Եվ հեռարձակման թվային համակարգին անցման այդ 15 էջանոց հայեցակարգի զգալի մասը մասնագետների համար հանրահայտ փաստեր են:
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում նոյեմբերի 12-ից, այսինքն՝ այն օրվանից, ինչ կառավարությունը հավանություն տվեց տվյալ փաստաթղթին՝ տեղադրված է «Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգը»: Եվ նշված է, որ դրա վերաբերյալ առաջարկությունների եւ դիտողությունների համար կարող են դիմել նախարարության իրավաբանական վարչությանը: Ըստ կառավարության որոշման՝ ՀՀ տարածքում հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պիտի ներկայացնի այդ հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակացույցը: «Այս հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է, պատասխանում է այն հարցերին, թե ինչպես ենք իրականացնելու թվայնացումը»,- կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եվ հաշվի առնելով այն, որ թերեւս միայն հաջորդ տարի ականատես լինենք հայեցակարգի վերաբերյալ փորձագիտական քննարկումներին՝ այդ ժամանակ էլ կհնչի հարցի մասնագիտական գնահատականը, թե արդյոք թվայնացմանն առնչվող բոլո՞ր հարցերին է սպառիչ պատասխանել այս հայեցակարգը:
Իսկ մինչ այդ ներկայացնենք, թե ի վերջո ինչ է մշակել միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում էր էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Հիշեցնենք, որ նաեւ այս փաստաթղթի մշակման անհրաժեշտությամբ հիմնավորվեց կապուղիների մրցույթ անցկացնելը մինչեւ 2010 թվականն արգելելու վերաբերյալ կառավարության 2008-ի սեպտեմբերի 10-ի նախաձեռնությունը: Ավելի քան մեկ տարի տեւած քրտնաջան աշխատանքի արդյունքում գրվել է 15 էջ կամ՝ հարակից աղյուսակներով (որոնք ուղղակի պատճենված են ՀՌԱՀ պաշտոնական կայքէջից) ու հայեցակարգի հիմնավորմամբ՝ 24 էջ:
Մեկ էջանոց ներածության մեջ հայեցակարգի հեղինակները՝ ինչպես եւ անցած տարվա ընթացքում, էլի հիմնավորել են այն, ինչի հետ ոչ ոք չի էլ վիճում, թե որքա՜ն լավ բան է թվայնացումը: Հետո շուրջ կես էջ շարադրել են, թե ինչ հիմնական նպատակներ են հետապնդում թվային համակարգին անցման սույն հայեցակարգով, եւ նշել, թե այն հիմնված է մասնավորապես հետեւյալ սկզբունքների վրա՝ «հեռարձակող ԶԼՄ-ների ազատություն, արհեստավարժություն եւ անկախություն», «հեռարձակող ԶԼՄ-ների աշխատանքներին ապօրինի միջամտության կամ գրաքննության բացառում», «հաճախականությունների հատկացման արդար ու թափանցիկ ընթացակարգերի ապահովում», նաեւ՝ «բազմակարծության խթանում». մի խոսքով, այն ամենը, ինչ այժմ գրեթե բացակայում է մեր եթերում:
Եվս 1,5 էջ՝ «Հեռարձակման թվային համակարգի առանձնահատկությունները» խորագրով շարադրանք է դարձյալ այն մասին, որ թվայնացումն անխուսափելի է, նաեւ թվարկված է, թե թվային ազդանշանի սեղմման ինչ ստանդարտներ են այժմ կիրառվում, ինչ հնարավորություններ են դրանք ընձեռում եւ այլն: Այն, ինչ կարելի է կարդալ մասնագիտական ցանկացած հանդեսում, ասենք՝ «Տելեսպուտնիկ»-ում:
Թվայնացման մասին այս յուրօրինակ ռեֆերատի մի 1,5 էջ էլ նվիրված է հեռարձակման անալոգայինից թվային համակարգին անցման արտերկրի փորձին: Հետո 2 էջի սահմաններում ներկայացված է իրադրությունը Հայաստանի հեռարձակման համակարգում՝ քանի հեռուստաընկերություն կա, քանի ռադիոընկերություն, քանի տեխնիկական վերահաղորդիչ կայան, մեր բնակչությունն ինչ հեռուստացույցներ ունի եւ այլն:
Եվ վերջապես՝ հայեցակարգի 9-րդ էջում նոր շարադրվում է, թե հեռարձակման անալոգայինից թվային համակարգին անցումն ապահովելու նպատակով ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել՝ ինչ փաստաթղթեր է պետք վավերացնել, ինչ նախագծային հաշվարկներ կատարել եւ այլն: Ի դեպ, նախատեսում են մինչեւ 2010-ի հուլիսի 20-ն ապահովել թվային հեռարձակման համակարգին անցման իրավական կարգավորման դաշտի ձեւավորումը:
Որպես լուծվելիք խնդիր՝ մասնավորապես նշված է. «Մինչեւ անալոգային հեռարձակման վերջնական դադարեցումը ՀՀ անապահով քաղաքացիների եւ խոցելի խմբերի համար թվային հեռարձակմամբ հեռուստառադիոծրագրերի ընդունման եւ ապակոդավորման սարքավորումների ապահովում»: Բավական ծախսատար մի խնդիր է՝ հայեցակարգում նշված է, թե այս նպատակով ձեռք բերվելիք թվային կցորդների ընդհանուր արժեքը շուրջ 1.5-2 մլրդ դրամ է: Ինչպե՞ս են լուծվելու այս ու նաեւ թվայնացմանն առնչվող այլ ծախսերի խնդիրները: Հայեցակարգում այս առնչությամբ միայն, կարելի է ասել, հույս կա, թե կարեւոր աղբյուր է լինելու «արտասահմանյան ներդրողների հոսքը Հայաստանի Հանրապետություն»: Թեեւ նաեւ անհրաժեշտ են համարել «ապահովել որոշակի չափով պետական միջոցների ներգրավում կամ որոշ դեպքերում՝ պետական բաժնեմասերի մասնակի կամ ամբողջական մասնավորեցում»:
Հայեցակարգի հեղինակները նաեւ լուծվելիք խնդիր են համարել. «Հեռուստառադիոծրագրերի թվային հեռարձակման գործընթացում հոգեւոր ժառանգության պահպանման, մշակութային բազմազանության եւ բազմակարծության ապահովում»: Թե ինչպես են այս նպատակին հասնելու՝ պատասխանն էլի չկա այս փաստաթղթում:
Հայեցակարգի եւս մի ենթաբաժին վերաբերում է թվայնացման գործընթացի ապահովման մեխանիզմներին: Մասնավորապես նշվում է, թե թվային անցման վերաբերյալ հասարակական կարծիքի հարցումներ են անելու, նաեւ՝ Հայաստանում թվային հեռուստացույցների տարածվածության վերաբերյալ շուկայական հետազոտություններ: Հարց չտանք, թե ինչու այս ամենը չի արվել անցած տարվա ընթացքում: Հարցական չէ նաեւ, թե ինչ արդյունք է ունենալու անցկացվելիք եւս մի հետազոտությունը՝ լրացուցիչ ծառայությունների համար սպառողների վճարելու պատրաստակամության վերաբերյալ: Մինչդեռ հայեցակարգում նաեւ նշված է. «Անցման գործընթացի ժամանակին իրագործումը եւ ավարտը կախված են ընդունիչ սարքավորումների ձեռքբերման ու ծառայությունների գների վերաբերյալ վերջնական սպառողների ընկալման մակարդակից»:
Հայեցակարգում նաեւ կանխատեսել են, թե անցման գործընթացը կարող է ունենալ հետեւյալ խոչընդոտները. «Քաղաքական դաշտում էական որոշումների պակաս, ինչպիսին է անալոգայինից թվային հեռարձակման համակարգերին վերջնական անցման վերջնաժամկետի սահմանումը», նաեւ՝ «դժկամություն՝ կապված օպերատորների ներդրումներին ուղեկցող ֆինանսական ռիսկերի հետ»: Բայց չնայած այս ամենին՝ նախատեսվում է մինչեւ 2013թ. դեկտեմբերի 31-ն «ապահովել հեռարձակվող անալոգային բոլոր հեռուստառադիոծրագրերի թվային ձեւաչափով կրկնօրինակումը»:
Հ. Գ. Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Ա1+»-ին արդեն իսկ հայտնել է իր գնահատականն այս հայեցակարգի վերաբերյալ. «Ցավոք, այն փաստաթուղթը, որ ներկայացված է՝ լավագույն դեպքում որոշ լուծումներ է առաջարկում տնտեսական եւ տեխնոլոգիական առումով, բայց քաղաքական ու օրենսդրական առումով որեւէ լուծում առաջարկված չի: Եվ ես ընդհանրապես կխուսափեի այդ փաստաթուղթը հայեցակարգ կոչել. այն չի օգնելու մոտակա ամիսներին այնպես փոփոխել մեր օրենսդրությունը, պրոցեդուրաները, որ հնարավորություն տրվի առանց ցավի, նոր պրոբլեմների թվայնացման գործընթացը իրականացնել»: