Ո՞ւմ նկատի ուներ վարչապետ Տիգրան Սարգսյանը
Վարչապետի ելույթի եւ, մասնավորապես, սոցիալական արդարության եւ օրենքի առջեւ բոլորի հավասար լինելու պնդումների մասին «Առավոտը» հարցրեց ԱԺ պատգամավորների կարծիքը: ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով վարչապետի մտքերին՝ ասաց. «Ինձ համար մի քիչ տարօրինակ, ես կասեի՝ էկզոտիկ սոցիոլոգիական հարցում է, որի արդյունքում պարզվել է, որ մեր քաղաքացուն իբր չեն հետաքրքրում իր կենսապայմանները, չի հետաքրքրում, ինչպես ասաց վարչապետը՝ աշխատատեղեր կբացվեն, թե չեն բացվի: Ավելի քիչ է հետաքրքրում գործազրկությունը, Լեռնային Ղարաբաղը, Ցեղասպանությունը, եւ քաղաքացու հիմնական հոգսը, հիմնական մտահոգությունը սոցիալական արդարության խնդիրն է, այն էլ՝ խոշոր բիզնեսում: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր երկիրն այսօր ունի սոցիալական արդարության խնդիր, բայց կարծում եմ, որ կառավարության ղեկավարը նկատի ուներ սոցիալական արդարության խնդիրը հենց բիզնեսի մենաշնորհների մասով: Այո, այդ մասով իսկապես կա մտահոգություն, կա խնդիր»: Մեր հարցին՝ պատգամավորը կասկածնե՞ր ունի, որ վարչապետի այս միտքը ուղղված է կոնկրետ մարդու, տիկին Զոհրաբյանը պատասխանեց այսպես. «Ես կասկածներով չեմ ուզում առաջնորդվել, ես ընդամենը ասում եմ՝ եթե ասվում է ավելի խոշոր բիզնես, պետք է ավելի հստակ եւ բաց ներկայացվի, ավելի բաց եւ հստակ, կոնկրետ թիրախային ասվի՝ ո՞ւմ նկատի ունի, ի՞նչ դաշտ նկատի ունի: Ես կարծում եմ, այս դեպքում պարոն վարչապետը նկատի ուներ մենաշնորհային դաշտը, որի դեպքում կարող էր հանրության մեջ առաջանալ սոցիալական արդարության եւ սոցիալական ընդվզման խնդիր»:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ, որ իր այդ հայտարարությամբ վարչապետը օլիգարխներից մեկի «բոստանը քար գցեց»՝ ինչպես հասկացել էին լրագրողները. «Ես չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները որեւէ օլիգարխի բոստանը քար կգցեն, կարծես թե նմանատիպ քայլ չի նախատեսվում, եթե, իհարկե, որեւէ օլիգարխ հանկարծակի ինչ-որ պահի չհարի իրական ընդդիմադիր հատվածին: Մնացած բոլոր դեպքերում օլիգարխները որեւէ խնդիր չեն ունենալու, որովհետեւ հենց այդ օլիգարխների շնորհիվ է ձեւավորվել այս իշխանությունը: Ափսոս, վարչապետը չի պատասխանում պատգամավորների հարցերին, այդ դեպքում նրան կուղղեի հարցս, բայց ձեր միջոցով ուղղեմ՝ իսկ պատժելիություն լինելո՞ւ է, թե՞ ոչ: Չէ՞ որ սոցիալական արդարությունը նաեւ պատժելիության մեխանիզմի արդյունքում է իրականացվում: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ ստվերը ինչպես եղել է, այդպես էլ մնում է»: Մեր հարցին՝ բավարարե՞ց այն, ինչ ասաց վարչապետն ընդհանրապես, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Վարչապետի խոսքը իսկապես լավ կառուցված խոսք էր: Ես հուսադրող քայլերի մասին վարչապետի այլ ուղերձներում էլ եմ լսել, բայց այս մեկ տարվա մեջ մենք որեւէ հուսադրող բան չտեսանք»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այն կարծիքին է, որ մեր հասարակությանը հետաքրքրում են ոչ միայն սոցիալական արդարության հարցերը, ինչպես կարծում է վարչապետը, այլ նաեւ՝ մարդու իրավունքների եւ իրավական խնդիրները. «Այդ բացերը մեր իրականության մեջ դեռեւս կան, բայց նաեւ պետք է սահմանազատել՝ Ղարաբաղի խնդիր, Ցեղասպանության խնդիր, քաղաքական խնդիրներ: Մենք ինքներս էլ տեղյակ ենք, թե ինչպիսի արգելքներ կան պետական չինովնիկի եւ ժողովրդի հարաբերություններում, սրանք այսօրվա արդիական խնդիրներն են, մյուս խնդիրները մեր ազգային խնդիրներն են, որոնք հայի արյան հետ պիտի գնան՝ մինչեւ իրենց վերջնական լուծումները գտնեն»: