Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՄՏԱԾԵՆ ՄԻՆՉԵՎ ՄԵՌՆԵԼԸ

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"«Նաիրիտի» դեպքից հետո կառավարությունը որոշել է ուշադրություն դարձնել վտանգավոր արտադրական օբյեկտների, գազալցակայանների ու վերելակների «տեխզննմանը»:

Վերջին տարիներին տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով մեր երկրում գազի բալոնների ու ցիստեռնների պայթելու բազմաթիվ դեպքեր եղան. միայն մայրաքաղաքում վերելակների անսարքության պատճառով մարդկային զոհեր գրանցվեցին, գազալցակայաններում բալոնի անսարքության պատճառով տասնյակ մարդիկ զոհվեցին, գազի բալոնի պայթյունների հետեւանքով շատերը նյութական եւ ֆիզիկական մեծ վնասներ կրեցին, նույնիսկ դարձան հաշմանդամ: Այդքանից հետո միայն վերջերս՝ մայիսի 14-ին «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած դժբախտ պատահարը ստիպեց մեր կառավարությանը մտածել, որ Հայաստանում «տեխնիկական անվտանգության պահպանություն» ասվածը գոյություն ունի միայն փաստաթղթերում: Իրականում արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործողների նկատմամբ ոչ մի մարմին նորմալ վերահսկողություն չի իրականացնում ու պատասխանատվություն չի կրում դժբախտ պատահարների համար:
2006-ի օգոստոսի 12-ին Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, երբ պրոպան գազ տեղափոխող «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի կցորդի վրա տեղակայված գազի ցիստեռնը պայթել էր, դրա հետեւանքով տուժեց միանգամից չորս ավտոմեքենա, 7 մարդ տեղում զոհվեց, մնացածներն էլ ծանր աստիճանի վնասվածքներով տեղափոխվեցին Դիլիջանի ու Երեւանի հիվանդանոցներ: Այս դեպքից ամիսներ հետո պարզվեց, որ վթարված մեքենայի քարշակը գազ տեղափոխելու համար լիցենզա չի ունեցել, եղել է ինքնաշեն, ընդ որում, այն ունեցել էր եռակցման կար, որն էլ գազի ճնշման ազդեցության տակ բացվել էր ու այդքան մարդկանց մահվան պատճառ դարձել: Չնայած դրան, մեքենայի սեփականատեր «Եռյակ» ՍՊԸ-ն իր ձեռքի տակ ուներ ցիստեռնը մինչեւ 2012-ը շահագործելու լիցենզիա եւ տեխնիկական անձնագիր, ըստ որի, ցիստեռնը անցել էր տեխզննում եւ շահագործման համար պիտանի էր համարվել:
Խնդիրն այն է, որ մեր երկրում մինչ օրս տեխնիկական անվտանգության պես կարեւոր եւ պատասխանատու գործը կատարել են մասնավոր կազմակերպությունները, որոնց վրա լուրջ վերահսկողություն չի սահմանվել: Մասնավորը գումարը վերցրել է եւ «ստուգման կնիքը» դրել՝ առանց նորմալ զննում անցկացնելու: Այդ պարագայում նման վթարներն ու վթարավտանգ դեպքերն անխուսափելի էին:
2007-ի փետրվարի 15-ին Չարենցավան քաղաքի «Արմինե» գազալցակայանի տարածքում գազի լիցքավորման ժամանակ, տեխնիկական անսարքության պատճառով, պայթեց մի «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի բալոնը: Նույն տարվա հունիսի 11-ին Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնն էր լիցքավորման ժամանակ պայթել, որի հետեւանքով գազալցակայանի աշխատակիցները, վարորդներն ու անցորդները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2008-ի մայիսի 13-ին էլ Արմավիր-Երեւան ավտոճանապարհին «Սարդարապատ Գրուպ» գազալցակայանի տարածքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնն էր պայթել ու դարձել Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի մի բնակչի մահվան պատճառ:
Իսկ «Նաիրիտի» դեպքը պարզապես ահազանգ էր բոլոր նմանատիպ ընկերությունների ու արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործողների համար, որ տեխնիկական անվտանգությանը չնայեն որպես գումար տալու եւ այդ խնդրից ազատվելու հոգս: Դեռեւս 2005-ի հոկտեմբերից մեր երկրում գործում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը: Սակայն այն, որ օրենքը շատ թերի է եւ մի շարք հստակեցումների կարիք կա՝ նկատել է թե՛ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, թե՛ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս դիտարկմամբ՝ «Նաիրիտի» գործը ցույց տվեց, որ այնտեղ ժամանակին որակյալ տեխնիկական փորձաքննություն չի կատարվել, հակառակ դեպքում՝ այդ դժբախտ պատահարը տեղի չէր ունենա. «Այնտեղ փորձաքննություն արել էր մասնավոր կազմակերպություն, բայց պետք էր նախապես տեսնել՝ այդ կազմակերպությունն անհրաժեշտ բազա ունի՞ նման գործ անելու, նորմալ մասնագետներ ու սարքավորումներ ունի՞, թե՞ ուղղակի գնում է՝ փող աշխատելու: Դրա արդյունքում մեր իրականության մեջ շատ տարածված է «գնա մեռի, արի սիրեմ» արտահայտությունը, երբ վթարներ են լինում, խլում են մարդկանց կյանքեր, հետո սկսում ենք մտածել՝ բա ինչո՞ւ էսպես եղավ»: Այժմ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ի օրակարգում է ընդգրկվել մի օրինագիծ, ըստ որի՝ առաջարկվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում որոշ փոփոխություններ ու լրացումներ կատարել: Մասնավորապես, հստակեցնել, որ այդ օրենքը տարածվում է այնպիսի վտանգավոր արտադրանքների ու արտադրական օբյեկտների վրա, ինչպիսիք են շարժասանդուղքները, ճոպանուղիները, կարուսելները, հանրային նշանակության կառույցներում ու բազմաբնակարան շենքերում տեղադրված վերելակները, բնական եւ հեղուկ գազի լցավորման կայանները, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտները եւ այլն:
Փոփոխությամբ նաեւ առաջարկվում է ավելացնել, որ արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական քննություն կարող է իրականացնել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը»: Սա չի նշանակում, որ անհատ ձեռնարկատերերը չեն կարող այդ գործով զբաղվել, պարզապես նրանց, որպես լիազոր մարմին, պետք է հավատարմագրի կառավարությունը՝ փորձաքննության համար բոլոր համապատասխան պայմանները ճշտելուց հետո: Ըստ օրենքի նոր լրացման, տեխնիկական քննություն չի կարող իրականացնել այն կազմակերպությունը, որը տեխնածին վթարին կամ արտադրական դժբախտ դեպքին նախորդող 1 տարվա ընթացքում դրական փորձագիտական եզրակացություն է տվել տվյալ օբյեկտի վերաբերյալ: Իսկ արդեն ՀՀ կառավարության կողմից նախատեսված առանձին դեպքերում տեխնիկական քննություն պետք է իրականացնի լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել