Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը ներկայացավ որպես քաղաքական դեմք

Նոյեմբեր 19,2009 00:00

\"\"Հանրապետական դարձած վարչապետի խոսքը երեկ վերջապես ընկալվեց որպես քաղաքական այրի խոսք, իսկ կուսակցական գործընկերները սովորականից ավելի ջերմ էին սեղմում վարչապետի ձեռքը:

Մինչեւ երեկ եւս վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին լուրջ քաղաքական հայտարարություններ էր անում, սակայն, մեր կարծիքով, դրանք մասամբ էին ընկալվում որպես քաղաքական հայտարարություններ կամ քաղաքական դիրքորոշում: Հանրապետական կուսակցության անդամ դառնալով՝ վարչապետը կարծես մի տեսակ փոխվեց, եւ վերջինիս խոսքն ինքնըստինքյան սկսեց ընկալվել որպես քաղաքական գործչի խոսք: Երեկ, ԱԺ-ին ներկայացնելով 2010-ի բյուջեն, վարչապետը չթաքցրեց, որ իր կառավարության սկսած բարեփոխումները արագ արդյունք չեն տալու, դրանք «ենթադրում են ծանր աշխատանք, որը մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք»: Նաեւ վստահեցրեց. «Ես ուզում եմ հայտնել իմ այն համոզմունքը, որ կուտակված հիմնախնդիրները եւ պրոբլեմները, այն նպատակները, որ առաջադրել է մեզ հանրապետության նախագահը, ի վիճակի է այսօր Հայաստանում լուծել միայն մեր քաղաքական թիմը՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, եւ ես համոզված եմ, որ 2010 թվականին բյուջեի ծրագիրը մենք ձեզ հետ կկարողանանք ամբողջությամբ իրականացնել»: Վարչապետ Տիգրան Սարգսյանը իրեն հատուկ առոգանությամբ շեշտեց 2009 թվականի դասերը: Ըստ առաջին դասի՝ ճգնաժամը ցույց տվեց մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը: Դաս երկրորդ. «Երկրի տնտեսությունում առկա են օլիգապոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակներ: Մենք դա արձանագրում ենք նաեւ գների էլաստիկությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար: Արդյունքում՝ հարկային բեռի անհամաչափ բաշխում տնտեսություն վարող սուբյեկտների միջեւ»։ Դաս երրորդ. «Պետական կառավարման համակարգում մոտիվացիոն մեխանիզմների բացակայությունը կամ թուլությունը»: Դաս չորրորդ՝ առողջապահության եւ կրթության բնագավառներում ֆինանսավորման մեխանիզմների թերություն. «Հանրապետության նախագահի կողմից մեր առջեւ դրված է խնդիր՝ այս երկու ոլորտներում 2010 թվականի ընթացքում իրականացնել ֆինանսավորման մեխանիզմների արմատական լուծումներ»,- ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետի ներկայացմամբ, ճգնաժամի վերջին դասը տնտեսական բարեփոխումների դանդաղ ընթացքն է. «Հասկանալի է, որ 2010 թվականին կառավարության գործողությունների ծրագիրը հիմնված է լինելու այս դասերի վրա եւ ուղղված է լինելու այս խնդիրների լուծմանը»: Չնայած վարչապետի բոլոր գնահատականներն էին հետաքրքիր, սակայն տեղի սղության պատճառով չենք կարող ամբողջը ներկայացնել: Ամենից աղմկահարույցը հետեւյալ միտքն էր. «Մեր ուսումնասիրությունները եւ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների եւ աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճը եւ փոխարժեքը, նույնիսկ՝ ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ, առաջին հերթին՝ մեր քաղաքացիներին մտահոգում է սոցիալական արդարության խնդիրը: Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, անկախ նրանից, թե ինչ պաշտոնեական դիրք են նրանք զբաղեցնում կամ ինչ կուտակված եկամուտներ եւ հարստություն ունեն: Այս խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, եւ առաջին հերթին այս խնդիրը վերաբերվում է խոշոր բիզնեսին: Որպեսզի խոշոր բիզնեսը վերականգնի իր վստահությունը հասարակության մեջ, ճանապարհը թափանցիկ աշխատելն է»:

Վարչապետի ելույթի վերաբերյալ պատգամավորների կարծիքները կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել