Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԴԵՄ

Նոյեմբեր 18,2009 00:00

Կամերային նվագախմբի երաժիշտների համոզմամբ՝ Արամ Ղարաբեկյանն իրենց նվաստացնում է

Տարիներ շարունակ աշխարհի լավագույն բեմերում փայլող Հայաստանի պետական կամերային նվագախմբում (ՀՊԿՆ) ներկայումս լարված մթնոլորտ է տիրում: Կոլեկտիվի 23 անդամից 19-ը գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանից իր դժգոհությունները փոխանցելու նպատակով եղել է ՀՀ մշակույթի նախարարի մոտ, երաժիշտներից 17-ի ստորագրությամբ էլ Հասմիկ Պողոսյանին նամակ է ուղարկվել:
Կամերայինի երաժիշտները որոշ բաներ նաեւ «Առավոտին» պատմեցին, դժգոհելով, որ իրենց կարծիքը երբեք հաշվի չի առնվում, պարոն Ղարաբեկյանն էլ «յուրային» է համարում միայն նվագախմբի կոնցերտմայստեր Թամարա Պետրոսյանին ու ավագ երաժիշտ Աննա Բաղդասարյանին:
Երաժիշտները փաստեցին, որ իրենց հետ տարիներ շարունակ 3-ամսյա աշխատանքային պայմանագիր է կնքվել, ինչի պատճառով մշտապես կախման մեջ են եղել գեղարվեստական ղեկավարից: Նրանց պատմելով՝ մաեստրոն այս տարվա սեպտեմբերին նույնիսկ մեկամսյա պայմանագիր է փորձել կնքել, սակայն կոլեկտիվը ընդդիմացել է, ապացուցել, որ դա, ինչպես նախորդ տարիներին կքնվածները օրենքի խախտում են, իրենց պարագայում պայմանագրերը պիտի անժամկետ լինեն: Երաժիշտների դժգոհության հաջորդ առիթը դեկտեմբերի 10, 11, 12-ին անցկացվելիք որակավորման քննություններն են, որտեղ մաեստրոն յուրքանչյուրից պահանջում է սոլո ծրագրով հանդես գալ: «Չէ՞ որ որակավորման քննությունը պիտի անցկացվի այն սահմաններում, որի մեջ աշխատում է երաժիշտը: Մենք կամերային նվագախումբ ենք եւ գոնե կվարտետով պիտի նվագենք, անսամբլի զգացողություն պիտի լինի… Մեր ոչ մի փաստարկ չի ընդունում Ղարաբեկյանը, ասում է, որ ինքն է ամեն ինչ որոշողը»,- «Առավոտին» հայտնեցին երաժիշտները: Հավելեցին նաեւ, որ Ա. Ղարաբեկյանը կարող է ցանկացած առիթով մարդուն նսեմացնել, զրկել հասանելիք հովանավորչական գումարներից, ազատել աշխատանքից, ինչպես դա արվել է նախկին ադմինիստրատորի, «Գրին քարդ» շահած երաժշտի եւ այլոց պարագայում: ՀՊԿՆ-ի երաժիշտների փոխանցմամբ, տարիներ շարունակ չի գործել 2003թ. կանոնադրությամբ սահմանված գեղարվեստական խորհուրդը եւ երբ պահանջել են այն իրականացնի իր լիազորությունները, որոնցից մեկն էլ իբրեւ «զսպաշապիկ» լինելն է ու միանձնյա որոշումներ կայացնելուն խոչընդոտելը, մեկ էլ՝ կանոնադրական փոփոխություն է կատարվել: Եվ եթե նախկինում, բացի գեղարվեստական ղեկավարից, գեղխորհրդի կազմում էին նաեւ կոնցերտմայստերները, այժմ այնտեղ նվագախմբից հայտնվել են Թամարա Պետրոսյանն ու Աննա Բաղդասարյանը եւ՝ լարային գործիքի ոչ մի անվանի մասնագետ: «Պարոն Ղարաբեկյանը որոշել է, որ որակավորման քննությունների ժամանակ բոլորը պիտի նվագեն, իսկ Թամարա Պետրոսյանը՝ ոչ: Ինչ վերաբերում է Աննային, բոլորս գիտենք, թե ինչ թույլ երաժիշտ է եւ այն դեմքը չէ, որ լինի գեղխորհրդի կազմում»,- ասաց երաժիշտներից մեկը:
Կամերայինի երաժիշտների համոզմամբ, Ա. Ղարաբեկյանի կազմած ստեղծագործական կազմի մասնագիտական որակավորման քննության գնահատման թերթիկն ուղղակի թյուրիմացություն է, եւ «խփում» է Երեւանի մեծահամբավ պետկոնսերվատորիայի վարկին, որի կադրերն են իրենք: «Այդ թերթիկով կարելի է քննել 6 տարեկան երեխային, բայց ոչ, դիցուք, կոնսերվատորիայի ասպիրանտուրան ավարտածին»,- կարծիք հայտնեց մեր մյուս զրուցակից երաժիշտը:
«Առավոտը» պարզաբանումներ խնդրեց նաեւ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր եւ մարտ ամսից նաեւ տնօրենի պարտականությունները ստանձնած Արամ Ղարաբեկյանից: Մաեստրոն ի սկզբանե ասաց, որ չի ուզում լինել ասեկոսային հարթության վրա, վերացական է համարում անառողջ մթնոլոտ հասկացությունը, միաժամանակ հավելելով, թե արտասովոր ոչինչ չկա, եթե որեւէ կոլեկտիվում տարաձայնություններ են լինում. «Ուղղակի ամեն տարաձայնություն իր լուծման քաղաքակիրթ ձեւն ունի»: Նա փաստեց, որ 12 տարիներին, երբ ինքը ղեկավարել է նվագախումբը, «վերջինս աճ է գրանցել բարձր պրոֆեսիոնալիզմի, բարձր կարգապահության, տքնաջան աշխատանքի, պահանջների նժարը բարձրացնելու շնորհիվ: Այսինքն, այն, ինչ երեկ մեզ բավարարում էր, այսօր կարող է չբավարարել»: Դառնալով երաժիշտների այն մեղադրանքին, թե անհարկի պատճառներով հովանավորչական գումարները կրճատվում են, Ա. Ղարաբեկյանը հայտնեց, որ չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամին, իրենք մեծածավալ գործունեությամբ են հանդես եկել, եւ յուրաքանչյուր երաժիշտ հավելյալ վարձատրվել է ոչ միայն մարտի 31-ից հունիսի 1-ը մարզերում անցկացված 9 համերգից, այլեւ «Բաց երաժշտություն» փառատոնի շրջանակներում կայացած 13 համերգից: Ասաց նաեւ, որ 3-ամսյա պայմանագրեր կնքվել են նախկինում եւս, երբ ինքը չէր տնօրենը, ու մարտից ստանձնելով տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները, ինքը նույնիսկ փորձել է շտկել բազմաթիվ լոկալ խնդիրներ, այդ թվում՝ նշվածը:
Նրա խոսքով, որակավորման քննություն ասվածն էլ նոր չէ, ուղղակի նախկինում ներքին ունկնդրում է կոչվել եւ իրականացվել տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ սոլո: Մաեստրոյի ասելով, ուղղակի հիմա ամեն ինչ ավելի «օրինականացվել» է. մշակույթի նախարարի հրամանով՝ այդ գերատեսչության ենթակայությամբ գործող բոլոր կազմերը պիտի նման քննություն հանձնեն, հանձնաժողովի կազմը դեռ պարզ չէ, Թամարա Պետրոսյանն էլ, ըստ նրա, չի մասնակցելու որակավորման քննություններին, որովհետեւ իբրեւ կոնցերտմայստեր հատուկ դիրք ունի ու այլ չափանիշներով է քննվելու: Գեղարվեստական ղեկավարի փոխանցմամբ, գեղխորհրդի կազմն էլ փոխվել է, որովհետեւ այլեւս ժամանակավրեպ էր եւ խորհրդային ժամանակների մնացուկ: Թերթիկն էլ, նրա գնահատմամբ, ամենեւին ծիծաղելի չէ. «որովհետեւ ամեն ինչ պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դրված եւ հստակեցված է»:
ՀՊԿՆ-ի արդեն նախկին տնօրեն Արմեն Արաբյանը եռամսյա պայմանագրերի «մասով» մեզ փոխանցեց, որ ճիշտ է, դրանք ի պաշտոնե որպես տնօրեն ինքն է կնքել ժամանակին, բայց ամեն ինչ արվել է Ղարաբեկյանի ստիպողությամբ, եւ հետո վստահ է եղել, որ դրանով երաժիշտներից որեւէ մեկի շահին ոչինչ չի սպառնա:

Հ. Գ. Մշակույթի նախարարության տեսակետը ճշտել չհաջողվեց. առաջին դեմքերը զբաղված էին միջպետական մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի պատվիրակության ընդունելությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել