նախկին սեփականատեր Հ. Ամիրխանյանը շինթույլտվությունը ստանալուց ընդամենը մի քանի ամիս անց է այն վաճառել: Այս առնչությամբ քաղաքապետարանից պարզաբանել են, որ Հ. Ամիրխանյանին շինթույլտվություն է տրվել 2006-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել