Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈԴԵԼԻ ՄԱՐՄՆԱՎՈՐԵԼՈՎ ՔԱՅԼԵԼԸ ՍԽԱԼ Է

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Իսկ ոտքի թաթերը ներս դնելով քայլելը՝ վնասակար

«Ատեքս» նորաձեւության կենտրոնի գեղարվեստական ղեկավար, խորեոգրաֆ-բեմադրիչ Միքայել Դանիելյանը մտահոգված է հայ երիտասարդության սխալ քայլվածքով, կեցվածքով: Նրա ձեւակերպմամբ, մեծամասնությունը սխալ է քայլում, իսկ երբեմն էլ՝ շատ տգեղ. «Սխալ քայլքը նախ վնասակար է առողջությանը, այն կարող է մեծ խնդիրներ առաջացնել երիտասարդների համար: Քայլվածքին պետք է հետեւել դեռ մանկուց՝ 5-6 տարեկանից, երբ արդեն կազմավորվում է փոքրիկի կառուցվածքը: Եթե այդ ժամանակվանից այս առումով չհետեւել փոքրիկին, ապա հետագայում նա կարող է ողնաշարի հետ կապված խնդիրներ ունենալ, ինչն էլ կարող է գլուխ բարձրացնել հատկապես 13-14 տարեկան հասակում: Հետեւաբար, այդ շրջանում առավել եւս պետք է մեծ ուշադրություն դարձնել կեցվածքին, քայլքին»:
Իսկ թե ո՞րն է գեղեցիկ քայլելու գաղտնիքը, Մ. Դանիելյանն ասաց. «Մեզ մոտ ընդունված է, երբ աղջիկն արդեն 9-10-րդ դասարանցի է դառնում, ծնողները ստիպում են կամ հենց աղջիկներն են սկսում կրել բարձրակրունկ կոշիկներ, որ, իրենց համոզմամբ, գեղեցիկ եւ հետաքրքիր երեւան: Բայց դա սխալ է: Բարձրակրունկ կոշիկ կրելուց առաջ, յուրաքանչյուր աղջիկ եւ կին պետք է իմանա մի քանի պայման. նախ չի կարելի է առաջին իսկ օրվանից, միանգամից սկսել պարբերաբար կրել բարձրակրունկ կոշիկներ: Ոտքերը պետք է աստիճանաբար վարժեցնել բարձրակրունկներին: Իսկ քայլելիս անպայման ծունկը պետք է ձգված պահել: Հայ աղջիկների 80 տոկոսի մոտ բարձրակրունկների վրա քայլելիս ծնկները ծալված են, ինչը հետագայում բազմաթիվ խնդիրներ է առաջ բերում: Բացի այդ, հայուհիների մեծամասնությունը քայլը դնում է կրունկից: Դա սխալ է, որովհետեւ այդկերպ քայլքը կնպաստի կրունկների կոտրվածքին»:
Խորեոգրաֆը նաեւ շեշտեց, որ բարձրակրունկներ կրելուց առաջ պետք է հետեւյալն անել. սկզբից կրել կես ժամ, հետո մեկ, հաջորդ օրը մի քիչ ավելի երկար ժամանակ հագնել… Դրանից հետո պետք է կոշիկները հանել, ոտքերը գոլ ջրով լվանալ, պառկել պատին մոտ, բարձրացնել ոտքերը պատին եւ ձգել, որպեսզի արյունն ավելի լավ շրջանառվի եւ երակների լայնացում, տրոմբ ու ոտքի հետ կապված այլ խնդիրներ չառաջանան:
Մ. Դանիելյանը խոսեց նաեւ շատ տարածված ծուռթաթության խնդրի մասին. «Դա այն է, երբ մարդիկ քայլում են կոշիկի քթերը ներս դնելով. մեր ազգը դրանով է տառապում: Սա ամենասխալ քայլքի ձեւն է: Իրականում քայլելիս ուտքերը դեռ մի փոքր էլ դուրս պետք է դնել: Հենց ոտքի թաթերի ներս դնելու պատճառով է, որ շատ կանայք 40-50 տարեկանում ունենում են մեջքի ուժեղ ցավեր, չգիտակցելով, որ պատճառը քայլելիս ոտքերի սխալ դիրքն է եղել: Քայլելու ընթացքում եթե ոտքը ներս ես դնում, ապա նստատեղի երկու ոսկորները՝ դիսկերը, տարիների ընթացքում կամաց-կամաց հեռանում են իրարից, ապա կոնքներն ավելի են դուրս գալիս, ողնաշարի հետ կապված խնդիրներ են առաջանում եւ այլն»:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, հայերը փողոցում փորձում են մոդելի պես քայլել: Բայց մոդելի քայլքը շատ է տարբերվում սովորականից, որովհետեւ նրա քայլքը դեֆիլեն է եւ առօրյայում օգտագործելը սխալ է. «Դեֆիլեն կոչվում է քայլվածք բեմում, այն ունի հատուկ տեխնիկա՝ կոնքերի աշխատանք: Այստեղ տեխնիկան մեծ դեր ունի, քայլելիս մեծ ուշադրություն է դարձվում ձեռքերի աշխատանքին, դրանք իրավունք չունեն դեպի ետ, ներս գնան, ձեռքը շարժվելիս պետք է ուղիղ լինի, մատները պետք է թեթեւակի քսվեն կոնքերին: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս կարելի է այսկերպ քայլել փողոցում»:
Մ. Դանիելյանի խոսքերով, ճիշտ քայլելու համար պետք է ուղղել կեցվածքը. քայլել փորը ներս քաշելով եւ նստատեղը առաջ տալով: Ուսերը ոչ մի դեպքում չպետք է լարել եւ արհեստական ետ տանել. «Քայլելիս փորը միշտ պետք է ձգված լինի: Այդ դեպքում մենք կունենանք իդեալական կեցվածք: Թե աղջիկների, թե տղաների մոտ խնդիր կա նաեւ պարանոցի հատվածում՝ երիտասարդները քայլելիս վիզը առաջ են պահում: Իրականում գլուխը պետք է բարձրացնել վերեւ եւ վիզը տանել ետ»:
Ըստ մասնագետի խորհուրդների՝ եթե ցանկանում ես ճիշտ քայլել, ապա ցանկալի է ամեն օր 3 անգամ 3-ական րոպե կանգնել պատի մոտ՝ կրունկները, նստատեղը եւ թիկունքը պատին հենած, ձեռքերը բարձր պահած: Եվ եթե դա շարունակական լինի եւ մեկ-երկու ամիս պարբերաբար կրկնվի, ապա կեցվածքը կուղղվի, եւ մարդը ճիշտ քայլվածք ձեռք կբերի:
Իսկ ինչ վերաբերում է ցածրակրունկ, տափակ կոշիկներին, ապա այս մասով էլ մեր զրուցակիցն ասաց, որ դրանց վրա քայլերը վնասակար չէ, քանի որ սկզբից դրվում է թաթը, հետո նոր կրունկը:
Մասնագետը նաեւ մի քիչ դժգոհեց. «Հիմա մեր երիտասարդները քայլելիս նստատեղը դուրս են գցում: Չեմ հասկանում, թե ո՞վ է ասել, որ այդպես քայլելը նորաձեւ է, ո՞ւմ են ուզում ինչ-որ բան ցույց տալ: Շատ տգեղ է, երբ մարդն այդպես է քայլում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել