«ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «GNC-Alfa» ընկերությունները երեկ ստորագրել են օպտիկամանրաթելային գծերի ձեռքբերման պայմանագիր, որի արդյունքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հնարավորություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը: Պայմանագրով նախատեսված է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք կբերի օպտիկական մանրաթելեր «GNC-Alfa» ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչեւ Երեւան: «GNC-Alfa»-ի օպտիկամանրաթելային մալուխը համակցված է Իրանի օպտիկամանրաթելային ցանցին, որի շնորհիվ ելք է ապահովվում դեպի հեռահաղորդակցության համաշխարհային ցանցեր: Պայմանագիրը թույլ է տալիս, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ունենա անկախ եւ հուսալի համահանրապետական ցանց՝ միջազգային ձայնային, տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Այս մալուխային ցանցը Հայաստանին կապահովի թվային հաղորդակցության բարձր արագություն: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով. «Սեփական օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանին կընձեռի լայնաշերտ մուտքի հնարավորություն: Երեւանն ու խոշոր քաղաքները կապ կհաստատեն Մերձավոր ու Հեռավոր Արեւելքի, Եվրոպայի եւ մնացյալ աշխարհի հետ: Այն թույլ կտա մատուցել նոր ծառայություններ»: