Շահեն Պետրոսյանը Վահան Շիրխանյանին համարում է «պատեհապաշտ»
Արդեն տեւական ժամանակ լոյալություն դրսեւորելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, պասիվ քաղաքական կեցվածքով համակիրներին անընդհատ սպասելու եւ համբերելու կոչեր անելով՝ արդյոք Հայ ազգային կոնգրեսը չի՞ կորցնում իր դեմքը, մեր այս հարցին ի պատասխան ՀՀՇ անդամ Շահեն Պետրոսյանը ասաց. «Ընդդիմության հնարավորությունները շատ փոքր են: Իշխանությունը մեկուսացրել է ինչպես եւ ինչքան որ կարող էր: Այս ընդդիմությունը գործում է միայն իր էնտուզիազմի վրա, իսկ էնտուզիազմով երկար չես պահի»:
Չհավակնելով հանրությանը խորհուրդներ տվողի դերին, այնուհանդերձ, մեր դիտարկմանը՝ ի՞նչ անեն մարդիկ, նա պատասխանեց. «Այն, ինչ որ միշտ արել են՝ «Եղունգ ունեն՝ գլուխը քորեն»: Շահեն Պետրոսյանը արձանագրում է, որ անձնազոհորեն պայքարողներից շատերը պարզապես զզվանքով հեռացել են երկրից. «Մնացել է մի հոռացած մասսա եւ մի անտարբեր մասսա: Դրանց արանքում մի փոքր ընդդիմություն, որին չորս կողմից խփում են: Ոչ ոք իշխանությանը չի կպնում: Մարդն իր իրատեսական կարծիքը հայտնեց (նկատի ունի առաջին նախագահի ելույթը-Ն. Գ.), հիմա բոլորը Լեւոնին են քննադատում: Բա որ Լեւոնից հետո բաներ էին տեղի ունենում, թղթեր էին ստորագրում, հիմա էլ մարդիկ սաֆարիներում ման են գալիս (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին-Ն. Գ.), էնտեղից էլ գալիս՝ հավի ու ձվի պատմություններ են անում՝ ինչո՞ւ ոչ ոք ոչինչ չի ասում: Թիրախը Տեր-Պետրոսյանն է դարձել, բայց այս պայմաններում նա ի՞նչ կարող է անել: Մարդիկ շատ անտարբեր են, ուստի՝ արժանի ենք նրան, ինչին արժանի ենք»:
Այն, որ նույնիսկ Կոնգրեսում առաջին նախագահի ելույթը միանշանակ չընկալվեց, մեր զրուցակիցը բացատրում է նրանով, որ ՀԱԿ-ում էլ կան «դաշնակցական մտածելակերպով մարդիկ»: Արդյոք այդպիսի մտածելակե՞րպ ունի նաեւ Վահան Շիրխանյանը, ով բացահայտ է խոսում այն մասին, որ ինքն էլ գործող ընդդիմության հետ, որի մասն է, հույսեր չի կապում: «Վահան Շիրխանյանը բազմիցս է իր մորթին փոխել՝ մի ծայրահեղությունից մյուսն ընկնելով: Դա իր կարծիքն է, ինքն այդպես է համարում. թող համարի: Ցավոք, Հայաստանում հասարակության 90 տոկոսը պատեհապաշտներն են: Այդպիսին է նաեւ Վահան Շիրխանյանը: Երբ տեսավ, որ այս ճամբարում իր ուզած ժամկետներում չի ստացվում մի բանի հասնել, ընտրել է ուրիշ ճանապարհ՝ արկածախնդրությամբ ինչ-որ բանի հասնելու համար»:
Հնչած այն մեկնաբանություններին, որ իր վերջին ելույթում ՀՀ առաջին նախագահը հավանություն է տվել Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների ծրագրին եւ համագործակցության առաջարկ արել, մեր զրուցակիցը պատասխանում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ համագործակցության առաջարկ է արել, ոչ էլ հավանություն է տվել: Ասել է՝ քանի որ երկիրը շատ վատ վիճակում է, ու նման պայմաններում դու գնում ես հայ-թուրքական խաղերի՝ դրանք լուրջ վտանգներ են պարունակում, ուստի լավ կլինի, որ Հայաստանում կարգ ու կանոն հաստատես, ժողովրդավարական ինստիտուտները վերականգնես, որպեսզի հեշտ լինի մարտահրավերներին դիմակայելը: Տեր-Պետրոսյանը հստակ շեշտում է, որ արձանագրություններում ծուղակ կա, նաեւ ակնարկում է: Նա չի ողջունում, այլ հստակ ասում է, որ մենք հասկանում ենք՝ քեզ, Հայաստանին պարտադրում են դա: Բայց որպեսզի այս իրավիճակից դուրս գանք՝ լեգիտիմ իշխանություն է պետք: Այո, պատրաստ ենք Սերժին լեգիտիմություն տալ, բայց դրա համար երկրում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի, որպեսզի ժողովրդի վստահությունը լինի»: Շահեն Պետրոսյանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց «քանի դեռ քո սեփական երկրում նորմալ հարաբերություններ չես կարողանում ստեղծել՝ շատ վտանգավոր է մտնել նման ավանտյուրայի մեջ: Եվ սա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը չէ, այլ պարտադրված է, ինչքան էլ հակառակը փորձեն ներկայացնել»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ հենց դեկտեմբերի 30-31-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կստորագրվի ԼՂՀ հարցի վերաբերյալ համաձայնագիր, կամ այդ օրերին կհրապարակվի արդեն իսկ ստորագրված փաստաթուղթը: Նրա համոզմամբ, արձանագրությունների ստորագրման օրը Ցյուրիխում Դավութօղլուն իր բանավոր ելույթում պատրաստվում է հայտարարել, որ ղարաբաղյան հարցում պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ: Մեր զրուցակիցը կարծում է, որ հայկական կողմը խնդրել է մինչեւ Նոր տարի հետաձգել նման հայտարարությունը. «Սա մարսենք, հետո մյուս թուղթը ստորագրենք: 13 օր էլ ժողովուրդը քեֆի մեջ է լինելու, հեռուստացույցով էլ միայն տաշի-տուշի կլինի՝ ոչ ոք ոտքի չի կանգնի՝ կանցնի-կգնա»: Նրա համոզմամբ, սակայն, 2010-ի մարտի 1-ին բողոքի մեծ ցույց կլինի, եւ ժողովուրդը նորից ոտքի կկանգնի Ղարաբաղի համար: