Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանը շարունակում է իրենը պնդել

Նոյեմբեր 18,2009 00:00

\"\"Իրանը որոշել է արհամարհել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, որում նշված է, որ Թեհրանը անպատասխան է թողել Կում քաղաքում տեղակայված միջուկային օբյեկտին առնչվող իր բազմաթիվ հարցադրումները:
ՄԱԳԱՏԷ-ն պահանջում է, որ Իրանը բացատրություններ տա, թե ինչ նպատակով է ստեղծվել այդ օբյեկտը: Բայց միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասքար Սոլթանին ասել է, թե զեկույցը ընդամենը «կրկնությունն» է նախկինում ՄԱԳԱՏԷ-ի արած հայտարարությունների, որոնց պատասխանը Թեհրանն արդեն վաղուց տվել է՝ ներկայացնելով օբյեկտին վերաբերող ողջ տեղեկատվությունը: Այն բանից հետո, երբ հոկտեմբերին Իրանը ՄԱԿ-ի փորձագետներին թույլ էր տվել մտնել Կում, ՄԱԳԱՏԷ-ն իր հաշվետվության մեջ նշել էր, որ ուրանի հարստացման երկրորդ գործարանի գոյության մասին Թեհրանի ուշացած խոստովանությունը թույլ է տալիս կասկած հայտնելու, որ այդ երկրում կան նաեւ այլ գաղտնի օբյեկտներ: Իրանը շարունակում է հերքել արեւմտյան մի շարք երկրների կասկածները, թե Թեհրանը միջուկային զենք է մշակում: Թեհրանը փորձում է հավաստիացնել, որ իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ նպատակներ են հետապնդում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների ասելով, Իրանը նախկինի պես հրաժարվում է ամբողջությամբ կատարել միջուկային ծրագրին վերաբերող իր միջազգային պարտավորությունները: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Օբաման Իրանի նկատմամբ կիրառվող եւ ամեն տարի երկարացվող տնտեսական պատժամիջոցները եւս մեկ տարով երկարաձգելու որոշում է ընդունել: Իսկ Ռուսաստանը, որը իրանական Բուշեր (նկարում) քաղաքում ատոմակայանի հիմնական կառուցողն է, հայտարարել է, թե տեխնիկական պատճառներով օբյեկտը նախատեսված ժամկետում՝ մինչեւ 2009թ. վերջը, շահագործման չի հանձնվի: «BBC»-ի փոխանցմամբ, Մոսկվայում ԱԷԿ-ի շահագործման հետաձգումը պատճառաբանել են նրանով, որ Ռուսաստանը հիասթափված է միջազգային հանրության առաջարկները Իրանի կողմից մերժելու փաստից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել