Լրահոս
Օրվա լրահոսը

Գոլբոլը գեղեցիկ, տղամարդկային խաղ է

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Երեկ «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց գոլբոլի ՀՀ անդրանիկ առաջնությունը, որին մասնակցեց 6 թիմ

Թիմերում ընդգրկված են բացառապես տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ եւ քանի որ մասնակիցների տեսողական խնդիրները տարբեր աստիճանի են, խաղից առաջ մրցողների աչքերը կապվեցին, որպեսզի հավասար պայմաններով հանդես գան: Յուրաքանչյուր թիմից խաղում է երեք հոգի: Խաղի նպատակը մրցակցի դարպասը գրավելն է: Իսկ մասնակիցները գնդակի շարժումը զգում են դրա մեջ տեղադրված զանգակի ձայնով: Բացարձակ լռությունը պարտադիր պայման է, քանի որ մարզիկների ամբողջ հույսը լսողական օրգաններն են: Մինչ այս առաջնությունը, թիմերը մարզվել են Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դահլիճում՝ հատուկ մասնագետների օգնությամբ:
Առաջինը մրցեցին Աբովյան քաղաքի «Առյուծներ» եւ Ստեփանակերտի «Փոթորիկ» թիմերը: Խաղի առաջին կեսում ստեփանակերտցիներն առջեւում էին, սակայն «Առյուծները» շուտով ոչ միայն վերականգնեցին հավասարակշռությունը, այլեւ վերջնական հաղթանակ տարան՝ 17:14 հաշվով: Խաղի ընթացքում թե վարողը, թե մասնակիցները պարբերաբար հյուրերին խնդրում էին լռություն պահպանել:
«Փոթորիկ» թիմի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենք քիչ էին պարապել, ընդամենը 1 ամիս, եւ դա էր պատճառը, որ չկարողացան հաղթանակի հասնել: Թիմի անդամները սովորում են Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում եւ նշեցին, որ հաշմանդամների համար նման մրցաշարերը կարեւոր են. «Նման պարապմունքներով մեր առողջականն ենք կոփում, բացի այդ, նոր ընկերներ ենք ձեռք բերում»:
«Առյուծներից»՝ Զալիբեկ Ավետիսյանի խոսքերով. «Այս մրցումները մեզ համար շատ թանկ են, առաջին անգամ ենք մասնակցում: Ճիշտ է, այսպիսի մրցումներ միշտ եղել են, բայց՝ տեսնողների համար: Այս մեկն արդեն տարբերվում է մյուսներից: Մեզ շատ լավ ենք զգում այս մրցումներից ու պարապմունքներից հետո»:
Էջմիածնի «Կայծակ» թիմն էլ հաղթեց Երեւանի «Արծիվներին»՝ 13:10:
«Կայծակի» հաղթանակը մեծամասամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս թիմի կազմում կային գոլբոլի Խորհրդային միության չեմպիոններ: Օրինակ՝ Արամայիս Սիմոնյանը դեռեւս 1984 թվականից մասնակցել է գոլբոլի մրցումների. «Մոտ 20 տարի ընդմիջում էինք տվել, բայց լավ է, որ կրկին վերականգնվում է այս սպորտաձեւը: Այնուամենայնիվ, առայժմ անտեսված են հաշմանդամները եւ նման հավաքներ քիչ են լինում: Թե խաղից հետո ինչ առաջընթաց կլինի՝ չեմ կարող ասել: Կարծում եմ, գեղեցիկ, տղամարդկային խաղ է»:
«Կայծակին» պարտված «Արծիվներ» թիմի անդամ Սիփան Ասատրյանի կարծիքով, այս մրցաշարում կարեւորը մասնակցությունն էր, ոչ թե հաղթանակը. «Ճիշտ է, իմ թիմը պարտվեց ընդամենը 2 գնդակի տարբերությամբ, բայց մենք գոհ ենք՝ հաշվի առնելով, որ մեր հակառակորդը բավականին փորձառու է: Ինձ աղմուկը շատ էր խանգարում. 2-3 գնդակ բաց եմ թողել հենց աղմուկի պատճառով»: Ս. Ասատրյանի խոսքերով, մրցումներից հետո՝ տեսողական խնդիրներ ունեցող մարզիկները թե հոգեբանական եւ թե ֆիզիկական փոփոխություն են զգում. «Ինքնուրույնություն ենք ձեռք բերում, առողջ ապրելակերպ ենք վարում, ոչ թե նստակյաց կյանք: Մենք պետք է սովորեցնենք հասարակությանը՝ ինչպես պետք է վերաբերվեն հաշմանդամներին»:
«Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության ղեկավար Արման Մուշեղյանի խոսքերով՝ դժվար էր թիմ հավաքել, քանի որ տեսողական խնդիրներով մարդիկ մեկուսացած են ապրում: Հ/կ-ն Աբովյանի «Առյուծներ» թիմի կազմակերպիչն է:
Երեկ կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ:
Առաջին ենթախումբ.
. «Առյուծներ» – «Նիկա»՝ 14:10, «Փոթորիկ» -«Նիկա»՝ 10:11:
2 –րդ ենթախումբ.
«Կայծակ» -«Շիրակ»՝ 17:3,
«Արծիվներ»- «Շիրակ» 15:9:
Այսօր հաղթողի կոչումը վիճարկելու են «Արծիվներ», «Նիկա», «Առյուծներ», «Կայծակ» թիմերը, իսկ «Շիրակն» ու «Փոթորիկը» կմրցեն 5-6 տեղերի համար:
Նշենք, որ գոլբոլի Հայաստանի առաջնության աջակիցներն են՝ ԵՄ-ն, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, «Promo Lend»-ը, «Union» ՍՊԸ-ն, «Սենատոր» խաղատունը, «panorama.am» եւ «aysor.am» էլեկտրոնային լրատվամիջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել