Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է: Առաջին անգամ այն նշվել է 1941 թ. Լոնդոնում՝ Միջազգային ուսանողական խորհրդի կողմից: Հետագայում այդ ավանդույթը շարունակեց Միջազգային ուսանողների միությունը եւ, ուսանողական այլ միությունների հետ համագործակցելով, փորձեց նպաստել, որ տոնն ընդգրկվի Միացյալ ազգերի կազմակերպության պաշտոնական արարողությունների ցանկում: Այս տարի ուսանողների օրը նշվեց 70-րդ անգամ: Հայաստանում եւս նշվեց ուսանողների օրը: Հայաստանի ուսանողական ֆորումը միջոցառումների շարք էր նախատեսել: Ֆորումի նախագահ Վարդգես Հովեյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ, ի տարբերություն արտասահմանյան երկրների՝ Հայաստանում առանձնապես մեծ ոգեւորությամբ եւ աշխուժությամբ չեն նշում ուսանողի օրը. «Մենք էլ, տեսնելով այդ բացը, որոշեցինք այս տարի առանձնահատուկ տոնել եւ փորձելու ենք ավանդական դարձնել այս տոնակատարությունը»: Ուսանողների համար Տիկնիկային թատրոնում կազմակերպվել էր ռոք փառատոն, որի ընթացքում հանդես եկան «Dorians», «Stryfe», «Hunters», «Another Story», «Road Movie» ռոք խմբերը:
«Hunters» խմբի վոկալիստ Վազգեն Հարությունյանի համոզմամբ, թեեւ հայկական ռոքը վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում է, այնուամենայնիվ, դեռ ներկայանալու խնդիր ունի. «Առաջնային խնդիրը ֆինանսական հնարավորությունների բացակայությունն է, նույնիսկ մեծ ցանկության դեպքում մարդիկ հնարավորություն չեն ունենում այդ ոլորտում գործելու, որովհետեւ գոյատեւելու խնդիր կա, ինչը շատերին ստիպում է այլ գործով զբաղվել»: «Another Story» խմբի վոկալիստ Արմեն Սարգսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ռոք երաժշտությամբ հետաքրքրվողների թիվը տարեցտարի աճում է, ինչը ոգեւորում է իրենց խմբին՝ նոր ստեղծագործություններով հանդես գալ: Պարոն Սարգսյանը նկատեց նաեւ, որ արտասահմանցիներին հայկական ռոքի ներկայացնելու խնդիրն էլ պայմանավորված է անհավասար պայմաններով. «Հավասարություն չկա, եթերում այսօր քիչ են ցուցադրում հայկական ռոք կատարումներ, ռոք խմբերը իրենց նոր ստեղծագործությունները ցուցադրելու սահմանափակ հնարավորություններ ունեն»: