«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի բացառում, որ ժողովուրդը կարող է եւ ներել Սերժ Սարգսյանին:
– Հայաստանյան քաղաքական դաշտում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի ակտիվի ժողովում վերջին օրերին ավելի շատ է քննարկվում, քան նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունները կամ Լեռնային Ղարաբաղի հարցը: Ընդ որում, այդ ելույթը քննադատողներ կան ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարներում, ավելին՝ անգամ Կոնգրեսի ներսում: Կոնգրեսականներից ոմանք այդ ելույթում նկատել են ոչ միայն անվճռականություն, ՀԱԿ-ի կողմից որդեգրած «աստիճանական մարող եւ ժամանակավոր դադարի մարտավարությունն» արդարացնող տոնայնություն, այլեւ հասարակությանն ուղղված՝ անտարբեր լինելու մեղադրանքներ: Կիսո՞ւմ եք արդյոք այդ դիտարկումները:
– Բնականաբար՝ ոչ: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը բարձր եմ գնահատում եւ, կարծում եմ, մենք, գոնե անձամբ ես, դա հաշվի առնելու եւ դրանից սովորելու շատ բան ունեմ: Երկրորդ, եթե մեր հարցազրույցները, Լ. Տեր-Պետրոսյանի ելույթները, հասարակական-քաղաքական բազմաթիվ գործընթացները պասիվություն են համարվում, ուրեմն՝ ակտիվություն համարվում է միայն հանրահավաք անցկացնելը: Ընդունում եմ, որ, այո, դժբախտաբար, հասարակության մի մասն, իսկապես, ակտիվություն համարում է միայն հանրահավաքները: Բայց հավատացնում եմ՝ իրականում քաղաքականությունը շատ ավելի լայն եւ լուրջ գործունեություն է, քան հանրահավաք անելը, եւ այս «ոչ հանրահավաքային» կամ ինչպես ոմանք են կարծում՝ այս պասիվ շրջանում մենք ներքին եւ արտաքին քաղաքական առումով շատ լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել, քան եղել են հանրահավաքներ անելու ժամանակահատվածում: Եթե երաժշտության մեջ լինեին միայն բարձր նոտաներ, ու միայն էդ շնչի վրա երաժշտություն կառուցվեր՝ ոչինչ չէր ստացվի: Երաժշտությունը երաժշտություն է, երբ կան բարձր եւ ցածր նոտաներ, միջակայքում էլ՝ պաուզաներ: Այդ պաուզաները, որ շունչ առնելու եւ նախորդած շրջանում տեղի ունեցածը վերաիմաստավորելու հնարավորություն են տալիս, պասիվություն համարելը կոպիտ սխալ է: Ես կարծում եմ՝ ամեն ինչ շատ ճիշտ է արվում: Համոզված եմ, որ փոփոխություններ, արդարություն, ճշմարտություն որոնող մեր հասարակությանը սպասելու շատ բան չի մնացել:
– Գուցե Կոնգրեսի ներսում իսկապես շատ մեծ եւ ապագային միտված աշխատանք է կատարվում, բայց այն հասարակությունը, որը կանգնած է Կոնգրեսի կողքին, եւ որով Կոնգրեսն ուժեղ է, դրան տեղյակ չէ: Հասարակության՝ ՀԱԿ-ի հետ հույսեր կապող հատվածը Կոնգրեսի ակտիվի ժողովին չի մասնակցում եւ չի լսել, ինչպես ոմանք են ասում՝ Տեր-Պետրոսյանի հուսադրող բանավոր ելույթը: Այդ հատվածը տեսնում է, որ Կոնգրեսն այս պահին ասպարեզում չկա: Հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի հարցով ավելի ակտիվ են ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած միավորումները՝ իրենց բողոքի ակցիաներով: Իսկ ահա Տեր-Պետրոսյանն իր ելույթում դիմում է Սերժ Սարգսյանին՝ որ նա «դրսում» լեգիտիմություն ստանալու փոխարեն սեփական ժողովրդից լեգիտիմություն խնդրի, ըստ էության, մնա մե՛ր ավազակապետը, միայն թե երկիրը չվտանգի, չպառակտի: Արդյոք ընդդիմության համար երկիրը փրկելու միակ տարբերակը Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելը, ժողովրդի կողմից նրան ներե՞լն է, եւ արդյոք երկու տարի իշխող ռեժիմին, նաեւ Սերժ Սարգսյանին ավազակապետ համարելուց, առավել եւս՝ «Մարտի 1»-ից հետո դա բարոյակա՞ն առաջարկ է:
– Ժողովուրդն է որոշելու՝ ներե՞լ, թե՞ չներել: Լ. Տեր-Պետրոսյանը տեսնում է, որ ժողովուրդը կարող է ներել: Դա ելույթի հենց այդ հատվածն է, որն ամենաշատն է ինձ դուր եկել: Ինչո՞ւ. որովհետեւ դա քրիստոնյային վայել մոտեցում է: Յուրաքանչյուր մարդ անթերի չէ եւ բազմաթիվ սխալներ է գործում: Մարդու մեծությունը կայանում է նրանում, որ նա կարողանա զգալ իր սխալները, խոստովանել դրանք եւ դրանց համար թողություն խնդրել: Այս իմաստով ներելու կամ չներելու իրավասությունը տրված է ժողովրդին: Եթե Սերժ Սարգսյանը խոստովանի, որ «Մարտի 1»-ի 10 զոհերի համար նաեւ ինքն է մեղավոր, հնարավոր է, որ ժողովուրդը ների:
– Բայց Տեր-Պետրոսյանի ելույթում Սերժ Սարգսյանի կողմից ներողություն խնդրելու մասին ոչինչ ասված չէ:
– Տեր-Պետրոսյանն ասում է՝ խնդրիր քո ժողովրդին: Ս. Սարգսյանն ինչպե՞ս կխնդրի, ու կների ժողովուրդը, թե ոչ՝ դա արդեն ժողովրդի խնդիրն է:
– Ավազակապետին ներելը, երկրորդ շանս տալը միամտություն ու անխոհեմություն է: Սա ասում են, օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանն ու նրա համախոհները:
– Ես այդ մոտեցումը չեմ կիսում: Ներելու կամ չներելու իրավունք բոլորն ունեն: Բայց կրկնում եմ՝ ժողովուրդն ինքն է որոշելու՝ ներել կամ չներել: Բայց ես, իսկապես, համարում եմ, որ եթե մարդը խոստովանում է իր գործած մեղքերը, ընդունում է, որ ինքը սխալ է գործել, եւ տեսնում է ճիշտ ապրելու եւ ճիշտ գործելու ձեւը, ներվելու հնարավորություն ունի՝ ընդհանուր առմամբ: Խոսքս տվյալ պարագայում հոգեւոր, բարոյական դաշտին է վերաբերում: Իսկ գործող իշխանությանը քաղաքական գնահատականներ տալու իմաստով որեւէ մեկը Տեր-Պետրոսյանից շատ եւ հստակ դա չի արել: Նրա քաղաքական փորձն ու վերջին երկու տարիների գործունեությունը եւս մեկ անգամ ապացուցում են, որ այդ մարդը նախագահական ընտրություններին մասնակցելով, դրանից հետո էլ, որոշ դեպքերում նաեւ սեփական վարկանիշի հաշվին՝ խոսքս քաղաքապետի ընտրությունների մասին է, պատրաստ է եղել ամեն ինչ անել այս երկրում արդարություն, ժողովրդավարություն հաստատելու, մեր երկիրն արժանապատիվ պետություն դարձնելու այդ հույսը հասարակության մեջ արթուն պահելու համար: Կարծում եմ, մարդը, որն իր ելույթները գրում է երկու-երեք շաբաթվա ընթացքում, մտածում է իր ցանկացած ասածի եւ արածի մասին, եւ հիմա ոտքի վրա մեկնաբանել նրա ելույթը՝ այդքան էլ հեշտ չէ ու պարզունակ է: Բայց ժամանակը ցույց կտա, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր:
– Մտավախություն չունե՞ք, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող եւ ակտիվ պայքարի պատրաստ հասարակության այն հատվածը, որը Տեր-Պետրոսյանին համարում է, նրա ձեւակերպմամբ՝ ավազակապետության դեմ անզիջում պայքարողի, կարող է չընկալել նրա ելույթում հնչած Եղիազար Այնթապցու եւ Սերժ Սարգսյանի միջեւ անցկացրած զուգահեռն ու հիասթափվել:
– Ես բազմաթիվ անգամներ եղել եմ մեծամասնության, բայց նույնքան եղել եմ նաեւ փոքրամասնության մեջ եւ հասկացված կամ չհասկացված լինելուց չեմ վախենում: Չեմ համարում, որ մենք միակ ճիշտն ենք ու ինչ-որ պահի չենք կարող դառնալ փոքրամասնություն: Դրանից վախենում է միայն Սերժ Սարգսյանը: