Արա Շիրազի արվեստանոցում
Ձեռքի մի քանի հարված, ու կավը շունչ է առնում, դառնում քանդակ՝ արվեստի գործ… Բարձրահարկ շենքի մութ ու խոնավ ներքնահարկում քանդակագործ Արա Շիրազի արվեստանոցն է: Վարպետը ընդունեց մեզ մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ, ներկայացրեց իր քանդակները եւ մանրամասն պատմեց յուրաքանչյուրի պատմությունը:
Արվեստանոցը մի խուլ, երկու փոքրիկ սենյակներից կազմված բնակարան է: Ներքնահարկում գտնվելու պատճառով լի է խոնավությամբ ու սառնությամբ:
Բայց սառնությունը չի զգացվում, երբ դիտում ես նրա քանդակները: Դրանք տարբեր են, սակայն բոլորին միավորում է վարպետի շունչը, ձեռագիրը:
Մեծություններ, մարդիկ, ովքեր ապրել, ստեղծագործել, հորինել եւ նորից ապրել էին ու մահացել, հիմա հայտնվել են նույն սենյակում. մեծություններ, ովքեր, գուցե, չէին ճանաչել իրար իրական կյանքում, հիմա բնակվում են Արա Շիրազի հյուրընկալ արվեստանոցում:
Ահա Մհեր Մկրտչյանի տխուր կերպարը՝ արցունքն աչքերին: Թվում է՝ զրույց է անում: Հայոց լեռներում ապրող ազատատենչ «Արծիվ» քանդակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում ուժը, քանդակագործի խոսքերով՝ դաժան փորձությունների ենթարկված, բայց զուլալ երկնքին միտված հայ ոգու նկարագիրն է: Քանդակագործի ակնառու տաղանդի վկայությունն է նաեւ վաղամեռիկ տաղանդավոր բանաստեղծ եղբոր՝ Սիփանի հիշատակին նվիրված քանդակը, որն ունի անսովոր կառուցվածք՝ բայց հարուստ ներքին բովանդակություն: Հուզիչ են քանդակի վրա նշված՝ «Ո՜ւր ես, ո՜ւր» խոսքերը, որոնք ասես բողոք են՝ առ Աստված:
Ծանրակշիռ է քանդակագործության ասպարեզում Արա Շիրազի վաստակը՝ հուշարձաններ, մահարձաններ, պատկերաքանդակներ: Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի, Զորավար Անդրանիկի եւ մյուսների հուշարձանները, արվեստի նվաճում լինելուց զատ, մեր ժողովրդի ազգային ոգու մարմնավորումներն են: Ժայռեղեն բեկորին ձուլված Պարույր Սեւակի ոգեշունչ կերպարը եւ ահագնացող բոթ ավետող զանգի առկայությունը դիտողին է հանձնում գրողի գիրքը՝ ավանդելով նրան գրի հանդեպ անսահման սեր, հավատ, նվիրում:
Արա Շիրազի քանդակների աշխարհը զարմանալիորեն ուրախ է ու տխուր, ջերմ ու սառը: Բոլոր քանդակները շնչում են բարությամբ եւ, որ ամենակարեւորն է, ինքնատիպ են: Խաղաղություն եւ հանգստություն է հորդում նրա բոլոր գործերից. ասես հոսող մեղեդի եւ կյանքի գունեղ բանաստեղծություններ լինեն: Դժվար է հրաժեշտ տալ քանդակներին, որոնց հետ խոսում եւ զրույց էինք անում, իսկ քանդակները նայում էին մեզ՝ կարծես ասելով՝ մի՛ հեռացեք, հիշե՛ք մեզ…