Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՄՁ-Ի ՎԱՐԿԵՐԸ ՄՆԱՑԻՆ «ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ»

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"Գումար չլինելու պատճառով Շիրակի մարզի գործարարների համար նախատեսված արտոնյալ վարկերն այդպես էլ տեղ չեն հասնում:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, կարելի է ասել, արդեն մեղմացել է, սակայն մեր կառավարության հակաճգնաժամային միջոցառումները դեռ իրականություն չեն դառնում: Մասնավորապես, չի իրագործվում շիրակցի փոքր ու միջին ձեռնարկատերերին արտոնյալ վարկեր տրամադրելու ծրագիրը: Իսկ Շիրակում այդ ծրագրին հավակնողները 12-ն են, որոնց թվում են՝ «Անի-կաթ» ՓԲԸ-ն, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռոբերտ Զաքարյանին պատկանող Գյումրիի «Գուլպա-նասկեղենի» ֆաբրիկան, Գյումրիի ավագանու անդամ Գեւորգ Առաքելյանի «Գյումրվա բաղնիք»-ը եւ այլն: Տեղեկացնենք, որ այս ցանկը, չգիտես ինչու, գաղտնի է պահվում, իսկ կառավարության էլեկտրոնային կայքում որպես վարկառու նշված է միայն Մարալիկի «Անի կաթ» ՍՊԸ-ն, որի՝ վարկառուների ցուցակում հայտնվելը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել շիրակցի գործարարների շրջանում, քանի որ, ըստ նրանց, այն փլուզված, իրականում չգործող կազմակերպություն է ու ոչ մի վարկ չի կարող այդ ընկերությանը ոտքի կանգնեցնել: Ոչ պակաս զարմացրել է նաեւ «Գյումրվա բաղնիք» կազմակերպության՝ վարկառուների ծրագրում հայտնվելը:
 «Առավոտը» «Անի կաթ» ՍՊԸ-ի ղեկավար Լյովա Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա հայտնվել վարկառուների ցանկում եւ արդյո՞ք տեղ է հասել կառավարության՝ իր կազմակերպությանը նախատեսված 15 միլիոն դրամի հակաճգնաժամային վարկը: «Գումարը մինչեւ օրս տեղ չի հասել, բայց հույսս չեմ կորցրել, ինչպես ասում են՝ հույսը վերջում է մեռնում: Իսկ թե ինչպես եմ հայտնվել ծրագրում, ասեմ, որ եթե ես ծանոթով ընդգրկված լինեի այնտեղ, եթե ես ծանոթ ունենայի, ապա իմ հարցերը վաղուց լուծված կլինեին, ոչ թե կնստեի-կսպասեի, որ կառավարությունը ինձ գումար փոխանցեր: Վարկավորման ծրագրում ընդգրկվելը եղել է իմ նախաձեռնությամբ, ես բիզնես-ծրագրի եմ մասնակցել, իմը շահել է, սպասում եմ գումարին: Եթե իմ ձեռնարկությունը վարկավորվի, ես այդ գումարով Մարալիկում 7-8 աշխատատեղ կբացեմ»,- ասաց Լյովա Գաբրիելյանը:
«Գուլպա-նասկեղենի» ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Զաքարյանից եւս հետաքրքրվեցինք, թե ի՞նչ եղավ իր կազմակերպությանը խոստացված 300 միլիոն դրամ վարկը: Վերջինս փոխանցեց, որ գումար չկա, այդ պատճառով էլ վարկերը չեն հատկացվում, նա նաեւ տեղեկացրեց, որ այն իրեն հատկացվելու էր առանց տոկոսադրույքի՝ 3 տարի ժամկետով, սակայն կառավարությունն իր հետ փայատեր էր դառնալու այնքան ժամանակ, մինչեւ որ կարողանա մարել վարկը: «Գուլպա-նասկեղենի» ֆաբրիկայի գլխավոր ինժեներ Սուսաննա Աստոյանն էլ հավելեց, որ իրենց այս պահին իրոք շատ անհրաժեշտ էր կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, քանի որ իրենք մտադրություն ունեին տեխնիկապես վերազինել ֆաբրիկան ու արտադրանքը արտերկրյա շուկա հասցնել: «Այս պահին մեր արտադրանքը սպառում ենք Հայաստանում եւ Արցախում, հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում, ճանապարհային ծախսերն են թանկացել, որն անմիջականորեն ազդում է մեր բիզնեսի վրա, բացի այդ, հարկային դաշտում խնդիրներ կան. սահմանի վրա ավելացված արժեքի հարկը մուծում ենք, ապրանքաշրջանառություն իրականացնելու համար այլեւս փող չի մնում: Ես կարող եմ ասել, որ մենք այդպես էլ չօգտվեցինք հակաճգնաժամային ծրագրից, թեեւ անընդհատ զանգում ենք օպերատիվ շտաբ ու հարցնում, թե ինչ եղավ վարկը: Աստեղ ոչ մի անգամ բացասական պատասխան չեն տալիս, անընդհատ ասում են՝ քննարկման փուլում է, ընթացքի մեջ է, սակայն արդյունք չկա»,- ասաց Սուսաննա Աստոյանը:
 «Առավոտը» Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Արթուր Զաքարյանից եւս հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ուշանում վարկերը: Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ այդ հարցին պատասխանել, քանի որ իր կազմակերպության ֆունկցիան ընդամենը եղել է վարկավորման ցանկություն հայտնած կազմակերպությունների բիզնես-ծրագրերի միջեւ ընտրություն կատարելն ու կառավարությանը ներկայացնելը: Իսկ թե ի՞նչ կարգով է կատարվել ընտրութունը, ինչպե՞ս է պաշտոնյան վերաբերվում Գյումրիում պտտվող այն խոսակցություններին, որ նախապատվությունը տրվել է ծանոթներին, Արթուր Զաքարյանը զայրացավ. «Ի՞նչ ծանոթ-բարեկամ, դրանք ստահոդ լուրեր են, իզուր են հարցը քաղաքականացնում, ով ցանկություն է հայտնել՝ մասնակցել է, կան որոշակի չափանիշներ, որոնք պիտի բավարարեին, եթե մարդը վարկը վերցնում է, պետք է կարողանա վերադարձնել, չէ՞»: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք «Վարկային երաշխիք» ծրագրի շրջանակներում վարկեր են տրամադրել մարզի 15 գործող ձեռնարկությունների, 7 սկսնակների էլ դարձյալ պետական աջակցություն է ցուցաբերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել