Մոսկվայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Առաջին օրն անցկացված 14 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է դասական շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը չկրելով եւ ոչ մի պարտություն, 12,0 միավորով ստանձնել է առաջատարի դերը: Նրանից երկու միավոր պակաս է վաստակել նորվեգացի Մագնուս Կարլսենը: Իսկ ահա երրորդ տեղում ինչ-որ չափով անակնկալ հայտնվել է շախմատի վետերան, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, որը վերջին ամիսներին է վերադարձել ակտիվ շախմատ:
Արոնյանը (այս տարի նա Մայնցում դարձել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն) իր անվան դիմաց գրանցել է 7,5 միավոր եւ 22 մասնակիցների մեջ 10-րդն է:
Չնայած Լեւոնը Միխայիլ Տալի հուշամրցաշարի միջնամասում հիվանդացել էր ու այդ պատճառով իր իսկական հնարավորություններից ցածր հանդես եկել, նա «կայծակնայինում» պարտության մատնեց Դմիտրի Յակովենկոյին (Ռուսաստան), Պետեր Լեկոյին (Հունգարիա), Վլադիսլավ Տկաչովին (Ֆրանսիա), Բորիս Գելֆանդին (Իսրայել), Շախրիյար Մամեդյարովին (Ադրբեջան), Ալեքանդրա Կոստենյուկին (Ռուսաստան), միավորը բաժանեց ադրբեջանցի Վուգար Գաշիմովի, ռուսաստանցի Եվգենի Բարեեւի, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ եւ պարտվեց Վլադիմիր Կրամնիկին, Ալեքսանդր Մորոզեւիչին, Պյոտր Սվիդլերին, Ալեքսանդր Գրիշչուկին (բոլորն էլ՝ Ռուսաստան), Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա):
Երեկ աշխարհի առաջնության երկրորդ տուրի օրն էր: