«Բարեւ, «Օրանժը» Հայաստանում կլինի նոյեմբերի 5-ին»: Շուրջ 1 ամիս անընդմեջ տարբեր հեռուստաալիքներով այսպես աղմկում էր Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատորը: Իսկ այն հայտարարությունը, թե «Օրանժի» բաժանորդ կարելի է դառնալ բացարձակապես անվճար՝ նախապես ցանկացած համար գրանցելով ընկերության կայքէջում, մի պահ տպավորություն ստեղծեց, թե բջջային կապի շուկայում իսկական հեղաշրջում է տեղի ունենալու: Միամիտ բաժանորդները այնպես էին «գրոհել» ընկերության կայքէջ, որ առաջին մի քանի ժամերի ընթացքում այն, ծանրաբեռնվածության պատճառով, պարզապես անգործության էր մատնվել: Մարդիկ կարծում էին, թե վերջապես Հայաստանում խելամիտ ձեւով հնարավոր կլինի ձեռք բերել, այսպես կոչված, ոսկյա, արծաթյա կամ պլատինե հեռախոսահամարներ, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ մեջ գցել ու մինչեւ անգամ 1 միլիոն դրամ վճարել կրկնվող թվերով հեռախոսահամար ունենալու համար: Իրականում «Օրանժը» ոչինչ էլ չփոխեց, ամեն ինչ մնաց նույնը, դեռ մի բան էլ՝ ավելի վատ: Պարզվեց, որ կայքում կարելի է ամրագրել միայն այն հեռախոսահամարները, որոնք համարվում են սովորական, այսինքն՝ իրար հետեւից զրոներ, հինգեր, յոթեր կամ այլ կրկնվող թվեր չունեն: Նոյեմբերի 5-ին, «Օրանժի» աղմկոտ մուտքից հետո պարզվեց, որ տրամադրվում են միայն այն համարները, որոնք նախապես գրանցվել են կայքում, իսկ մնացած համարները վաճառվելու են ավելի ուշ: Սակայն հիասթափություն էր սպասվում ոչ միայն նրանց, ովքեր նախապես հեռախոսահամարներ էին ամրագրել, այլ նաեւ նրանց, ովքեր համբերատարությամբ սպասեցին, որպեսզի ոսկե ու պլատինե քարտեր ունենան: Նախ, առաջին մի քանի օրերին, մոտ մեկ շաբաթ, ցանցում խնդիրներ ունենալու պատճառով, հեռախոսահամարներ չէին վաճառվում, հետո էլ պարզվեց, որ լայնաշերտ ինտերնետի շուկայում առաջատարի դիրքերը հավակնող ընկերությունը (համենայնդեպս, այդպես էին վստահեցնում ընկերության ֆրանսիացի ղեկավարները) ինտերնետ կապի տրամադրման հետ կապված խնդիրներ ունի: Այդ խնդիրը, ի դեպ, մինչ օրս էլ առկա է:
Ու եթե մինչ այս՝ ոչ «ՎիվաՍելի» եւ ոչ էլ «ԱրմենՏելի» մտքով չէր անցել բաժանորդներին դասակարգել ըստ հարուստ եւ աղքատ կատեգորիաների, ապա «Օրանժը» որոշեց դա էլ անել: Բանն այն է, որ երեկ տեղեկացանք, որ ոսկե ու պլատինե համարներ գնելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր արդեն ունեն «ՎիվաՍելի» եւ «ԱրմենՏելի» նմանատիպ համարներ: Ընդ որում, այդ համարները վաճառվում են 80- 200 հազար դրամով: Այսինքն, այն շարքային քաղաքացին, որն ընդամենը մի համեստ հեռախոսահամար ունի այլ բջջային օպերատորից, ոչ մի դեպքում չի կարող հավակնել զրոներով կամ կրկնվող թվերով «Օրանժից» համար ունենալուն: Այս տրամաբանությունը, անշուշտ, հասկանալի չէ, մանավանդ որ, ընկերության պատասխանատուները երեկ տարածած հաղորդագրության մեջ այս յուրօրինակ քայլը ոչ մի տողով չեն մեկնաբանել:
Նկատենք, որ «Օրանժը» միայն նախօրեին է պաշտոնապես տեղեկացրել հատուկ համարների վաճառքի մասին, սակայն մոտ 1 շաբաթ է, որ ինչ-ինչ ճանապարհներով նման հեռախոսահամարները հայտնվել են վերավաճառողների մոտ եւ մի շարք վայրերում, օրինակ՝ «Բարեկամություն» մետրոյի գետնանցումում վաճառվում են 40-150 հազար դրամով:
Այս ամենին գումարած՝ իսկական խառնաշփոթ է նաեւ «Օրանժի» սպասարկման կետերում: Հայավարի ասած՝ «շունը տիրոջը չի ճանաչում»: Ընկերության աշխատակիցները լավ յուրացրել են միայն գեղեցիկ ժպտալու արվեստը, իսկ ծառայությունների վերաբերյալ ցանկացած հարցի պատասխանում են. «Առայժմ չենք կարող ասել, դեռեւս հաստատ չէ» եւ հավելում՝ «խնդրում ենք ըմբռնումով մոտենալ»: Արդեն մոտ 2 շաբաթ է՝ պոտենցիալ բաժանորդները ըմբռնումով են մոտենում, սակայն ընկերության գործելաոճից կարելի է ենթադրել, որ նրանք դեռ երկար ժամանակ ստիպված են լինելու ըմբռնել, եթե, իհարկե, «Օրանժը» չդադարի նրանց հետաքրքրել:
Թերեւս կարելի էր շուկա մտնելուց առաջ մի լավ պատրաստվել, ասենք՝ աշխատակիցների հետ մասնագիտական դասընթացներ անցկացնել, ինտերնետի հետ կապված խնդիրները լուծել, այլապես անհասկանալի է՝ ինչո՞ւ էր աղմկում «Օրանժը»: